Վտանգավոր թափոններ. ինչ ճանապարհ է անցնում օգտագործված ձեթը
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են անում սննդի կետերն իրենց օգտագործած ձեթի թափոնները։ Գիտե՞ք, որ դրանք 4-րդ դասի վտանգավորության թափոններ են համարվում ու ենթակա են վերամշակման։ Ձեթը ջրում չի լուծվում, կոյուղի լցվելիս այն խառնվում է կեղտաջրերին ու թափվում գետեր, խառնվում ոռոգման ջրերին, հասնում դաշտեր, այգիներ։ Ջրում չլուծված ճարպային մնացորդները վտանգավոր են թռչունների ու ջրում ապրող կենդանի օրգանիզմների համար։ «Հետքը» փորձել է պարզել Հայաստանում գործող սննդի կետերում գոյացող ձեթի թափոնների հետագա ճակատագիրը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ գործում է սննդի 3156 կետ։ Դրանց չնչին տոկոսն է օգտագործված ձեթը հանձնում վերամշակման։ Մեր այցելած սննդի որոշ կետերում օգտագործված ձեթը պարզապես լցնում էին կոյուղի։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք վերահսկողություն կա թափոնների նկատմամբ, և ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մարդու առողջության վրա։
Նախարարությունից հայտնել են, որ այս հարցերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, հաշվի առնելով, որ օգտագործված ձեթը թափոն է, առաջարկել են դիմել Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մեր հարցման ի պատասխան պարզաբանել է, որ թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն իր գործառույթների շրջանակներում է, իսկ աղբավայրերի և աղբահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։
«Սննդի կետերում և ռեստորաններում օգտագործումից առաջացած ձեթի թափոնները, համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին Բնապահպանության նախարարի հրամանով սահմանված հավելվածի, հանդիսանում են 4-րդ դասի վտանգավորության թափոններ, որոնք թափոնների գործածության ոլորտում համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների կողմից տեղափոխվում են աղբավայրեր կամ լիցենզավորված վնասազերծող կազմակերպություններ՝ ոչնչացման նպատակով»,- ասվում է նախարարության պատասխանում։
Երևանի մի շարք սննդի կետերում «Հետք»-ին պատմել են, թե ինչ են անում իրենց ձեթի թափոնները։
«Երեմյան փրոջեքթ» ընկերությունը, որն ունի 13 ռեստորան մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ իրենց ընկերությանը պատկանող «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սննդի օբյեկտներում օգտագործված բուսական ձեթի թափոնի ողջ ծավալը տրամադրվում է «Պոիլ ԱՌՄ» ընկերությանը:
«Կարաս» ազգային սննդի ցանցից մեզ հայտնել են, որ ձեթի թափոնը թափում են։
«Բլեք սթար բուրգեր» ընկերությունը նույնպես թափում է ձեթի թափոնները։ «Ռինգո» ընկերությունից հայտնեցին, որ առհասարակ ձեթի թափոն չեն ունենում։ Որոշ ընկերություններ, ինչպիսիք են՝ «Գրանդ քենդին», «Սաս գրուպը» պարզապես չեն պատասխանել մեր հարցմանը։
Կենսաբանության գիտությունների թեկնածու, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը «Հետք»-ին պատմեց, որ արագիլների ու ջրում ապրող օրգանիզմների կյանքը վտանգվում է կոյուղաջրերի հետ գետեր արտանետված թափոնների պատճառով։
Թռչնաբանի խոսքով, ձեթի թափոնները համարվում են 4-րդ դասի վտանգավորության և օրենքը թույլ է տալիս այն կամ որոշակի խորության վրա թաղել հողում, կամ հանձնել վերամշակման և գումար աշխատել։ «Պատկերացրեք, Հայաստանի նման երկրում, որն ունի սահմանափակ ռեսուրսներ, կարելի է աղբից գումար աշխատել ու այդ կերպ նաև չվնասել բնությանը, պետք է այս պրակտիկան գործածական լինի մեր տնտեսվարողների շրջանում»,- ասում է թռչնաբանը։
Հայաստանում վերջին տարիներին որոշ ընկերություններ օգտագործված ձեթի վերամշակմամբ ու արտահանմամբ են զբաղվում։ Նրանք ռեստորաններից գնում են օգտագործված ձեթն ու արտահանում ԵՄ երկրներ, որտեղ ձեթից պատրաստում են բիոդիզել, բիոգլիցերին, կամ օգտագործում են կոսմետիկայի արտադրության մեջ։
«Բիո Օյլ» ընկերության հիմնադիր Պավել Օգանեզովը մեկ տարվա ընթացքում հասցրել է 450-ից ավելի գործընկեր ձեռք բերել, որոնցից օգտագործված ձեթը գնում է, օգտահանում (ուտիլիզացնում) և արտահանում ԵՄ երկրներ՝ վերամշակման։ Պավել Օգանեզովը նպատակ ունի Հայաստանում ձեթի վերամշակում սկսել ու արտահանելու փոխարեն տեղում ձեթից բիոդիզել ստանալ։
«Շատ կարևոր է, որ մեր ռեստորանները, սննդի կետերը հասկանան, որ սա ոչ միայն բիզնես է, այլ գաղափար, որը նպատակ ունի պահպանել բնությունը։ Այն, ինչ հավաքագրվում է մեր պահեստում, Հայաստանում օգտագործված ձեթի փոքր տոկոսն է, պատկերացնու՞մ եք՝ ինչ ծավալների ձեթ է թափվում բնություն, որը պարզապես կարելի է վերամշակել»,- ասում է Պավել Օգանեզովը։
Նա հորդորում է ձեթ օգտագործող ընկերություններին թափոնները հանձնել վերամշակման, այդպիսով օգնել նոր զարգացող բիզնես գաղափարներին, աղբից գումար աշխատել, ինչպես նաև չվնասել ու պահպանել բնությունը։
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը կարծում է, որ պետք է բարձրացնել տնտեսվարողների իրազեկումը, որպեսզի նրանք իմանան այն ռիսկերի ու վտանգների մասին, որը կարող է առաջացնել ձեթի՝ շրջակա միջավայր արտանետումը։
«Երբ մենք հրապարակեցինք արագիլների աղտոտման մասին մեր հոդվածը, այնտեղ պարզ երևում էր, որ ձկնաբուծարաններից արտանետված ձկնային թափոններից տուժում են արագիլները։ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմեց մի ձեռնարկ, որտեղ պարզ նկարագրվում էր, թե ինչ կարելի է անել այդ թափոնների հետ և ինչ չի կարելի։ Կազմակերպվեցին մի քանի հանդիպումներ ձկնաբուծարանների ղեկավարների հետ, ու մենք տեսնում ենք, որ արդեն արդյունք կա, մեր ինդիկատորը սպիտակ արագիլն է։ Իրազեկմանը զուգահեռ տեսչական մարմինը ևս խիստ ստուգումներ էր իրականացնում ձկնաբուծարաններում։ Նման իրազեկման արշավներ, խիստ վերահսկողություն կարելի է իրականացնել նաև ձեթային թափոններ ունեցող արտադրամասերի հետ, քանի որ օրենքը մեզ թույլ տալիս է իրականացնել այդ վերահսկողությունը, մնում է միայն օրենքը կիրառել»,- ասում է Կարեն Աղաբաբյանը։
Աղաբաբյանն առաջարկում է ձեթ օգտագործող ռեստորանների և արտադրամասերի համար սահմանել էկոլոգիական սանդղակ։ Օգտագործելով իրազեկման միջոցները՝ սոցցանցեր, հանդիպումներ տնտեսավարողների հետ, կկրճատվեն բնության աղտոտման դեպքերը։
«Պետք է կազմակերպել իրազեկման միջոցառումներ, որպեսզի մեծացնենք պատասխանատվությունը։ Առաջիկայում մենք պատրաստվում ենք հետևողական լինել նաև ձեթային թափոններ ունեցող ընկերությունների նկատմամբ։ Վերամշակող ընկերությունների մարկետինգային մասնագետները, Շրջակա միջավայրի նախարարության լրատվական բաժինը պետք է զբաղվեն, մեկը մյուսին բացարձակ չի խանգարում»,- նշում է Կարեն Աղաբաբյանը։
Նրա կարծիքուվ՝ իրազեկման և վերահսկողության մեխանիզմներ կիրառելով՝ հնարավոր կլինի հաջողությունների հասնել ու զգալիորեն կրճատել շրջակա միջավայր արտանետվող ձեթային թափոնների քանակը։
Մեկնաբանել