Գետամեջում հոսանքի լարման պատճառով կենցաղային տեխնիկան փչանում է
Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչների կենցաղային տեխնիկան շարքից դուրս է գալիս էլեկտրական լարման տատանումների պատճառով։ Գյուղում գործող էլեկտրական ենթակայանի հզորությունը բավարար չէ բոլոր տներին անհրաժեշտ լարման էլեկտրականությամբ ապահովելու համար։ Երեկոյան ժամերին լարման տատանումը 150 վոլտի է հասնում, ցերեկվա ժամերին լարումը տատանվում է 210-240-ի սահմանում։ Այսպիսով, բնակիչները չեն կարողանում երեկոյան ժամերին ցածր լարման պայմաններում կենցաղային տեխնիկա օգտագործել։
Գետամեջի բնակիչ Ալեքսան Եղիազարյանը այս հարցով բազմիցս դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Ըստ Ալեքսանի՝ ընկերությունից մի դեպքում ասել են, որ դեռևս միջոցներ չունեն նոր ենթակայան կառուցելու համար, մեկ ուրիշ անգամ խոստացել են կարգավորել խնդիրը, բայց ապարդյուն։
Գետամեջը ամառանոցային բնակավայր է։ Բնակիչների մեծ մասը մշտապես չի ապրում։ Գյուղում լինում են տարվա մի քանի ամիսներին, հիմնականում՝ ամռանը։ Մշտական բնակիչների համար հոսանքի լարման տատանումները մեծ խնդիրներ են առաջացնում։
Ալեքսանը հոսանքի տատանումները չափող սարք է գնել։ Այն ամբողջ օրը միացված է վարդակին, Ալեքսանն ու ընտանիքի անդամները կարողանում են հետևել լարման տատանումներին ու հասականալ, թե երբ կարող են կենցաղային տեխնիկա օգտագործել։
Ցածր լարման պայմաներում՝ 150 վոլտ, անգամ հեռախոս հնարավոր չի լինում լիցքավորել։
Պարզաբանում ստանալու համար դիմել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, որտեղից հայտնել են, որ 2024 թվականի ներդրումային ծրագրով նախատեսվում է Գետամեջում նոր ենթակայան կառուցել։ Հոսանքի տատանումների հետեւանքով կրած վնասների հատուցման համար բաժանորդները կարող են դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գլխավոր նկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի,
լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել