HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղտաջրերից առաջացած «լիճը» փակել է Թաիրով գյուղի ճանապարհը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրի Ֆրանց Վերֆել-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կոյուղաջրերը հոսում են փողոց ու լցվում բնակիչների տները։ Համայնքապետարանը, մարզպետարանը, Կառավարությունը, որոնց բնակիչները դիմել են, խնդիրը չեն լուծել։ Համայնքապետարանից հայտնել են, որ համայնքն ինքնուրույն միջոցներ չի կարող տրամադրել և խնդրի մասին պետք է հայտնի վերադաս մարմնին՝ Տարածքային կառավարան և ենթակառուցվածքների նախարարությանը։

«Հետքն» այցելել է Թաիրով բնակավայր եւ լսել բնակիչներին։ 

Շիրազ Մանուկյանը Ֆրանց Վերֆել փողոցի բնակիչ է։ Ամիսներ առաջ նրա տունը լցվել է կոյուղաջրով։ Շիրազը դիմել է համայնքապետարան, մարզպետարան, Կառավարություն, բոլորին տեղեկացրել խնդրի մասին, բայց լուծում չի տրվել։

Ըստ Շիրազի՝ կոյուղագիծը Խորհրդային Միության տարիներին ծառայել է որպես անձրևատար ջրահեռացման ցանց, հետո բնակիչները դրան են միացրել իրենց կոյուղագծերը։ Տարիների ընթացքում դրանք մաշվել ու վնասվել են։

«Բոլորը տեղյակ են, համայնքապետարանից եկել են, տեսել են, գիտեն, բայց ոչ մեկը ոչ մի հստակ պատասխան չի տալիս, մեկը մյուսի վրա է գցում, հենց նոր խոսում էի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի հետ, ասում է՝ իրենք պիտի մարզպետարան փոխանցեն, մարզպետարանը՝ Կառավարություն, բայց ե՞րբ, էդ փոխանցելը քանի՞ ամիս է տևում»,-ասում է Շիրազը։ Նոր տարվա օրերին էլ մեկ այլ բնակչի՝ Խաչիկ Խաչատրյանի տունն էր կոյուղաջրերով լցվել։ 

6 ամիս առաջ կոյուղագծերի վնասված խողովակները պայթել են, հոսող կոյուղաջրերի հետեւանքով ճանապարհը սկսել է քայքայվել, փողոցում ջրափոսեր են առաջացել, ժամանակի ընթացքում ջրափոսերի տարածքը մեծացել է, ճանապարհն անանցանելի է դարձել։ Ջրափոսերն այնքան մեծ են, որ մի քանի անգամ մեքենաներ են ընկել մեջը։

Ամենամեծ ջրափոսը լճի է նմանվել, այն փակում է գյուղի երկու փողոցներն իրար կապող ճանապարհը, մարդիկ ստիպված են լինում 2 փողոց շրջանցել տուն հասնելու համար։

Բնակիչների հետ խոսելուց հետո գնացինք Փարաքարի համայնքապետարան։ Համայնքապետարան էր այցելել նաև Արմավիրի մարզպետի նորանշանակ տեղակալ Խաչատուր Մկրտչյանը։ Նա ասաց, որ խնդրի մասին մարզպետարանը տեղեկացել է հունվարի վերջին եւ իր հերթին տեղեկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Խաչատուր Մկրտչյանի խոսքով՝ Փարաքարի համար մաքրման նոր կայան կառուցելու գաղափարը քննարկվում է, եթե պարզապես նորոգեն խողովակները, խնդիրը նորից կկրկնվի։

Կայանի կառուցումը կարող է երկար տևել, մինչ այդ պատրաստվում են մասնագետներ հրավիրել, որոնք կուսումնասիրեն եւ ժամանակավոր լուծում կաառաջարկեն։ 

Հարցին՝ թե ինչ պետք է անեն բնակիչները մինչև մաքրման կայանի կառուցումը, Խաչատուր Մկրտչյանը չպատասխանեց։

Փոխարենը խոստացավ սեղմ ժամկետում ժամանակավոր լուծում գտնել։

Փարաքար համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանը նշեց, որ կոյուղաջրի խնդիրն առաջացել է մոտ 6  ամիս առաջ, բազմիցս այցելել են Թաիրով, խոսել բնակիչների հետ։ Մի քանի անգամ ջրահեռացում են արել, բայց համայնքը հնարավորություն չունի խնդրին լուծում տալու, այդ պատճառով էլ հարցի լուծումը պետք է քննարկեն վերադաս մարմինների հետ։ 

Մեզ հետ հանդիպումից հետո համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանը, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը, համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ այցելեցին Թաիրով, որպեսզի փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը տեղում ծանոթանա խնդրին։

Գլխավոր լուսանկարը՝ Հայկ Մակիյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter