Աղետի գոտի. քանդված կամուրջներ, երկաթգիծ և տներ
Մայիսի 25-26-ին ջրհեղեղը Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում մեծ ավերածություններ առաջացրեց։ Հատկապես մեծ վնասներ կրեցին Ալավերդի քաղաքը և Քարկոփ բնակավայրը։ Հեղեղից տուժած բնակավայրերը Կառավարությունն աղետի գոտի հայտարարեց։
Հեղեղների հետևանքով քանդվեց Ախթալայի կամուրջը, որը կարևոր տնտեսական նշանակություն ունի։ Այստեղով էին իրականացվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի, ալրաղացի և այլ ձեռնարկությունների արտահանումները։
Հեղեղների հետևանքով վնասվեց նաև երկաթուղին։ Մեր նկարահանումների պահին երկաթուղու աշխատակիցները փորձում էին վերականգնել դեպի Այրում կայարան գնացող հաղորդալարերը։
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածներն իրար միացնող կամուրջը ևս քանդվել է։ Այս թաղամասի շենքերի առաջին հարկերը հայտնվել էին ջրի տակ։ Բնակիչների խոսքով՝ ոչ միայն առաջին հարկի, այլև մյուս հարկերի բնակարաններում ապրելն այժմ վտանգավոր է։
Վահե Այդինյանը Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 11 շենքի առաջին հարկում էր ապրում։ Գիշերը ժամը 12-ի մոտակայքում Վահեն և իր ընտանիքը տանը քնած էին։ Վահեն արթնացել է աղմուկից և հասկացել, որ տուն ջուր է լցվում։ Նա արթնացրել է կնոջն ու 3 երեխաներին և նրանց հետ բարձրացել երկրորդ հարկ։ Միայն ժամը 4-ի մոտակայքում է փրկարարներին հաջողվել նավակներով մոտենալ շենքին և դուրս բերել նրանց։
«Տասներկուսի կողմերն էր, անհանգիստ էի, անձրև էր գալիս ամբողջ օրը ու չէր կտրվում։ Տանը բոլորը քնած էին, ասեցի դուրս գամ, տեսնեմ՝ ինչ վիճակ է, տեսա վայրկյան-վայրկյան գետը բարձրանում է։ Մտա տուն կնոջս ասեցի հագցրու էրեխեքին, հագնվի, գնում ենք բարեկամի տուն։ Կինս մտածեց կատակ եմ անում։ Ինքն էլ դուրս եկավ, տեսավ։ Վազքով մտավ, հավաքեց երեխաներին, Էրեխեքը երեքն են՝ 13, 8, 3 տարեկան։ Ջուրը արագ լցվել է տուն, մինչև առաստաղ հասել էր։ Մի կերպ հասանք հարևանի տուն` երկրորդ հարկ»,- պատմում է Վահեն։ Նա այժմ ընտանիքի հետ ապրում է եղբոր տանը, քանի որ իրենց շենքում բնակվելը վտանգավոր է, տան ամբողջ գույքը դարձել է անպիտան։ Այդ վիճակում են Սանահին կայարան թաղամասի շենքերի առաջին հարկերի բոլոր բնակարանները։
Հեղեղի հետևանքով վնասվել են նաև Սանահին կայարանի հարևանությամբ գտնվող Բաղրամյան թաղամասի որոշ տներ։
Միշա Ամիրջանյանն Ախթալա քաղաքից է։ 1980 թվականից աշխատում է Ախթալայի հպակային ցանցում՝ որպես ավագ էլեկտրամեխանիկ։ Ծառայությունն ավարտելուց հետո միանգամից աշխատանքի է անցել ու մինչ օրս՝ արդեն 44 տարի, այստեղ է աշխատում։
Հեղեղի հետևանքով վնասվել են Միշայի տունը, այգին, գետը քշել-տարել է նաև նրա խոզերին։
Միշան ասում է՝ աշխատանքը շատ է, Ալավերդի-Հաղպատ-Սանահին հատվածում լարերի մեծ մասը վնասվել է։ Հայաստան գնացք չի մտնում՝ Այրում կայարանից առաջ գնալու տեղ չկա։ Այդ աշխատանքներն արագ ավարտել է պետք, քանի որ գնացքներով նաև բենզին և դիզվառելիք է բերվում Հայաստան։
«Աշխատանքը շատ-շատ է, մեծ վթար է եղել։ Ես էս տարիքի աշխատող եմ, դեռ սենց բան չեմ տեսել։ Ինձնից ավելի մեծ տարիքով մարդիկ էլ են ասում, որ չեն տեսել»,- ասում է Միշա Ամիրջանյանը։
Հեղեղից անմիջապես հետո սկսվել են աշխատանքները, և արդեն մի քանի օր է՝ անդադար աշխատում են, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերականգնել գնացքների աշխատանքը։
Չնայած իրականացվող ակտիվ վերականգնողական և գույքագրման աշխատանքներին՝ հեղեղի պատճառած վնասների չափը և վերականգնման ժամկետները դեռևս հստակ չեն:
Մեկնաբանել