Ինչու՞ ձախողվեց հայ-արաբական «Ֆլայ Արնան». Կառավարության արձագանքն ու աշխատողների բացահայտումները
«Հայաստանի ավիացիայի ոլորտից ավելի շատ բացասական պատմություններ գիտենք, քան դրական, եւ ժամանակն է եկել այդ շղթան կտրել»,- 2022 թ. հունիսի 10-ին «Ֆլայ Արնա» ավիաընկերության մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: Սրանից 649 օր անց՝ 2024 թ. մարտի 20-ին, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց. «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է… Մենք, ցավոք, այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:
Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան վարչապետին ուղղված մեր հարցերի, ոչ միայն չի կարողացել հստակ ապացույցներ ներկայացնել առ այն, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերության փակվելու պատճառը մրցակցությունը պարտվելն է, ինչպես հայտարարել էր Փաշինյանը ԱԺ-ում, այլեւ տվել է այնպիսի պատասխաններ, որոնցից հստակ է՝ ավիափոխադրողի հայկական ու արաբական հիմնադիրների միջեւ հակասություններ են ծագել, ինչն էլ հանգեցրել է համատեղ նախագծի դադարեցմանը:
«Հետքը» զրուցել է նաեւ «Ֆլայ Արնայի» 2 նախկին աշխատակիցների հետ, որոնք այս գարնանն իրենց մյուս գործընկերների հետ ազատվել են աշխատանքից:
Ըստ մեր զրուցակիցների, այն մասին, որ ավիափոխադրողի գործերը լավ չեն, իրենք առաջին անգամ իմացել են 2023 թ. նոյեմբերին, երբ «Ֆլայ Արնայի» գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսն աշխատակիցների շրջանում հայտարարել է ավիատոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Նախկին աշխատակիցների կարծիքով՝ սա ինչ-որ ուղերձ էր ՀՀ կառավարությանը «Ֆլայ Արնան» կառավարող «Air Arabia» ընկերության կողմից, որի ներկայացուցիչն էր Փրայսը («Air Arabia»-ն նաեւ հայկական օպերատորի 49 %-ի փաստացի սեփականատերն է):
Հիշեցնենք, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ «Ֆլայ Արնա») հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» ավիաընկերությանը փոխկապակցված «International Business Company (FZE)»-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:
2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, իսկ 2023-ի հոկտեմբերին բաժնետերերն այն դարձրին շուրջ 6,8 մլրդ դրամ:
Փրայսի՝ տոմսերի վաճառքը դադարեցնելու հայտարարությունից կարճ ժամանակ անց «Ժողովուրդ» թերթը գրեց, որ «Ֆլայ Արնայի» թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Դեկտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին փոխանցեց, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, եւ կարծիք հայտնեց, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։
Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշեց եւս 2 մլրդ դրամ ներդնել, ինչից հետո ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը դարձավ 8,8 մլրդ դրամ: Այս ֆոնին, ինչպես պատմում են նախկին աշխատակիցները, «Ֆլայ Արնայի» տոմսերի վաճառքը վերսկսվեց շատ կարճ ժամանակահատվածի համար (օրինակ՝ մարտ ամսվա տոմս հնարավոր չէր ձեռք բերել), իսկ արդեն հունվարին վաճառքը փակվեց վերջնականապես:
«Հետքը» «Ֆլայ Արնայի» շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մի շարք հարցեր էր ուղղել «Air Arabia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալիին, որը ոչ միայն արաբական ընկերության, այլեւ փաստացի «Ֆլայ Արնայի» թիվ մեկ գործադիր ղեկավարն էր: Այդուհանդերձ, մեր նամակն ու հարցերը մնացել են անարձագանք: Օրինակ՝ Ա. Ալիին հարցրել էինք, թե արդյոք 2023-ի աշնանը տոմսերի վաճառքի դադարեցումն արաբական կողմից իսկապես ուղերձ է եղել ՀՀ կառավարությանը, եւ որն էր բուն ասելիքը:
87 աշխատակցի գումարները չեն վճարվել
«Փրայսն ամեն անգամ ստանդարտ տեքստ էր ասում, որ ինքը պոզիտիվ է տրամադրված, ու ամեն ինչ լավ է լինելու,- հիշում է ավիաընկերության նախկին աշխատակիցներից մեկը,- հունվարին նամակ ստացանք, որ աշխատանքի ծավալն ընկել է, ու պիտի 50 տոկոս կրճատեն աշխատավարձերը, մինչեւ մարտից նորից կարգավորվի»: Ըստ «Հետքի» զրուցակիցների՝ իրենց գերակշիռ մասը համաձայնել է նոր պայմաններին: Նրանց նաեւ տեղեկացրել են, որ եթե ընկերությունը փակելու հարց ծագի, աշխատավարձը կրկին կդիտարկվի 100 տոկոսով:
Այդպես էլ եղել է. մարտի 19-ին «Ֆլայ Արնայի» աշխատողները Էնթոնի Փրայսի ստորագրությամբ ծանուցումներ են ստացել առ այն, որ մայիսի 19-ին իրենց աշխատանքային պայմանագրերը լուծվելու են: Այսինքն՝ մարտ ամսվա մի մասը, ապրիլ ու մայիս ամիսներին նրանք պետք է ստանային իրենց ամբողջական՝ 100-տոկոսանոց աշխատավարձերը, ինչպես նաեւ արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Մարտ ամսվա համար վճարվել են, սակայն ապրիլ-մայիս ամիսների աշխատավարձերն ու արձակման նպաստներն այդպես էլ չեն ստացել (փաստացի 3 ամսվա գումար):
Դեկտեմբերյան իր հայտարարության մեջ ԱՆԻՖ-ը նշել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ: Սակայն «Հետքի» զրուցակիցները պատմում են, որ իրենց գումարները չեն ստացել 87 հոգի: Բանն այն է, որ 2024 թ. տարեսկզբին, երբ արդեն դադարեցվել էին «Ֆլայ Արնայի» թռիչքները (վերջինը եղել է հունվարի 16-ին), «Air Arabia»-ն հայկական ընկերության աշխատակիցների մի մասին աշխատանքի է տեղափոխել ԱՄԷ: Դրանք հիմնականում եղել են օդաչուներն ու բորտ-ուղեկցորդները: Ադել Ալին, սակայն, չի պատասխանել «Հետքի» հարցին, թե «Ֆլայ Արնայից» քանի հոգի է գործի ընդունվել «Air Arabia»-ում: Մյուսները, որոնք մնացել են Հայաստանում, մարտից հետո փաստի առաջ են կանգնել:
Խնդիրը, ինչպես արդեն գրել ենք, տնօրենի բացակայությունն է. քանի դեռ չկա տնօրեն, չկա նրա ստորագրությունը, աշխատավարձեր չեն կարող վճարվել: Մեր զրուցակիցների տեղեկացմամբ՝ «Ֆլայ Արնայի» գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսն ապրիլի վերջերին արդեն Հայաստանում չէր: Մայիսի սկզբին աշխատողները նամակ են գրել «Air Arabia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալիին, որը, ինչպես ասվեց, փաստացի նաեւ «Ֆլայ Արնայի» թիվ մեկ գործադիր ղեկավարն էր: Բանն այն է, որ հայկական ընկերության աշխատակիցները ենթարկվել են ոչ միայն Փրայսին, այլեւ ամեն մեկն, ըստ իր բաժնի ու ծառայության, «Air Arabia»-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Հիշեցնենք՝ հայկական օպերատորն աշխատում էր իր կառավարիչ «Air Arabia»-ի բիզնես մոդելով, որը բյուջետային/լոուքոսթեր փոխադրող է:
Ադել Ալիին «Ֆլայ Արնայի» աշխատողները հարցրել են, թե երբ են վճարելու աշխատավարձերը: Նամակին պատասխանել է Էնթոնի Փրայսը՝ հայտնելով, թե իրենք ԱՆԻՖ-ին տեղեկացրել են, որ խզում են հայկական ավիաընկերության կառավարման պայմանագիրը, հետեւաբար աշխատողները պետք է դիմեն ԱՆԻՖ-ին:
«Մեզ գործի է ընդունել, հարցազրույց է վերցրել «Air Arabia»-ն, բայց հիմա ասում է՝ հարցերդ լուծեք ԱՆԻՖ-ի հետ»,- դառը ժպիտով ասում է հայկական ընկերությունում պատասխանատու պաշտոն զբաղեցրած նախկին աշխատակիցը:
«Ակնկալում ենք մեր աշխատանքի վարձատրությունը»
Այլ տարբերակ չունենալով՝ ավիաընկերության աշխատողները մայիսին գնացել են ԱՆԻՖ-ի գրասենյակ, հանդիպել տնօրենի պաշտոնակատար Տիգրան Ղազարյանին: Ըստ մեր զրուցակիցների՝ նա ասել է, թե ԱՆԻՖ-ի նիստ կանեն, կորոշեն տնօրենի թեկնածությունը, որի հաստատումից հետո կվճարեն թե՛ աշխատավարձերը, թե՛ ուշացումների հետեւանքով առաջացած տույժ-տուգանքները: «Ֆլայ Արնայի» աշխատողներին նաեւ ասել են, թե ԱՆԻՖ-ի համար անակնկալ է եղել կառավարումից «Air Arabia»-ի հրաժարվելը: Վերջինիս գլխավոր գործադիր տնօրեն Ալիին հարցրել էինք, թե ինչու է արաբական կողմը հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, եւ ինչը չի բավարարել «Air Arabia»-ին, բայց, ինչպես ասվեց, նամակն անարձագանք է մնացել:
Ավելի ուշ ԱՆԻՖ-ը՝ որպես համասեփականատեր, «Ֆլայ Արնայի» տնօրենի պաշտոնում «Air Arabia»-ին ներկայացրել է ավիաընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Կարապետյանի թեկնածությունը, սակայն արաբական կողմը մերժել է այն: «Հետքն» Ադել Ալիից փորձել է պարզել անհամաձայնության պատճառը, բայց պատասխան չենք ստացել, փոխարենը մեր զրուցակիցների պատմելով՝ ԱՆԻՖ-ից իրենց հայտնել են, որ «Air Arabia»-ն ցանկանում է լուծարման տանել «Ֆլայ Արնան», եւ արաբներին չի բավարարում աշխատավարձերի հարցը փակելու նպատակով տնօրեն նշանակելու տարբերակը:
Մայիսի վերջին նախկին աշխատողները երկրորդ նամակն են գրել Ա. Ալիին, որին պատասխանել է «Air Arabia»-ի իրավաբանական բաժնի ղեկավարը: Վերջինս հայտնել է, որ «Ֆլայ Արնան» անվճարունակ է եւ չունի ղեկավարող թիմ կամ տնօրեն: Միաժամանակ նշել է, որ հայկական ավիաընկերության անմիջական սեփականատերերը՝ արաբական «International Business Company (FZE)»-ն եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել է, թե սա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:
Ձախից աջ՝ ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյան, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Air Arabia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալի, «Ֆլայ Արնայի» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայս, 10.06.2022
3 անգամ ԱՆԻՖ այցելելուց բացի՝ նախկին աշխատողները գնացել են նաեւ Էկոնոմիկայի նախարարություն, որի ենթակայությամբ էր գործում պետական ֆոնդը մինչեւ վերջերս, պատահաբար հանդիպել են փոխնախարար Նարեկ Տերյանին, որն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Տերյանը, ըստ մեր զրուցակիցների, խոստացել է, որ կզանգահարեն իրենց, բայց այդպես էլ արձագանք չի եղել: Նկատենք, որ մայիսի 23-ին Կառավարությունը որոշել է ԱՆԻՖ-ի 100 % պետական բաժնեմասի կառավարումը վերցնել ԷՆ-ից ու հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին: Ըստ Կառավարության որոշման հիմնավորման՝ ներկայում ընթանում են ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ:
«Ֆլայ Արնայի» աշխատողները մայիսի 17-ին նաեւ առցանց հանդիպում են ունեցել նախկին ղեկավար Էնթոնի Փրայսի հետ, որը նշել է, թե հասկանում է նրանց մտահոգությունը, բայց ոչ մի առարկայական բան չի ասել: «Հետքի» զրուցակիցները պատմում են, որ մինչ այդ կայացած տարբեր հանդիպումների ժամանակ Փրայսն իրենց հորդորել է անհոգ մնալ, քանի որ մինչեւ վերջին դրամը ստանալու են:
«Մենք կատարել ենք մեր պարտականությունները ու, բնականաբար, ակնկալում ենք մեր աշխատանքի վարձատրությունը»,- նշում է «Հետքի» զրուցակիցներից մեկը, որը հիմա աշխատում է մեկ այլ հայկական ավիաընկերությունում:
Մեզ դիմած նախկին աշխատակիցներից մեկին «Ֆլայ Արնան» պարտք է 3,5-4 մլն դրամ, մյուսին՝ ավելի քան 2 մլն դրամ:
Կառավարության համար «Air Arabia»-ի առաջարկներն ընդունելի չեն եղել
Քանի որ մարտի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Ֆլայ Արնայի»՝ մրցակցությանը չդիմանալու մասին, նրան հարցրել էինք, թե ինչ են արել ավիաընկերության հիմնադիրները, այդ թվում՝ հայկական կողմը (ԱՆԻՖ, Էկոնոմիկայի նախարարություն, Կառավարություն), որ փոխադրողը դառնա ավելի մրցունակ եւ հաղթահարի ստեղծված իրավիճակը:
Մեր հարցերին պատասխանած ԷՆ-ն նշել է, թե հայկական կողմը մշտապես բանակցել է «Ֆլայ Արնայի» կառավարումն իրականացնող «Air Arabia»-ի հետ, որպեսզի հայկական ավիաընկերությունն առավել մրցակցային դարձնելու առաջարկներ ներկայացվեն: Ըստ ԷՆ-ի՝ «Air Arabia»-ի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվել են յուրաքանչյուր տարվա համար լրացուցիչ ֆինանսավորման առաջարկներ, որոնք հայկական կողմի համար ընդունելի չեն եղել՝ պայմանավորված առաջարկների չհիմնավորված լինելու եւ ֆինանսավորման ժամկետների հստակ չլինելու հանգամանքով:
Պաշտոնական այս պատասխանը կարող ենք վերաձեւակերպել մոտավորապես այսպես՝ արաբներն անընդհատ լրացուցիչ փող էին ուզում, մենք էլ, ի վերջո, մերժեցինք, որովհետեւ չէին հիմնավորում: Ադել Ալին չի արձագանքել «Հետքի» խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ կառավարության վերոնշյալ հայտարարությունը:
Անցյալ տարի հայկական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Ֆլայ Արնայի» ձախողման իրական պատճառն ԱՆԻՖ-ի ու «Air Arabia»-ի միջեւ ծագած խնդիրներն են ավիաընկերության վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ (խոսքն, ըստ էության, ֆինանսական ներդրումների մասին էր): ԷՆ-ն «Հետքին» փոխանցել է հետեւյալը. «ԱՆԻՖ-ը որպես բաժնետեր ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները, եւ հետեւաբար պայմանավորվածությունների կատարմամբ որեւիցե խնդիր չի ծագել»:
«Ֆլայ Արնայի» հանդեպ «Air Arabia»-ի դրսեւորած վարքագիծը հարցեր է առաջացնում
ԷՆ-ն, ինչպես արդեն գրել ենք, նշել էր, որ, ըստ կառավարիչ «Air Arabia»-ի, «Ֆլայ Արնայի» հիմնական խնդիրները եղել են դեպի Եվրոպա չվերթերի անհնարինությունը, «Զվարթնոց» օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների բարձր գները եւ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ թռիչքուղիների անվտանգության ապահովման պայմանները:
Մենք նկատել էինք, որ ԵՄ «սեւ ցուցակի» խոչընդոտը օրինական ճանապարհով հաղթահարելու տարբերակ էր այլ շահագործողներից վարձակալությամբ օդանավ վերցնելը (ավիացիայում հայտնի է իբրեւ «թաց վարձակալություն» (wet lease), երբ օդանավն ու անձնակազմը վարձով տվող կողմի պատասխանատվության ներքո են, սակայն թռիչքներն իրականացվում եւ համարակալվում են վարձակալի անվամբ): Ի՞նչն էր խանգարում, որ ստեղծված իրավիճակում «Air Arabia»-ն աջակցեր «Ֆլայ Արնային» եւ արաբական գրանցումով (ԱՄԷ-ի ազգային A6 նիշը կրող) մեկ-երկու օդանավ հանձներ «թաց վարձակալության»:
«Հետքի» հետ զրուցած «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցները եւս տարակուսած են արաբական հիմնադրի նման վարքագծից: Նրանք, սակայն, նշում են մի դեպք, որը պակաս արտառոց չէ:
Պարզվում է՝ ՀՀ կառավարական կամ թիվ 1 բորտը («Airbus A319 ACJ») մի որոշ ժամանակ շահագործել է «Ֆլայ Արնան»: Հիշեցնենք, որ 2014-ից դրա շահագործողը Քաղավիացիայի կոմիտեին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն էր (ԱՈւԿ), իսկ 2023 թ. սեպտեմբերի 8-ին օդանավը հանձնվել է «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օգտագործմանը: Բայց ահա «Հետքի» զրուցակիցները պատմում են, որ «Ֆլայուան Արմենիայից» առաջ մի քանի ամսով «Ֆլայ Արնան» է շահագործել կառավարական ինքնաթիռը, որը ծառայում է վարչապետին, նախագահին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Տարօրինակ է, սակայն, որ թռիչքներին առցանց հետեւող կայքերում կառավարական օդանավի թռիչքները չեն համարակալվել «Ֆլայ Արնայի» ACY միջազգային կոդով, ինչպես որ պետք է արվի (համենայն դեպս, նշված կայքերում նման բան չի երեւում): Փոխարենը, այդ թռիչքների համար 2014-2023 թթ. կիրառվել է ԱՈւԿ-ի կոդը՝ ARY, իսկ 2023-ից՝ FIE, որը «Ֆլայուան Արմենիայի» կոդն է:
Թվում է, թե կառավարական օդանավի շահագործումը ցանկացած ավիաընկերության համար պետք է պատվաբեր լինի: Բայց որքան էլ տարօրինակ է, ՀՀ կառավարության հետ համատեղ ավիաընկերություն հիմնած ու դրա կառավարումը ստանձնած «Air Arabia»-ն, ըստ «Հետքի» զրուցակիցների, ինքն է ինչ-ինչ պատճառներով հրաժարվել թիվ 1 բորտի հետագա շահագործումից: Արդյոք սա եւս մի հերթական ջրբաժան չի եղել «Ֆլայ Արնայի» հայկական ու արաբական հիմնադիրների միջեւ:
ԵՄ «սեւ ցուցակի» սահմանափակումները հաղթահարելու եւս մի օրինական ճանապարհ էր EASA-ից (ԵՄ թռիչքային անվտանգության գործակալություն) TCO (Third Country Operators) հավաստագիր ստանալը, որը հնարավորություն կտար թռիչքներ կատարել դեպի ԵՄ: Այս նպատակով «Ֆլայ Արնան» կատարել էր առաջին քայլը՝ հաջողությամբ անցել էր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) եւ 2023 թ. ամռանը ստացել IOSA վկայական։ Այնուհետ ընկերությունը դիմել էր EASA-ին՝ TCO հավաստագիր ստանալու համար, բայց մերժում էր ստացել: «Հետքի» զրուցակիցը, որն առնչություն է ունեցել այս գործընթացին, նշում է, որ եվրոպական կողմի պատասխանն այն էր, թե քանի որ Հայաստանը գտնվում է «սեւ ցուցակում», ձեր հայտը մերժում ենք:
Սակայն բացի ԵՄ-ից՝ IOSA վկայական ձեռք բերելու մյուս նպատակը դեպի ԱՄԷ թռիչքների հնարավորություն ստանալն էր, որը, «Հետքի» զրուցակիցների փոխանցմամբ, անհասկանալիորեն այդպես էլ տեղի չունեցավ, չնայած հայկական ընկերության կառավարիչ «Air Arabia»-ն թվում է, թե պիտի ամեն կերպ նպաստեր դրա իրականացմանը: Ընդ որում՝ IOSA վկայական ստանալու համար ծախսերը փոքր չեն եղել:
Որպես «Ֆլայ Արնայի» գործունեության խոչընդոտ «Air Arabia»-ն նշել է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում դեպի Ռուսաստան կատարվող թռիչքների անվտանգության ապահովման պայմանները: Սակայն, ինչպես գրել էինք, հայկական մյուս փոխադրողները եւս աշխատել ու աշխատում են այդ նույն պայմաններում, ուրեմն ո՞րն է տարբերությունը: Պարզվում է՝ կա տարբերություն: «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցներն ասում են, որ եթե հայկական մյուս օպերատորները ձգտում են Ռուսաստանի սահմանած անվտանգության գոտու «եզրից» շատ չհեռանալ, որպեսզի, օրինակ, դեպի Մոսկվա թռիչքների կորագիծը շատ չմեծանա, ապա «Ֆլայ Արնայի» կառավարիչ «Air Arabia»-ն թռիչքները կազմակերպել է Ղազախստանի երկնքով:
«Եթե նայեք flightradar24.com-ով, բոլոր հայկական ավիաընկերությունները թռնում են ամենակարճ ճանապարհով, իսկ «Ֆլայ Արնան» պիտի թռներ Ղազախստանով: Թռիչքային տնօրենը, անվտանգության մենեջերը (հայեր են – հեղ.) հարց են բարձրացրել՝ ինչու՞ ենք ավելի երկար թռնում, արաբներն ասել են՝ որպես անվտանգության միջոց,- պատմում է «Հետքի» զրուցակիցն ու հավելում,- մեծ ավիաընկերությունները կարող են իրենց նման բան թույլ տալ, բայց ոչ մեզ նման փոքր ընկերությունը, որի համար մեկ տոննա ավել վառելիքի ծախսն էլ էական է»:
Ստորեւ ներկայացնում ենք «Ֆլայ Արնայի» եւ մյուս հայկական փոխադրողների Երեւան-Մոսկվա թռիչքները: Ինչպես տեսնում ենք, բացի «Ֆլայ Արնայից», մյուսներն իսկապես թռչում են ավելի կարճ ճանապարհով՝ չմտնելով Ղազախստանի երկինք:
«Air Arabia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալին անպատասխան է թողել մեր հարցերը «Ֆլայ Արնային» «թաց վարձակալությամբ» օդանավ չհատկացնելու, հայկական փոխադրողին դեպի ԱՄԷ թռիչքներ կատարելու հարցում չաջակցելու, ՀՀ կառավարական ինքնաթիռի շահագործումից հրաժարվելու, դեպի Ռուսաստան թռիչքները Ղազախստանի երկնքով կազմակերպելու վերաբերյալ:
Աշխատակիցները հերքում են մրցակցությանը չդիմանալը. նրանք մատնանշում են կառավարման որակը, ինչն անուղղակիորեն հաստատում է գործադիրը
Հայկական ավիաընկերության աշխատակիցներին վրդովեցրել է Փաշինյանի հայտարարությունը, թե «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել:
Նրանք նշում են, որ գործունեության ողջ ընթացքում չվերթերը ժամանակին կատարելու իրենց ցուցանիշը (OTP - On time performance) եղել է 95-98 %: Հիշում են, որ բավականին ծանրաբեռնված էր Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթը, բայց հետո արաբական կողմն այդ ուղղությունը գնահատել է որպես եկամուտ չբերող (թիրախային հասցեակետը եղել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը): Մեծ պահանջարկ է ունեցել Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթը, այդ թվում՝ բեռ տեղափոխելու առումով: Բացվել, սակայն կարճ ժամանակ անց մեր զրուցակիցների համար անհասկանալի պատճառներով փակվել է Նովոսիբիրսկի ուղղությունը, ըստ նրանց՝ հաջող է եղել նաեւ Բաղդադի չվերթը, որը 2023-ի սեպտեմբերից հետո չի իրականացվել: «Փոխարենը ամառվա սեզոնին բացել ենք չվերթ դեպի Քուվեյթ, որով ճանճ էինք տանում»,- հեգնում է նախկին աշխատակիցը՝ նկատի ունենալով օդանավի գրեթե դատարկ լինելը:
Արաբների կառավարման մասով նա բերում է մեկ այլ օրինակ. «Երբ առաջին օդանավը տարան Շարժա, հարցադրում եղավ, թե ինչու եք տանում էնտեղ, իրենք ասացին, որ էնտեղ պահելն ավելի էժան է, քան Երեւանում: Ու, ըստ իրենց, տեխսպասարկումն էլ Շարժայում իբր ավելի էժան է: Երբ ցույց ես տալիս, որ «Քրոսս Թեքնիքսը» (Երեւանում «Ֆլայ Արնայի» օդանավերի տեխսպասարկող հայկական ընկերությունը – հեղ.) ինչ-որ գործ անում է X գումարով, իսկ «Air Arabia»-ն՝ 3X, լռություն է, ասում են՝ ամեն դեպքում կտանենք Շարժա»:
«Air Arabia»-ի գործադիր ղեկավար Ադել Ալին չի պատասխանել «Հետքի» հարցերին Քուվեյթի չվերթի նպատակահարմարության, գրեթե դատարկ լինելու, դրանով տեղափոխված ուղեւորների քանակի, Երեւանում ու Շարժայում տեխսպասարկման որոշ աշխատանքների գնային տարբերության վերաբերյալ:
«Ֆլայ Արնայի» ներքին խոհանոցի մասին այս պատմությունները եւս մեկ անգամ հուշում են, որ առանցքային նշանակություն է ունեցել ընկերության կառավարումը: «Հետքը» Նիկոլ Փաշինյանին հարցրել էր, թե արդյոք Կառավարությունը դժգոհ է մնացել արաբական կողմի կառավարումից, ինչին Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է, թե առաջիկայում կիրականացվի «Ֆլայ Արնայի» կառավարման գնահատում եւ վերլուծություն, որոնց հիման վրա էլ կտրվեն գնահատականներ:
Վարչապետին նաեւ հարցրել էինք, թե, ի վերջո, որոնք են այն ծանրակշիռ պատճառները, որոնք Կառավարությանը դրդել են հրաժարվել «Ֆլայ Արնայի» նախագիծը շարունակելուց, ինչպես որ մարտի 20-ին ԱԺ-ում հայտարարել էր նա՝ նշելով. «Մենք, ցավոք, այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:
«Նախ կցանկանայինք մատնանշել, որ «Air Arabia» ընկերության կողմից «Ֆլայ Արնայի» առողջացմանն ուղղված ծրագրերը եղել են առանց ակնկալվող հստակ օժանդակության եւ ժամկետների,- հայտնել է ԷՆ-ն ու հավելել,- իսկ ընկերության չգործելու վերաբերյալ որոշում դեռեւս կայացված չէ, քննարկումները շարունակվում են»:
Քննարկումներն, ըստ ամենայնի, «Ֆլայ Արնան» լուծարելու ձեւի մասին են, ինչը նախկին աշխատողներին ուղարկած պատասխանում չի թաքցրել նաեւ «Air Arabia»-ի իրավաբանական բաժնի ղեկավարը:
Փաշինյանին հարցրել էինք, թե արդյոք Կառավարությունը դիտարկում է (կամ գոնե մտածում է այդ մասին) իր 49 % բաժնեմասն օտարելու տարբերակը, ինչին ԷՆ-ն պատասխանել է, որ բոլոր լուծումներն այս պահին քննարկման փուլում են, սակայն բաժնեմաս օտարելու ուղղությամբ գործընթաց չի իրականացվում:
Ի՞նչ են Կառավարությունից ակնկալում նախկին աշխատողները, եւ ի՞նչ է անելու գործադիրը
Ինչպես տեսանք վերեւում, արաբական կողմն առաջարկում է լուծարման հանձնաժողով նշանակել եւ լուծարել «Ֆլայ Արնան»: Վերջինիս կանոնադրության մեջ սահմանված է, որ եթե ընկերությունը լուծարվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ապա նշանակվում է լուծարման հանձնաժողով, որը իրականացնում է ընկերության գործունեության կառավարմանը վերաբերող բոլոր լիազորությունները, գնահատում է ընկերության գույքը, կատարում է պարտատերերի, ներառյալ՝ բաժնետերերի հետ հաշվարկները, կազմում է լուծարման հաշվեկշիռը եւ այն ներկայացնում է բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարեցված այդ մասին պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից: Պարտատերերի հետ ունեցած հաշվարկների կատարումից հետո («Ֆլայ Արնայի» նախկին աշխատողները պարտատեր են) ընկերության մնացած գույքը լուծարման հանձնաժողովի կողմից բաշխվում է բաժնետերերի միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մյուս տարբերակը դատարանի միջոցով ընկերությունը սնանկ ճանաչելն ու լուծարման վարույթ սկսելն է, որի ավարտին այն կհայտարարվի լուծարված:
«Հետքի» զրուցակիցների կարծիքով՝ արաբներն, ըստ էության, ցանկանում են սնանկության տանել «Ֆլայ Արնան», հակառակ դեպքում պետք է նոր ներդրում կատարեն լուծարումից առաջ, ինչն, ըստ իրենց ունեցած ինֆորմացիայի, նրանք չեն ուզում անել: Այս ինֆորմացիան ճշտելու համար մենք Ադել Ալիին հարցրել էինք, թե արդյոք իսկապես արաբական կողմը ցանկանում է հարցը լուծել սնանկության միջոցով, եւ որն է դրա պատճառը: Արձագանք չի եղել:
Նախկին աշխատողները նշում են, որ ներկայում ավիաընկերության ունեցածը 100-120 մլն դրամ է: Ընդ որում, ինչպես տեղեկանում ենք իրավաբանական անձանց պետռեգիստրից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից հօգուտ պետբյուջեի պետք է գանձեր 24 մլն դրամ եւ հաշվեգրվող տոկոսներ: Մյուս կողմից, ըստ մեր զրուցակիցների հաշվարկների, միայն աշխատավարձերի մասով ընկերության պարտքը հասնում է 450-500 հազ. դոլարի, ինչը գերազանցում է այս պահին «Ֆլայ Արնայի» ունեցած դրամական միջոցների չափը:
Նախկին աշխատողների ակնկալիքը գործադիրից հստակ է:
«ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ մեր խնդրին տա ռեալ լուծում, կոնկրետ քայլերով: Եթե չեն կարողանալու, թող ասեն՝ չենք կարողանում տալ: Չափից դուրս շատ են վստահել «Air Arabia»-ին, ո՞վ է մեղավոր դրա համար: Չեմ տեսել, որ Կառավարությունից մեկը գա վերահսկի, ասի՝ պարոն էսինչ, ինչու՞ է օդանավը գնում Շարժա եւ ոչ թե, օրինակ, Եվրոպա կամ Մերձավոր Արեւելքի այլ պետություն: Ինչու՞ ենք, օրինակ, ծրագրային ապահովման ծառայությունները գնում «Air Arabia»-ից, ոչ թե այլ ընկերությունից: Գուցե ուրիշ տեղ ավելի էժա՞ն է («Ֆլայ Արնայի» կանոնադրության մեջ նշվում է, որ ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունն ամեն տարի պետք է ներգրավի աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ (ընկերության եւ/կամ դրա բաժնետերերի հետ ընդհանուր գույքային շահ չունեցող) աուդիտ իրականացնող անձի: Ըստ կանոնադրության՝ որպես անկախ աուդիտոր կարող են ներգրավվել «Ernst & Young», «KPMG», «Pricewaterhouse Coopers» կամ «Grant Thornton» ընկերությունները - հեղ.): Կառավարությունից նաեւ ակնկալում ենք բացահայտել «Air Arabia»-ի իրական դեմքը կոնկրետ հայկական շուկայի համար»,- եզրափակում է «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցը:
Ադել Ալիին խնդրել էինք մեկնաբանել ՀՀ կառավարության կողմից «Air Arabia»-ին «չափից դուրս վստահելու» եւ այդ ընկերության «դեմքը հայկական շուկայի համար բացահայտելու»՝ նախկին աշխատակցի դիտարկումները, ինչը եւս անարձագանք է մնացել:
Վարչապետին հարցրել էինք, թե ինքն անձամբ ինչպես է տեսնում «Ֆլայ Արնայի» ապագան, որի մեջ հայկական կողմը 4,3 մլրդ դրամ է ներդրել, ու ինչ է արվելու այդ ներդրումը: Այս հարցին եւս պատասխանել է Էկոնոմիկայի նախարարությունը. «Առաջիկայում կիրականացվեն բազմակողմանի ուսումնասիրություններ, վերլուծություններ, որոնց արդյունքներով պայմանավորված՝ կկայացվի այն որոշումը, որը հնարավորինս շահավետ կլինի պետության համար»:
«Ֆլայ Արնայի» դրվագը քննվում է ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում
Մարտի 20-ին ԱԺ-ում Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եւ եթե քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվեն նման գնահատականներ:
Գլխավոր դատախազությունից տեղեկացել ենք, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ին վերաբերող դրվագը քննության առարկա է ԱՆԻՖ-ի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Հիշեցնենք, որ ներկայում Քննչական կոմիտեում նախաքննություն է ընթանում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու հատկանիշներով:
Այդուհանդերձ, մինչեւ հիմա քրեական վարույթով որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ, այսինքն՝ չկան մեղադրյալներ:
Հայ-արաբական համագործակցությունից՝ հայ-արաբական արբիտրաժային վեճ
«Հետքի» աղբյուրը հուլիսի սկզբին հայտնել էր, որ «Air Arabia»-ն դիմել է արբիտրաժային դատարան: «Հետքն» արաբական կողմի գործադիր ղեկավար Ադել Ալիին խնդրել էր հաստատել այս տեղեկությունը եւ ապա նշել արբիտրաժ դիմելու պատճառն ու հայկական կողմին ներկայացված պահանջը: Արձագանք չենք ստացել, սակայն հուլիսի 18-ին «Global Arbitration Review»-ն հայտնեց, որ «Air Arabia»-ն պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ (ըստ էության, դա պետք է անի «Ֆլայ Արնայի» 49 %-ի անմիջական սեփականատեր, արաբական «International Business Company (FZE)»-ն): Այլ մանրամասներ հայտնի չեն:
Լուսանկարներում՝ «Ֆլայ Արնայի» մեկնարկին նվիրված միջոցառումը «Զվարթնոց» օդանավակայանում, 10.06.2022 (primeminister.am)
Մեկնաբանել