Երևանի ու Բաքվի միջև ամուր խաղաղությունը համապատասխանում է Ղազախստանի շահերին. Տոկաև
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման ցանկացած ջանքերի, քանի որ դա բխում է Աստանայի շահերից: Այդ մասին Armenpress-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը ապրիլի 15-ին պատրաստվում է այցելել Հայաստան։
«Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Նա հիշեցրել է, որ որպես համաշխարհային հանրության ակտիվ և պատասխանատու մասնակից՝ Աստանան մշտապես իր ներդրումն է ունենում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ խաղաղարար նախաձեռնությունների առաջխաղացման միջոցով:
«Իհարկե, Ղազախստանն անտարբեր չի մնում այս թեմայի նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ»,- նշել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ Ղազախստանը պահպանում է իր սկզբունքային հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: «Այս համատեքստում միջազգային հարցերին և խաղաղության ու կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի կենտրոնական դերը Ղազախստանի համար մնում է առանց այլընտրանքի»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։
Ընդ որում, նա խոստովանել է, որ երբ յուրաքանչյուրը խաղաղության հասնելու ուղին յուրովի է ընկալում և առաջ է տանում խաղաղության սեփական մոդելը՝ առանց հաշվի առնելու ուրիշների շահերը, դա վերածվում է լարվածության աղբյուրի:
«Այս կապակցությամբ ես խորապես համոզված եմ, որ ցանկացած հակասություն, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար»,- եզրափակել է Տոկաևը։
Լուսանկարը՝ Krisztian Bocsi/Bloomberg
Մեկնաբանել