
Ադրբեջանը հաստատել է Հայաստանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթի ստացումը
Բաքուն մի քանի օր առաջ Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը: Այդ մասին Բաքվում նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ինքը Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի մասին։
«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։ Ուզում եմ նշել, որ բաց հարցերը պակասել են։ Դրական առաջընթաց է նկատվում»,- APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ մայիսին Ալմաթիում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից առաջ Բաքուն Երևանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկները: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, թե իբր Ադրբեջանը «նախկինի պես հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը կայուն խաղաղության հասնելու համար»:
Մի քանի օր առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի առանցքային սկզբունքները։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել