HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երազանքի հետևից. հնդիկ միգրանտները Հայաստանում

Հայկ Մակիյան, Լուիզ Գլում

Անցած տարվա սկզբին Իշան Կումարը (անունը փոխված է) Հնդկաստանից Հայաստան եկավ լավ կյանքի հույսով: 

Հայաստան տեղափոխվելու միտքն ընկերն էր տվել։ «Նա ասաց, որ այնտեղ շատ փող կաշխատեմ՝ ամսական մոտ հազար դոլար: Ասաց՝ եվրոպական երկիր է»,- հիշում է Կումարը: Նրա ընկերը ճամփորդությունը կազմակերպել է Հայաստանում ապրող հնդիկ գործակալի միջոցով: Կումարն ասում է, որ վճարել է 650,000 դրամ (1,610 դոլար) էլեկտրոնային վիզայի, թռիչքի և Yandex-ում վարորդ-առաքիչի աշխատանքի համար: Ոչ մի գրավոր պայմանավորվածություն չկար, բացի WhatsApp-ով զրույցը: Կումարը եկավ Հայաստան։

Նրա նոր տունը Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերրի» հյուրանոցն էր: Այն երկհարկանի քարե շենք է, որի առջևի հատվածում շարված են սկուտերները: 

Մենք այցելեցինք հյուրանոց, ներկայացանք իբրեւ զբոսաշրջիկներ: Ընդունարանի բազմոցին հոգնած դեմքերով հնդիկներ էին նստած։ Աշխատակիցն ասաց, որ հյուրանոցում ազատ տեղ չկա, իսկ ռեստորանը փակ է: 

Կումարը վեց ամիս ապրել է «Չերիի» հյուրանոցում: Գալուց որոշ ժամանակ անց նա սկսել է աշխատել Yandex առաքման ծառայությունում, բայց աշխատանքային պայմանները տարբերվում էին նրա սպասելիքներից։

«Ինձ ասել էին, որ մեկ պատվերի համար պիկ ժամերին կստանանք 1900 դրամ, իսկ մյուս ժամերին՝ 1400 դրամ։ Բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ խաբել են։ Մեզ տալիս էին 1300, 900 դրամ»։ Կումարը մեզ ցույց է տալիս Հայաստան ժամանելուց առաջ և հետո ստացած տեքստային հաղորդագրությունները, որտեղ նշվում է նրա փոփոխված աշխատավարձը։ Բայց Կումարը շատ էր աշխատում՝ առավոտից մինչև կեսգիշեր։ Ի վերջո, նրա առաջին աշխատավարձը մոտեցավ իր սպասածին՝ 384,000 դրամ (950 դոլար)։ Սակայն նա ասում է, որ կարողացել է խնայել իր վաստակած գումարի միայն մի փոքր մասը: Կումարը պետք է գործակալներին վճարեր ամսական 100.000 դրամ սննդի և մահճակալի համար: Նա տասը հոգու հետ ապրում էր մի սենյակում: Եվս 150 000 պետք է վճարեր սկուտերի վարձակալության համար։ Այս ծախսերի մասին, ըստ Կումարի, չեն ասել Հայասատան գալուց առաջ։ «Այդ ամենը վճարելուց հետո ընդամենը 50 հազար դրամ էր մնում տուն ուղարկելու համար»,- պատմում է Կումարը։

Օտարերկրացիների թվով հնդիկները Հայաստանում երկրորդն են ռուսներից հետո։ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. նոյեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հնդիկ միգրանտներին մասին հարցին ի պատասխան՝ ասաց, որ Հայաստանում ապրում է 20-30 հազար հնդիկ։ 

Հնդիկները բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստան են գալիս դեռևս խորհրդային տարիներից. նրանք ընդունվում են հիմնականում բժշկական համալսարան։ Այսօր Հայաստանի տարբեր բուհերում սովորում է 2600 հնդիկ: 

2017 թվականին Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի քաղաքացիների համար հեշտացրեց մուտքի վիզա ստանալը։ Դրանից հետո Հայաստանում ապրել և աշխատել ցանկացող հնդիկների հոսքը մեծացավ։ Ըստ Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ 2023-ին աշխատանքի թույլտվություն է տրվել 3200 հնդիկի, 2022-ին՝ 530-ի, իսկ 2021թ․-ին ընդամենը 55 հնդիկ է ստացել աշխատանքի թույլտվություն: Ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը հայտարարեց, որ Հայաստանում հնդիկներն այժմ կացության կարգավիճակ են ստանում ավելի շատ աշխատանքի, քան սովորելու հիմքով:

Մեր ուսումնասիրության ընթացքում հանդիպել ենք բազմաթիվ հնդիկ միգրանտների և լսել նմանատիպ պատմություններ։ Նրանք ասում են, որ իրենց բարձր աշխատավարձ են խոստացել, ինչն էլ դրդել է նրանց մեծ գումարներ վճարել գործակալներին Հայաստան տեղափոխվելու համար։ Ոմանց խոսքով՝ նույնիսկ ավելի շատ գումար են ծախսել, քան Կումարը՝ 1 կամ նույնիսկ 1,5 միլիոն դրամ։ Ոմանք պնդում են, որ իրենց չեն ապահովել խոստացված աշխատանքով կամ տվել են աշխատանք, բայց չեն վճարել խոստացած աշխատավարձը։ Միևնույն ժամանակ, նրանք ստիպված են մեծ գումարներ վճարել լեփ-լեցուն սենյակներում երկհարկանի մահճակալների համար։

Աշխատողների մեծ մասը, որոնց հետ մենք խոսել ենք, եկել է Հնդկաստանի Կերալա շրջանից: Կերալայի Միգրացիայի և զարգացման միջազգային ինստիտուտի նախագահ Ս. Իրուդայա Ռաջանի խոսքով՝ այստեղից մարդիկ սկսեցին զանգվածաբար արտագաղթել 1970-ականներին։ «Այն ժամանակ հիմնական գործոնները աղքատությունն ու գործազրկությունն էին»,- ասում է նա։ Այսօր նրանք հիմնականում միջին խավի «ձգտում ունեցող միգրանտներ» են, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում իրենց կենսամակարդակը բարելավելու համար: Հայաստանը նրանց թիվ մեկ ուղղությունը չէ, հնդիկները հիմնականում մեկնում են Պարսից ծոցի երկրներ, ինչպիսիք են Կատարը կամ Սաուդյան Արաբիան:

Ռաջանն ասում է, որ աշխատանքի տեղավորման գործակալությունները շատ են Կերալայում: Նրանց գովազդներն ամենուր են՝ ինքնաթիռներում, ավտոբուսներում ու երկաթուղային կայարաններում։ «Միգրացիան հույս է. հավաքագրման գործակալությունները մարդկանց երազանքներ են վաճառում,- ասում է Ռաջանն ու հավելում, որ շատ ընդունող երկրներում միգրանտները բռնության են ենթարկվում և դիմանում վատ կենսապայմաններին։-Սա ստրկության նոր ձև է: Հաճախ գաղթից հետո նրանց կյանքը շատ ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։

Կումարի գործակալը՝ Ռաիհան Սաինելաբուդինը, ժամանակին նույնպես եղել է այդպիսի «ձգտում ունեցող միգրանտ»: Նա մեծացել է Կերալայում, որտեղ նրա հայրը ոսկերչական խանութ ունի: Սաինելաբուդինը Հայաստան է եկել բժշկություն սովորելու։ 2021 թվականին նա այստեղ գրանցել է իր առաջին ընկերությունը՝ «Էդութոփ ինտերնասիոնալ»-ը։ Նրա բիզնես գործընկերն էր մեկ այլ հնդիկ միգրանտ՝ Աբին Սինդհուն, որը նույնպես գործակալ էր աշխատում: Նա այժմ սպասում է դատավարությանը հայկական բանտում։ 2023թ.-ի հունիսի 19-ին «Չերրի» հյուրանոցից տասնհինգ րոպե հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի մոտ հայտնաբերվել էր Հնդկաստանի քաղաքացու դի: Աբին Սինդհուն մեղադրվում է սպանության մեջ. նրա պաշտպանը հաստատում է, որ սպանության զոհը հնդիկ աշխատող էր: Ամբաստանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Սաինելաբուդինը վարձակալել է «Չերրի» հյուրանոցը 2021 թվականի դեկտեմբերից. հյուրանոցի գրանցված սեփականատերերն են Արմեն Ղալաչյանը և Արմեն Գյուրջյանը։ Սակայն ավելի ուշ վարձակալներից տեղեկանում ենք, որ իրական սեփականատերը նախկին քաղաքական գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Կարապետյանն է, որը հայտնի է որպես «Չերրիի Վահան»։ 

Սաինելաբուդինի ներկայիս բիզնես գործընկերը Աննա Փեթակչյանն է, նա նմանատիպ կառույց է ղեկավարել Ռուսաստանում: «Ֆայնդ Յոր Պրոգրես» ՍՊԸ-ն գրանցված է Փեթակչյանի անունով «Չերրի» հյուրանոցի հասցեում՝ որպես տուրիստական օպերատոր: Ընկերությունը գրասենյակ ունի նաեւ Հնդկաստանի Կերալա նահանգում: Ընկերության գովազդներում արտագնա աշխատողներին խոստանում են «հրաշալի աշխատավարձ և պայմաններ» և «պարգևատրում քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար»:

Կումարի փորձը տարբերվում է գովազդների նկարագրությունից. նա պատմում է, որ սկուտերով վթարի ենթարկվելուց հետո ստիպված էր թողնել առաքչի գործը և ուրիշ աշխատանք փնտրել։ Մի քանի ամիս նա գործազուրկ էր, չէր կարողանում վճարել «Չերրիում» կեցության վարձը, ուստի պարտք է մնացել գործակալներին: Հետագայում նա մի քանի աշխատանք է ստացել, բայց դրանք կարճաժամկետ էին։ Կումարը ստիպված էր իր գործակալներին վճարել նաև միջնորդավճար այս աշխատանքների համար: Նա ցանկանում էր հեռանալ «Չերրիից», բայց, գտնվելով օտար երկրում, նրա համար դժվար էր կողմնորոշվել նոր միջավայրում։

Նրա ընկերներից ոմանք, ի վերջո, ինքնուրույն աշխատանք են գտել, և Կումարը ցանկանում էր միանալ նրանց: Բայց այլ խնդիր կար. նրա խոսքով՝ գործակալները վերցրել էին իր անձնագիրը: Նա ստիպված էր ստել նրանց՝ անձնագիրը հետ ստանալու համար։ «Ես ասացի, որ ուզում եմ գնալ Հնդկաստան, ուզում եմ տոմս վերցնել, որ անձնագիրս վերադարձնեն։Ես ուղղակի փախա այնտեղից։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել»,-պատմում է Կումարը։

Մի քանի հնդիկ տղամարդ, ովքեր մնացել էին «Չերրիում», ասացին, որ իրենց անձնագրերը նույնպես վերցրել են: Մեր ձեռքի տակ է ոստիկանություն ներկայացված մի հաղորդում, որտեղ մի քանի հնդիկ Սաինելաբուդինին և Փեթակչյանին մեղադրում է անձնագրերը վերցնելու մեջ։ Նրանցից մեկին, ըստ հաղորդման, ծեծել են։ Միգրանտներից մեկն ասաց, որ բողոքել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը։ Մենք կապ հաստատեցինք դեսպանատան հետ։ Հյուպատոս Ադիտյա Պանդեյը ոչ հրապարակային զրույցի ընթացքում ասաց, որ մեր հարցերը գրավոր ուղարկենք դեսպանին։ Սակայն դեսպանատունը մինչ օրս չի պատասխանել 2023թ.-ի դեկտեմբերին ուղարկված գրավոր հարցմանը:

Մեզ հանդիպած մի քանի հնդիկներ պատմեցին նաև այլ դեպքեր, թե ինչպես է Սաինելաբուդինը բռնություն գործադրել, ուղարկեցին խմբակային զրույցի էկրանապատկեր, որտեղ մի հնդիկ տարածել է իր մարմնի կապտուկների լուսանկարը: Ըստ ոստիկանությունում նրա տված հայտարարության՝ Սաինելաբուդինը մի քանի այլ հնդիկների հետ ծեծել է իրեն՝ գցել են հատակին, ոտքերով հարվածել որովայնին, բռունցքով հարվածել գլխին։ Հետո ածելիով սափրել են գլուխն ու մորուքը։ Այս գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Փեթակչյանից հետաքրքրվեցինք այս դեպքերով. նա հերքեց մեղադրանքները։ 

ՀՀ քրեական օրենսգրքի՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ 188-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է, ինչպես նաև՝ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը, պահելը՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով։

«Կարևոր կետը աշխատողների հավաքագրման դրդապատճառն է,- ասում է փաստաբան Արա Ղազարյանը:- Եթե նպատակը ոչ թե նորմալ և անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելն է, այլ շահագործելը, ապա դա արդեն հանցագործություն է»: Միգրանտին աշխատանքի ընդունելը, ով չունի ներգաղթի կարգավիճակ կամ աշխատանքի թույլտվություն, նույնպես հանցագործություն է։ Նույնը վերաբերում է աշխատանքային իրավունքների ոտնահարմանը, որոնք նույնն են բոլորի համար։ «Աշխատանքային միգրանտներին,- նշում է Ղազարյանը,- չպետք է կանխիկ վճարեն, նրանք պետք է ունենան գործող աշխատանքային պայմանագիր, նորմալ աշխատանքային ժամեր, ամենամյա արձակուրդ, հիվանդության արձակուրդ, հանգստյան օրեր: Այս դեպքերի հետ կապված խարդախության, թրաֆիքինգի կամ շահագործման ցուցիչներ կա՞ն։ Ես կասեի՝ այո»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն ասում է, որ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը 2023 թվականին քննարկել է հնդիկ աշխատանքային միգրանտների թրաֆիքինգի հնարավոր զոհերի 14 դեպք: «Նրանցից ոչ մեկը չի ճանաչվել որպես թրաֆիքինգի զոհ․ եղել են աշխատանքային հարաբերությունների խախտումներ և խարդախություն: Որոշ դեպքերում անձնագրերը վերցվել են գործատուների կողմից, բայց, իրենց ունեցած տեղեկություններով, ոչ ստիպողաբար»,- նշում է Բոստանչյանը։ Ըստ Մարդկանց թրաֆիքինգի եւ զոհերի նույնացման հանձնաժողովի ունեցած տվյալների՝ անձնագրերը տրվել են գործատուին՝ աշխատանքի թույլտվության փաստաթղթերը պատրաստելու համար։ Այս դեպքերով քննությունը շարունակվում է։

Հայաստան մուտք գործելու համար Հնդկաստանի քաղաքացիները պետք է ստանան առցանց մուտքի վիզա ռավելագույնը 120 օր ժամկետով՝ ևս 60-օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե Հնդկաստանի քաղաքացին Հայաստան է եկել աշխատելու նպատակով, նրա գործատուն օրինական ժամկետում պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու համար։ Տարեկան վճարը 105000 դրամ է։ Հայտերի դիտարկման համար սահմանված է մեկամսյա ժամկետ:

Փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ չէ անձնագրի բնօրինակը տրամադրել։ Պարզ պատճենը բավական է: Գործակալների կողմից անձնագրերը պահելը թրաֆիքինգի սկզբնական ցուցանիշներից մեկն է։ «Անձնագիրը պահելով՝ վերահսկում են միգրանտի տեղաշարժն ու կյանքը»,- ասում է նա։ 

Մեր ուսումնասիրության ընթացքում հաղորդագրություն ստացանք Աննա Փեթակչյանից։ Մենք նախատեսում էինք կապ հաստատել նրա հետ, բայց, ըստ երևույթին, «Չերրի» հյուրանոցում ապրող աշխատանքային միգրանտներից մեկն արդեն տեղեկացրել էր, որ հետաքրքրվում ենք հնդիկ միգրանտներով:

«Իմ իրավաբանը ձեր դեմ բողոք է կազմում, սպասեք խաբարի»,- գրել էր նա։

Հաջորդ օրը մեկ ժամից ավելի հեռախոսազրույց ենք ունենում Աննայի հետ։ Նա համաձայնում է հարցազրույց տալ մեզ «Չերրի» հյուրանոցում։

Փեթակչյանը և Սաինելաբուդինը ողջունում են մեզ և ծանոթացնում հյուրանոցին, գործակալության պայմաններին: Ըստ նրանց՝ բոլոր աշխատողները նախապես վճարում են 1500 դոլար, որի մեջ ներառված է ինքնաթիռի տոմսը, աշխատանքի տեղավորումը, մեկ ամիս կացարանում մնալը և սնունդը: Ըստ երևույթին, որոշ պայմաններ փոխվել են Կումարի ժամանելուց հետո: Փեթակչյանը հաստատում է, որ այն ժամանակ սնունդն ու վարձն անվճար չեն եղել՝ հավելելով, որ այս մասին աշխատողներին տեղյակ են պահել մինչ ժամանելը։ Բացի այդ, բոլոր աշխատողների հետ հիմա պայմանագրեր են կնքում։ Նա մեզ ցույց է տալիս փաստաթղթերով լի մի տրցակ՝ պայմանագրեր են: Դրանցից մեկը կարդում ենք ու տեսնում, որբացակայում են աշխատավարձի չափն ու գործակալի ստորագրությունը։

Երբ աստիճաններով իջնում ենք հյուրանոցի ներքնահարկ, զգում ենք, թե ինչպես է փոխվում մթնոլորտը: Մենք հասնում ենք երկար միջանցքին, որի երկու կողմերում սենյակներ են: Փեթակչյանն ասում է, որ այստեղ՝ ներքնահարկում, 40 աշխատող է ապրում։ «Ես չեմ ասում, որ դա կատարյալ է, բայց դա նվազագույնն է, որն անհրաժեշտ է հնդիկներին»: 

Մեր խոսակցությանը միանում են երեք հնդիկ աշխատողներ։ Նրանք ասում են՝ աշխատավարձ չեն ստացել։ Փեթակչյանը պատասխանում է, որ անձնական խնդիրների պատճառով չի կարողացել գալ «Չերրի», դրա համար էլ չի վճարել։

Սաինելաբուդինը հավելում է. «Այստեղ հարյուր մարդ կա։ Բոլոր աշխատողները աշխատավարձ ստանում են, ինչու հենց իրենք միայն խնդիր ունեն»։

Փեթակչյանն ասում է, որ մարդիկ գալիս են այստեղ՝ չունենալով աշխատանք, ապրելու տեղ, ուտելիք։ Նա կանչում է ընդունարանի աշխատակցին, որը եկել է ուրիշ գործակալի միջոցով, ուրիշ հյուրանոցից, բայց հետո տեղափոխվել է «Չերրի», աշխատանքի է անցել ընդունարանում։

Աշխատակիցն ասում է, որ Հայաստան գալու համար վճարել է ավելի քան 700.000 դրամ, սակայն ժամանելուց հետո գործակալը լքել է իրեն։

«Մեկուկես ամիս աշխատանք չունեի։ Ամեն օր միայն լավաշ էի ուտում ու ջուր խմում»,- իր վիճակը նկարագրում է նա։ Բնակվարձը 45000 դրամ էր, ուստի աշխատանք էր փնտրում։ «Բացի այդ, յուրաքանչյուր աշխատանքի համար մենք պետք է միջնորդավճար վճարեինք, իսկ երկու, երեք շաբաթ աշխատելուց հետո մեզ դուրս էին հանում ու ասում՝ լավ չեք աշխատում»,- պատմում է հնդիկ միգրանտը։ Ի վերջո, «Չերրի» հյուրանոցում բաց հաստիքի հայտարարություն է տեսել, դիմել է և անցել աշխատանքի։

Աշխատավարձից բողոքող երեք աշխատողները մեզ ասում են, որ Հայաստան գալու համար վճարել են մոտ 1,4 միլիոն դրամ։ Այդ գումարի մի մասը ստացել է Հնդկաստանում գտնվող մեկ այլ գործակալ: Փեթակչյանն ասում է, որ իրենց բիզնեսը «շատ բարդ կառուցվածք ունի»: Մեկ աշխատողի մեջտեղում երբեմն 3-4 գործակալ կա, և յուրաքանչյուրը միջնորդավճար է ստանում:

Փեթակչյանը պնդում է, որ «Ֆայնդ Յոր Պրոգրես» ՍՊԸ-ն ստացել է այդ աշխատողների վճարած գումարի միայն կեսը։

Մեր զրույցին հյուրանոցում ապրող այլ հնդիկներ են միանում: Մի քանիսը պնդում են, որ Սաինելաբուդինն ու Փեթակչյանը վերցրել են իրենց անձնագրերը: Սաինելաբուդինը հակադարձում է նրանց՝ ասելով. «Դուք ապացույցներ ունե՞ք:

Փեթակչյանը հաստատում է, որ իրենք աշխատողների անձնագրերը վերցնում են, բայց միայն՝ կացության կարգավիճակի թղթերը պատրաստելու համար։ «Հետո վերադարձնում ենք անձնագիրը»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր զրուցակից աշխատողների համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստել, հետեւաբար նրանց անձնագրերը չեն վերցրել։ 

Մենք չենք կարող ասել, թե ով է իրավացի. ամեն դեպքում, մեզ հանդիպած հնդիկ միգրանտներից ոմանք առանց անձնագրի են։

«Չերրի» հյուրանոցից դուրս գալուց մի քանի րոպե անց Փեթակչյանից հաղորդագրություն ենք ստանում. «էս տղաներին դուրս եմ հանում։ Էնպես որ, կարող եք իրենց կանչել ու մի քիչ դրամա սարքել»: Հետո տեղեկանում ենք, որ Փեթակչյանը հյուրանոցից հանել է այն աշխատողներին, ովքեր մեր ներկայությամբ բողոքում էին չվճարված աշխատավարձի և անձնագրերի համար։

Փեթակչյանի և Սաինելաբուդինի համար «Ֆայնդ Յոր Պրոգրես» ՍՊԸ-ն առայժմ հաջողակ բիզնես է։ Մի քանի ամիս առաջ նրանք երկրորդ հանրակացարանն են բացել Երևանի Էրեբունի թաղամասում։

Փեթակչյանը պնդում է, որ իրենք աշխատում են Հայաստանի խոշորագույն ընկերությունների՝ հյուրանոցների, ռեստորանների, բենզալցակայանների հետ։ Այդ ընկերություններից մեկն էլ Yandex-ն է, որտեղ Կումարը աշխատում էր որպես առաքիչ:

Մենք փորձեցինք այս ընկերությունից պարզել, թե ի՞նչ պայմաններով է աշխատանքի ընդունում, արդյոք ստուգո՞ւմ են աշխատողների իրավական կարգավիճակը։ 

Ահա Yandex-ի մամլո ծառայության մեկնաբանությունը.«Yandex Delivery-ն տեղեկատվական ծառայություն է, որն օգնում է Yandex Go հավելվածի օգտատերերին գտնել առաքման պատվերների համար կատարողների, իսկ գործընկերներին՝ ընդունել այդ պատվերները կատարման համար: Առաքման ծառայությունները մատուցվում են ծառայության գործընկերների կողմից, որոնք պարտավոր են ծառայություններ մատուցելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության բոլոր պահանջները: Առաքիչները Yandex-ի աշխատակիցներ չեն, ընկերությունը նրանց հետ առևտրային կամ աշխատանքային հարաբերություններ չունի»:

«Միգրացիան Հայաստանում ստվերային աշխատաշուկա է ստեղծել։ Գործատուները ցանկանում են նման էժան աշխատուժ»,- ասում է միգրացիայի փորձագետ Ս. Իրուդայա Ռաջանը՝ հավելելով, որ համատեղ քաղաքական ջանքեր են անհրաժեշտ աշխատանքային միգրանտների վիճակը բարելավելու համար: «Մենք պետք է վերանայենք միգրացիոն քաղաքականությունը Հնդկաստանում և Հայաստանում։ Դուք պետք է պաշտպանեք նրանց՝ անկախ նրանից, որ նրանք հնդկական անձնագրեր ունեն»,- եզրափակում է նա:

Երբ մեր առաջին հանդիպումից մեկ ամիս անց խոսեցինք Կումարի հետ, նա գործազուրկ էր։ Գործարանի մենեջերը, որտեղ նա աշխատում էր, ասաց, որ Կումարին ազատել են աշխատանքից առողջական խնդիրների պատճառով։ Այժմ Կումարը ցանկանում է վերադառնալ Հնդկաստան, բայց ինքնաթիռի տոմսի փող չունի։ Բացի դրանից, նրան գումար է անհրաժեշտ պարտքերը մարելու համար, որ վերցրել էր Հայաստան գալու համար։

«Այս ամենից հետո ես ուզում եմ վերադառնալ Հնդկաստան»,- ասում է Կումարը, բայց առայժմ դա անհնար է։

Լուիզ Գլումը «Հետքի» հետ համագործակցող գերմանացի լրագրող է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter