HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ փոխպետքարտուղարը կայցելի Ադրբեջան և Ռումինիա

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայք էջում։

Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, Օ'Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ «երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու նպատակով»։

Ռումինիայում փոխպետքարտուղարն էլ Մոլդովայի և Ուկրաինայի պաշտոնյաների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կմասնակցի ուկրաինական հացահատիկի արտահանմանը նվիրված հանդիպմանը: Այնտեղ ամերիկացի պաշտոնյան մտադիր է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ավելի վաղ, փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենին Բաքուն մեղադրել էր հայամետ հայտարարությունների ու դիրքորոշման մեջ։ Նա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել էր, որ Պետքարտուղարությունը համապարփակ զեկույց է պատրաստում սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց նախորդող դեպքերի մասին:

«Ես ուզում եմ հավաստիացնել հանձնաժողովին, որ պետքարտուղարի հանձնարարությամբ մենք համապարփակ, մանրամասն և թափանցիկ զեկույց ենք պատրաստում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ օրերին, այլև դրան նախորդած մի քանի ամիսների ընթացքում»,- ասել էր ամերիկացի դիվանագետը։ 

Ջեյմս Օ’Բրայենը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ 

«Մենք պարզորոշ կերպով հասկացրել ենք, որ Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (Արցախի վրա ադրբեջանական հարձակումը- խմբ.), մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները, և (աջակցության հետագա տրամադրման) պայմաններից չենք հրաժարվի, մինչև չտեսնենք իրավիճակի իսկական բարելավում»,- հայտարարել էր դիվանագետը։

Լուսանկարը՝ ecfr.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter