Անասնահամաճարակային ռիսկերը Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում
«Աղետի գոտիներում կան անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը: Ուստի անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով»,- նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսի 30-ին Ալավերդի համայնքում «Հետք»-ը հանդիպեց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայություններ ՊՈԱԿ-ի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներից ձևավորված աշխատանքային խմբի հետ։ Նրանք իրականացնում էին տուժած տնտեսությունների անկած անասունների հաշվառում և անասնահամաճարակային ռիսկերի կանխմանն ուղղված աշխատանքներ։
«Դեռևս կան անանցանելի տարածքներ, որտեղ չենք կարող աշխատանքներ իրականացնել։ Այդ դեպքերում կապվում ենք բնակիչների հետ, տալիս ենք համաճարակի ռիսկերը նվազեցնելու ցուցումներ, ճշտում վնասի չափը»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
Հասանելի մասերում աշխատանքային խումբը իրականացնում է տեխնիկական մաքրում, որից հետո՝ ախտահանություն և անկած կենդանիների թաղման աշխատանքներ։
Վնասի ծավալների մասին չեն շտապում խոսել։ «Երեկվանից ենք սկսել աշխատել, դեռ վաղ է գնահատական տալ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախնական տվյալներով՝ ամենամեծ վնասները կրել են Ալավերդու Սանահին կայարան թաղամասը և Քարկոփ բնակավայրը։
Գառնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ վարակի վտանգը քիչ է, քանի որ անկած կենդանիներին կամ գետը քշել-տարել է, կամ էլ թաղված են ավազի մեջ։ Նա նշեց, որ գետի երկայնքով տարվում են որոնման աշխատանքներ անկած անասունների հնարավոր կուտակումները հայտնաբերելու և համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար։
Մեկնաբանել