HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից բռնի տեղահանված մայրն ու որդին հայտնվել են փողոցում

Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ամիրխանյանն իր ծննդյան 17-ամյակը նշեց փողոցում՝ նստարանին նստած։

Տիգրանին ու մորը՝ Արմինե Ամիրխանյանին Վաղարշապատի Այգեստան 20 հասցեում գտնվող Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից երեկ՝ մայիսի 5-ի առավոտյան դուրս են հանել։ Նրանք գնալու տեղ չունեն։ Եկել են Երևան, մտել Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններն են։ Ընդունարանում նրանց ասել են, որ ոչինչ անել չեն կարող։

Տիգրանի տաբատը պատռվել էր, Արմինեի ձեռքին կտորե պայուսակ էր, որի մեջ երկու շարֆ, մի կտոր հաց ու փաստաթղթերի թղթապանակն էր։ Նրանց հանդիպեցինք Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող ճաշարաններից մեկում, Արմինեն մի կոտլետ էր գնել որդու համար, ինքը ոչինչ չէր ուտում։

Մինչեւ 2023-ի սեպտեմբերի 19-ի բռնի տեղահանումը Ստեփանակերտում նրանք ապրել են Հեքիմյան փողոցում։ 2024-ի փետրվարի 12-ից հաշվառվել են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, և քանի որ հաշվառվել են համայնքային կենտրոնում, արցախցիներին տրամադրվող աջակցությունը փոխանցվել է աջակցության կենտրոնին՝ նրանց ծախսերը հոգալու համար։ Մինչդեռ «Հետքի» հետ ունեցած զրույցում աջակցության կենտրոնի տնօրենը՝ Հովհաննես Հովհակյանը նշեց, որ աջակցության կենտրոնը երբևէ պետությունից աջակցություն չի ստացել։ Ավելին՝ Հովհակյանը գրավոր դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն՝ կոմունալ ծախսերի փոխհատուցման համար, քանի որ մանկավարժահոգեբանական աջակցության կենտորնները գտնվում են ԿԳՄՍ ենթակայության ներքո, բայց որևէ արձագանք չի ստացել։ Ամիսներ շարունակ Արցախից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներ ապրել են աջակցության կենտրոնում՝ ՏՄԱԿ-ի միջոցների հաշվին։ Տնօրենը նշեց, որ կիրակի օրը  աջակցության կենտրոնում մնացած արցախցի երեք ընտանիքներին չեն հանել, այլ նրանք իրենց կամքով են լքել հաստատությունը։

Տիգրանը հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Նրա բժշկական եզրակացության մեջ նշված է, որ Տիգրան Ամիրխանյանը ունի թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, վարքի նշանակալի խանգարումներով, բուժում և ուշադրություն պահանջող: Նա ապրիլին մեկ շաբաթ բուժում է ստացել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Հիմա դեղեր է ընդունում։Արմինեն և Տիգրանը փողոցում՝ նստարանին են գիշերել։ Չգիտեն՝ ուր գնալ ու ինչ անել։

«Հետքը» դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հայտնել են, որ նախարարությունը կացարանով ապահովելու ծրագիր չունի։ Քանի որ Տիգրանը հոգեկան առողջության խնդիր ունի, նրան կարող են տեղավորել խնամքի կենտրոնում, բայց Արմինեի համար ոչինչ անել չեն կարող։ Նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն ուղղորդեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կացարանի հարցը լուծելու համար, ապա նշեց, որ կարող են դիմում գրել Միասնական սոցիալական ծառայությունում, որպեսզի կարիքների գնահատումից հետո որոշվի՝ կարո՞ղ է Միասնական ծառայությունը կացարանով ապահովել, թե ոչ։ Այս ընթացակարգը կարող է օրեր տևել, բայց նրանք գնալու տեղ չունեն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն էլ նշեց, թե ՏԿԵՆ-ը ընտանիքին կացարանով ապահովելու գործառույթ չունի, ու քանի որ Տիգրանը հոգեկան առողջության խնդիր ունի, նրանով պետք է զբաղվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

«Հետքը» մեկ օրով Տիգրանին ու Արմինեին տեղավորել է հյուրանոցում՝ հույսով, որ պետական կառույցներն արագ լուծում կգտնեն անօթեւան դարձած ընտանիքի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter