Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են
Հիմնականը՝ հակիրճ
- Հայաստանի բժիշկները, միջազգային ուղեցույցներին հետևելով, բուժման համար երբեմն Հայաստանում չգրանցված դեղեր են նշանակում, հաճախ ուղղորդում` որտեղից գնել։
- Պահանջված շատ դեղեր կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ եթե գրանցված էլ են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։
- Բուժառուները հաճախ ստիպված են լինում անօրինական ճանապարհով ներմուծված դեղեր գնել։
- Չգրանցված դեղեր վաճառում են դեղատներում և սոցիալական ցանցերում։
- Դեղատներում դրանք վաճառվում են առանց դրոշմապիտակի կամ գրանցված այլ դեղի անվան տակ։
- Անօրինական ճանապարհով Հայաստան են մտնում և՛ իրական, և՛ կեղծ դեղեր։
- Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն։
- Պետական մարմինների վերահսկողական մեխանիզմները թույլ են։
2020 թվականին Մարինե Սիմոնյանի (անուն-ազգանունը փոխված է) ամուսնու մոտ քաղցկեղ ախտորոշվեց։
«Հազով սկսվեց ամեն ինչը։ Սկզբից գնաց բժշկի, թույլ դեղեր նշանակեցին, չէր օգնում ընդհանրապես։ Հետո գնաց թոքերի ռենտգենի, պարզվեց՝ խնդիր ունի, դիագնոզը դրվեց՝ թոքի քաղցկեղ»,- պատմում է Մարինեն։
Հիվանդությունը 4-րդ փուլում էր հայտնաբերվել, լիարժեք բուժել հնարավոր չէր։ Ասում է՝ ամենաբարդը դեղորայք հայթայթելն էր։ Փորձել են ծանոթների միջոցով այլ երկրներից դեղեր բերել, որ մատչելի լինի։ Այլընտրանքային տարբերակներ փնտրել են նաև Հայաստանում։
«Դեղ կար, որ արժեր 7000 դոլար։ Գնելուց, երբ հարմար չէր էդ տարբերակը, առաջարկում էին այլընտրանքներ՝ ուրիշ երկրի արտադրանք։ Դե, ստիպված դա էինք վերցնում։ Հնդկական տարբերակը մոտ տասն անգամ ավելի էժան էր գալիս»,- ասում է Մարինեն։
Դեղերը դժվարությամբ էին գտնում։ Մարինեն հստակ չգիտի՝ դրանք Հայաստանում գրանցված դեղեր են եղել, թե ոչ, բայց սովորական դեղատներից գնել չեն կարողացել։ Ձեռք են բերել հիմնականում անհատ ձեռնարկատերերի պատկանող դեղատներից։ Բացատրում է՝ այլ տարբերակ չունեին․ այդ դեղերի շնորհիվ ամուսնու կյանքը մեկ տարի ութ ամսով երկարել է, եթե չընդուներ դրանք, երկու շաբաթ կապրեր։
«Էդ դեղերը գնելուց մենք ոչ մի օրինական քայլի ինքներս էլ չենք դիմել, որովհետև մեզ էլ շահավետ չէր դա։ Հիմա դա ճիշտ ա, թե սխալ ա, էդ ա։ Ոչ մեզանով ա պայմանավորված, ոչ էդ վաճառողով։ Թող հստակ օրենք դրվի, ստուգում լինի, որ բոլորին հասանելի լինի էդ դեղը գնել։ Կարող ա մի փոքր մեր հնարավորությունը ներում էր, մենք կարողանում էինք, մեծ դժվարությամբ թեկուզ, էդ մատչելի տարբերակը գտնել, բայց մարդ կա էդ մատչելի տարբերակը ևս իր համար անհասանելի էր»,- ասում է Մարինեն։
Բուժումը շարունակելու նպատակով Մարինեի ամուսինը Գերմանիա էր գնացել, այնտեղ նույն բանն էին ասել՝ հիվանդությունը վերջին փուլում է, վերջնական բուժումը՝ անհնար։ Գերմանիայում Մարինեի ամուսինը քիմիաթերապիայի դեղեր էր ստացել, որն իր հետ Հայաստան էր բերել։ Երբ այդ դեղերն արդեն չէին օգնում, դեղատներից մեկում այն փոխել էին երկու ներերակային ներարկման դեղի հետ, որն այդ պահին անհրաժեշտ էր բուժման համար։
Մարինեի նման շատերն են հայտնվել այս իրավիճակում. բուժման համար բժիշկը նշանակում է դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն:
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել ենք պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։
Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազում է
Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում 3332 անուն դեղ կա: Սրանք այն դեղերն են, որոնք մեր երկիր ներմուծվում են օրինական ճանապարհով կամ արտադրվում են Հայաստանում։ Վրաստանում, օրինակ, գրանցված դեղերի թիվը հասնում է 8000-ի։ Ռուսաստանի Դաշնությունում նախորդ տարեվերջին գրանցված դեղերի թիվը 18 500 էր, որից 12 100-ը՝ տեղական արտադրության։
Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը նշում է, որ Հայաստանի դեղագործական շուկան բավականին փոքր է, գրանցված և գրանցվող դեղերի քանակը նվազել է, չգրանցված դեղերի և դրանց ներկրման խնդիր կա։
Եթե որևէ դեղագործական կազմակերպություն ցանկանում է Հայաստանում դեղորայք գրանցել, դիմում է Առողջապահության նախարարություն, անցնում համապատասխան ստուգումները, դրա հիման վրա դեղը Հայաստանում գրանցվում է 5 տարի ժամկետով։
Հարությունյանը շեշտում է՝ նախարարությունը չգրանցված դեղերի վերահսկողության գործառույթ չունի։
«Եթե առանձին պացիենտներ ունեն որևէ դեղի խնդիր, և այդ դեղը Հայաստանի Հանրապետությունում չունի օրինական գրանցում, կամ պաշտոնական ներկրում տեղի չի ունենում, դիմում է Առողջապահության նախարարությանը՝ ներկայացնելով համապատասխան բժշկական փաստաթղթերի փաթեթը։ Նախարարությունը, ուսումնասիրելով դրանք, թույլատրում է տվյալ դեղի ներկրումը։ Պացիենտն այս թույլտվությամբ կարող է դիմել դեղագործական մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպության, որն էլ կարող է տվյալ անձի համար անհրաժեշտ քանակով ներկրել»,- ասում է վարչության պետը։
Նրա խոսքով՝ նախարարությունը մշտապես դիտարկում է խնդիրները, դիմում դեղագործական ընկերություններին՝ Հայաստանում ներկայացված լինելու համար, բայց քանի որ Հայաստանի շուկան փոքր է, դեղագործական մեծ ընկերությունները հետաքրքրված չեն։
Չնայած գործող այս ընթացակարգին՝ բուժառուները չգրանցված դեղեր գնելու համար այլ ճանապարհ են ընտրում, քանի որ նախարարության միջոցով դեղ ներմուծելու գործընթացը բավականին բարդ է։
«Հետքը» դիմել է դեղորայք ներմուծող մի քանի ընկերությունների, որոնք հայտնել են, որ երբևէ նման դիմում չեն ստացել բուժառուներից։ Բացի այդ, դեղորայք ներմուծող խոշոր ընկերությունները խուսափում են քիչ քանակությամբ՝ մեկ բուժառուի համար նախատեսված քանակով դեղ ներկրել, քանի որ դեղերի համար սահմանված հարկերը բարձր են։
Առողջապահության նախարարությանը հարցրել ենք, թե վերջին երկու տարվա ընթացքում քանի դիմում է ստացել առանձին պացիենտներից Հայաստան չգրանցված դեղ ներմուծելու համար, և որ ընկերություններին է ներկայացվել դիմումը։ Պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք այն։
Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն
«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոլոգիայի ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը բացատրում է՝ բժիշկները նշանակումներն անում են ըստ միջազգային ուղեցույցների։ Միջազգայնորեն սահմանված է, թե քաղցկեղի որ տեսակի համար ինչ դեղանյութ պետք է նշանակել։ Սակայն նոր սերնդի դեղերը, որոնք բավականին թանկ են, բժշկի խոսքով, կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ էլ եթե գրանցված են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։
«Եթե այդ դեղը իրենց հասանելի չէ կամ Հայաստանում պարզապես չկա, պացիենտները հիմնականում կա՛մ փորձում են հարևան երկրներից, Եվրոպայից բերել, կա՛մ Հայաստանում գտնում են անհատ դեղատներ, որոնք մասնագիտացած են և բերում են նման դեղամիջոցներ»,- բացատրում է ուռուցքաբանը։
Բադալյանը Հայաստանում վաճառվող չգրանցված դեղերը բաժանում է երկու խմբի։ Մի խմբում այն դեղերն են, որոնք Հայաստան են բերվել անօրինական ճանապարհով, սակայն օրիգինալ դեղեր են։ Ուռուցքաբանի խոսքով՝ քանի որ հակաուռուցքային դեղերը հեշտ փչանալու հատկություն ունեն, այս դեպքում խնդիր կարող է առաջանալ, եթե պահման հատուկ պայմանները խախտվեն։ Երբ դեղը Հայաստան է ներմուծվում օրինական ճանապարհով, ջերմային ռեժիմը խիստ հսկվում է ամբողջ ընթացքում՝ Եվրոպա-ինքնաթիռ-մաքսատուն-դեղատուն-կլինիկա ջերմային շղթայի յուրաքանչյուր օղակում, ու բժիշկները վստահ են լինում, որ դեղորայքը ոչ մի կերպ չի վնասվել։
«Երբ այդ դեղը անօրինական ճանապարհով է ներմուծվում Հայաստան, ոչ մի ձև մենք կամ հիվանդը չի կարող ստուգել՝ արդյոք այն մարդը, այն անհատը, որը դեղը բերել է, բարեխղճորե՞ն է բերել՝ պահպանելով բոլոր պայմանները»,- ասում է Լևոն Բադալյանը։
Նույն անօրինական ճանապարհով, սակայն, մեր երկիր բերվում են նաև կեղծ դեղեր: Բժշկի խոսքով՝ գլխավոր խնդիրը վերաբերում է այս խմբին։
«Կարծում եմ՝ մեծ հանցագործություն է, որ նման դեղեր վաճառվում են Հայաստանում։ Հավատացե՛ք, վաճառվում են ու քիչ չեն։ Մարդ կարող է դեղի մեկ սրվակի համար վճարել շատ մեծ գումար՝ 1000-2000 դոլարին համարժեք, և մեջը պարզապես ջուր լինի։ Մենք կեղծ դեղերի դեպքեր ամսական առնվազն մեկ անգամ բացահայտում ենք ու չենք թողնում, որ հիվանդը դա ստանա»,- ասում է Բադալյանը։
«Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանն ասում է՝ Հայաստանում և Եվրոպայում բուժման սխեմաները նույնն են, բայց այստեղ շատ հաճախ բախվում ենք անորակ դեղերի խնդրին։ Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ բուժումները երբեմն անարդյունք են լինում։
«Ես վստահ եմ, որ կեղծ դեղորայքով բուժումը չի կարող լինել արդյունավետ։ Գուցե ինչ-որ տոկոսային հարաբերակցություն ունենա լավ որակի, բայց հավանականությունը շատ քիչ է։ Մենք հստակ չգիտենք, թե դա որտեղ է արտադրվել, չգիտենք՝ ինչ պայմաններում է արտադրվել և ինչպես է տեղափոխվել, հասել մեզ»,- բացատրում է Նվարդ Քոչարյանը։
Դեղագործական խոշոր ընկերությունները հայաստանյան շուկան մրցունակ չեն համարում
Ուռուցքաբան Լևոն Բադալյանը նշում է, որ երբ Հայաստանում չգրանցված դեղի պահանջարկ է լինում, բժիշկները չեն իմանում՝ ում դիմել։ Գրանցված դեղերի թիվն էլ փոքր է, գինը՝ թանկ։ Քանի որ Հայաստանի շուկան փոքր է, որոշ խոշոր դեղ արտադրող ընկերություններ հետքրքրված չեն ու մեր երկրում իրենց դեղամիջոցները գրանցելու ցանկություն չունեն․ այս գործընթացը մեծ ծախսեր է ենթադրում, իսկ Հայաստանում նոր սերնդի թանկարժեք դեղերը մեծ սպառում չունեն:
Լևոն Բադալյանի խոսքով՝ բուժառուները դեղերը հիմնականում բերում են հարևան երկրներից՝ Թուրքիայից և Վրաստանից, որտեղ գներն ավելի մատչելի են։
«Հայաստանում դեղորայքի հարկը համեմատաբար բարձր է։ Եթե կարողանային գոնե շատ թանկարժեք, կյանքի համար այդքան անհրաժեշտ դեղերից պետական մակարդակով հարկերը հանել, դեղերի գինը զգալիորեն կնվազեր, ու դա էլ կլիներ մեխանիզմ՝ պայքարելու անօրինական դեղերի շուկայի դեմ»,- ասում է Բադալյանը։
Դեղատներում վաճառվում է ամեն ինչ
Փետրվարի 22-ին և 23-ին «Հետքն» այցելեց Երևանի մի քանի դեղատներ և ձեռք բերեց չգրանցված դեղեր։
«Սաս-գրուպ» ՍՊԸ-ի գրեթե բոլոր սուպերմարկետներում «Ֆարմա լայք» դեղատնային ցանցը դեղատուն ունի։ Իսահակյան 35 հասցեի «Սաս» սուպերմարկետի դեղատնից գնել ենք 20 կապսուլ «Ռեդուկսին» դեղահաբը, որն օգտագործվում է ավելորդ քաշը կարգավորելու համար։ 20 դեղապատիճի համար վճարել ենք 30 հազար դրամ։ Այս դեղամիջոցը դեղերի պետական գրանցամատյանում գրանցված չէ, այսինքն՝ օրինական ճանապարհով չէր կարող ներկրվել Հայաստան, սակայն ուներ ակցիզային դրոշմապիտակ։ Ստուգելով գրանցման կոդը՝ տեսանք, որ այն գրանցված է որպես վիտամին՝ չնայած քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոց է՝ բազմաթիվ կողմնակի ազդեցություններով։
Դեղատան աշխատակցին խնդրեցինք տրամադրել կտրոնը, դրա վրա նշված չէր դեղամիջոցի անվանումը։
«Մարկ ֆարմ» ՍՊԸ-ի՝ Աբովյան 37, տուն 8 հասցեում գտնվող դեղատնից (առավել հայտնի է որպես Подъезд-ի դեղատուն) գնել ենք 2 տեսակի հակաուռուցքային դեղ՝ «Էպիրուբիցին» և «Գեմցիտաբին»՝ ընդհանուր վճարելով 48 հազար դրամ։ Դեղատան աշխատակցուհին ասաց, որ եթե ուզում ենք կտրոն ստանալ, զեղչել չի կարող․ պետք է հարկային դաշտում հաշվետվություն ներկայացնի։ Եթե առանց կտրոնի գնեինք դեղը, 9 հազար դրամով պակաս կվճարեինք։ Այս դեղերի տուփերի վրա դրոշմապիտակներ չկային։ Նշենք նաև, որ «Էպիրուբիցին» դեղամիջոցը, որը նախատեսված է քաղցկեղի բուժման համար, սառնարանային դեղ է, այսինքն՝ պետք է պահվի հատուկ ջերմաստիճանում, որի խախտման դեպքում դեղը կկորցնի իր ազդեցությունը։
«Աննա Բադեյան ԱՁ»-ի՝ Կարապետ Ուլնեցի 59/53 հասցեում գտնվող «Աբա ֆարմ» դեղատնից գնեցինք «էմենդ» հակափսխեցուցիչ դեղամիջոց, որն օգտագործում են քաղցկեղի բուժման ընթացքում։ «Էմենդի»՝ 3 դեղահաբ պարունակող 1 տուփի համար վճարեցինք 14 հազար դրամ։ Դեղատան աշխատակցուհին սկզբում ՀԴՄ կտրոն չտրամադրեց։ Փոխարենը տրամադրեց դեղատան ներքին հաշվառման կտրոնը, իսկ երբ խնդրեցինք ՀԴՄ կտրոն տալ, դրա վրա «Էմենդի» արժեքը 15 հազար դրամ էր, մինչդեռ գանձման ընդհանուր արժեքի տողում նշված էր 14 հազար դրամ։ «Էմենդ» դեղը թուրքական արտադրության է։ Դեղատուփի վրա այս դեպքում էլ դրոշմապիտակ չկար։
«Նունե Եղիազարյան» ՍՊԸ-ի՝ Կարապետ Ուլնեցի 59/5 հասցեում գտնվող դեղատնից գնեցինք «Դիպրոսպան» դեղամիջոցը՝ թուրքական արտադրության, սակայն մեզ տրամադրեցին «Ֆլոստերոն» դեղամիջոցի գնման կտրոն։ Դեղատան աշխատակիցն ասաց՝ քանի որ թուրքական «Դիպրոսպանը» չունի օրինական գրանցում, չի կարող տրամադրել դրա կտրոնը, փոխարենը կարող է նույն ազդող նյութով գրանցված դեղամիջոցի կտրոն տալ։ Դեղատուփի վրա դրոշմապիտակ չկար։
Փետրվարի 23-ին կրկին այցելեցինք «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի դեղատուն, գնեցինք շաքարային դիաբետի «Յանուվյա» և «Նովորապիդ» դեղերը։ Այս անգամ դեղամիջոցների համար մեզ կտրոն չտվեցին՝ ասելով, որ դեղը գրանցված չէ, խնդիրներ կունենան։ Մեզ առաջարկեցին մեկ այլ դեղի կտրոն տալ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող մասնաճյուղից, սակայն դեղամիջոցի անվանումը նշված չի լինելու կտրոնի վրա։
Տիգրան Մեծ 43 հասցեի «Գրին Լեյն» դեղատնից գնեցինք «Լանտուս» դեղի 3 ներարկիչ։ «Լանտուսը» թուրքական արտադրության է, մեզ տրամադրեցին գրանցված «Յանումետ» դեղի կտրոն։ «Լանտուսը» ևս ունի պահման հատուկ պայմաններ, այն ինսուլին պարունակող դեղամիջոց է՝ նախատեսված շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։
«Արգոֆարմ» ՍՊԸ-ի «36.6» դեղատնային ցանցի Խորենացի 72 հասցեից ձեռք բերեցինք «Վոլտարեն», «Սիրդալուտ» և «Կլաֆորան» դեղերը։ Այս դեպքում դեղերի վրա առկա էր դրոշմավորման մակնշում, սակայն դեղերը գրանցված չեն, և ներմուծողները Առողջապահության նախարարությունից ներմուծման հավաստագիր չեն ստացել։
Բացի դեղատներից, մարդիկ հակաուռուցքային դեղեր փնտրում են նաև ֆեյսբուքյան խմբերում, իսկ վաճառողներն առաջարկում են «հարմար տարբերակներ»։
Հաճախ դեղեր վաճառողներն իրենք են հայտարարություն տեղադրում, որ ունեն տարբեր չգրանցված դեղեր, թողնում հեռախոսահամար, որպեսզի ցանկացողները կապ հաստատեն։
Այդ խմբերի ակտիվ անդամներից են նաև մեր այցելած դեղատների սեփականատերերը։
«Հետքը» զանգահարել է ֆեյսբուքյան նման խմբերի հրապարակումներում նշված հեռախոսահամարներով։ Գրեթե բոլոր զանգերին պատասխանած մարդիկ նշել են, որ ունեն մեզ անհրաժեշտ դեղերը կամ կարող են պատվերով բերել։
Պետական մարմինների վերահսկողական մեխանիզմները թույլ են
Առողջապահության նախարարությանը գրավոր տեղեկացրել ենք, որ «Հետքը» պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում են, որ բժիշկների նշանակած որոշ դեղեր դեղատներում չկան, իսկ ծանր հիվանդությունների համար նշանակված դեղերը գնելու համար բժիշկներն ուղղորդում են կոնկրետ դեղատներ: Այդ դեղատներում հաճախ դրամարկղային կտրոն չեն տրամադրում, դեղերի տուփերի վրա դրոշմապիտակներ չկան, ինչը մտավախություն ու կասկած է առաջացնում դեղի որակի վերաբերյալ: Ուղարկել էինք մեր գնած չգրանցված դեղերի տվյալները եւ խնդրել պարզաբանել, թե ի՞նչն է հանգեցրել դեղերի մանրածախ իրացման ոլորտում նման խնդիրների:
Նախարարությունը պատասխանել է, որ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է։ «Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իսկ դեղի գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը և ուժը կորցրած ճանաչելը փորձագիտական եզրակացության հիման վրա իրականացնում է Առողջապահության նախարարությունը՝ Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 162-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է նախարարության պատասխանում։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տրամադրել էինք դեղատներից արված մեր գնումների դրամարկղային կտրոնների պատճեները եւ խնդրել հայտնել, թե ինչպես է վերահսկում չգրանցված դեղերի շուկան։ «Ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, որի արդյունքների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- սա էր Տեսչական մարմնի արձագանքը։
Պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել էինք, թե ինչպես են դեղատները առանց դրոշմապիտակի և հաշվիչ դրամարկղային կտրոնների դեղորայք վաճառում։
«Ձեր կողմից մատնաշված խախտումներն արձանագրվում են հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման, թեմատիկ հարկային ստուգումների կամ հսկիչ գնման ուսումնասիրության ժամանակ՝ օրենսգրքով սահանված կարգով»,- հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն։
Ստուգումներն իրականացվում են նաև 3-րդ անձանցից ստացված տեղեկատվության հիման վրա։
Պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ մեր ներկայացրած փաստերը կուսումնասիրվեն հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների կողմից, և կտրվի համապատասխան ընթացք։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցության վերաբերյալ հարցին ՊԵԿ-ը պատասխանել է, որ տեսչական մարմինը, ըստ անհրաժեշտության, դիմում է Պետական եկամուտների կոմիտե՝ իրացված դեղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
Փետրվարի 26-ին պետական կառույցներին հարցումներ ուղարկելուց անցել է մեկ ամսից ավելի։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեռևս չի հայտնել՝ արդյոք որևէ ուսումնասիրություն կատարվել է մեր մատնանշած դեղատներում, թե ոչ։
Առողջապահության նախարարությունը, որը քաղաքականություն մշակողն է, նշում է, որ չգրանցված դեղերի վերահսկողության որևէ գործառույթ չունի, իսկ դեղերի գրանցման ընթացակարգը հավասարեցված է ԵՄ ստանդարտներին։ Նշաձողի իջեցումը կնշանակի դեղերի որակի իջեցում։ Պետական մարմինների թույլ վերահսկողության պայմաններում չգրանցված դեղերի ազատ վաճառքը շարունակվում է։
Նկարահանումները՝ Սարո Բաղդասարյանի, Արծվիկ Դավթյանի
Կարդացե՛ք նաև․
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել