HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնի տեղահանում. տարեց մայրն ու հոգեկան խնդիր ունեցող որդին չեն ուզում իրարից բաժանվել

«Էդ օրը՝ սեպտեմբերի 29-ը, շատ վատ օր էր։ Մատների վրա հաշված մարդիկ էին մնացել Ստեփանակերտում։ Շատ էինք վախեցել։ 3 օր տղայիս հետ Ստեփանակերտի հրապարակում ենք եղել` գիշեր-ցերեկ։ Սեպտեմբերի 29-ին վերջին ավտոբուսներն էին շարժվում դեպի Հայաստան։ Էդ ավտոբուսներից մեկով էլ մենք եկանք»,-պատմում է Արցախից տեղահանված Անժելա Ավագյանը։

Անժելան որդու՝ Մուշեղ Ավագյանի հետ ապրում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում։ 150-ից ավելի տարեցներ ու հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ Արցախից բռնի տեղահանվելուց հետո տեղավորվել էին համալսարանի ուսումնական բազայի շենքում։ Նրանցից մոտ 50-ը տեղափոխվել է Հայաստանի տարբեր հոգեբուժարաններ և տարեցների խնամքի կենտրոններ։

Անժելայի որդին՝ 51-ամյա Մուշեղ Ավագյանը, հոգեկան առողջության խնդիր ունի։ Մոր պատմելով՝ 18 տարեկանում բակի տղաներից մեկի հետ վիճաբանել է, տղան հարվածել է Մուշեղի գլխին, որից հետո նրա մոտ տարօրինակ վարք է նկատվել։

Ստեփանակերտի բժիշկներն ասել են, որ գլխին ստացած հարվածներից Մուշեղի հոգեկան առողջությունը խախտվել է։ Անժելան Մուշեղին նաև Երևան է բերել՝ հոգեկան առողջության պահպանման կենտրոն, բայց այստեղ ասել են, որ ոչինչ անել չեն կարող։ Դեղեր են նշանակել՝ վիճակը կայուն պահելու համար։ 

Անժելա Ավագյանն ինքն էլ առողջական խնդիրներ ունի՝շաքարային դիաբետ, ճնշման տատանումներ։ Մայր ու որդի հաշմանդամության 2-րդ կարգ ունեն։ Անժելան  

 72-ամյա կինը որդու միակ խնամակալն է։ Ժամանակ առ ժամանակ, Մուշեղը բուժում է ստացել Ստեփանակերտի հոգեբուժարանում, բայց նրա խնամքով հիմնականում մայրն է զբաղվել՝տան պայմաններում։ Ամիսը մեկ ագամ Մուշեղը դեղորայքային ներարկում է ստանում։ Շրջափակման օրերին, երբ Ստեփանակերտի դեղատները դատարկ էին, Մուշեղը երկու ամիս ժամկետանց դեղեր է ստացել, որը նրա վիճակն ավելի է վատացրել։ 

Հայաստան գալուն պես հերթական ներարկումը ստացել է, այժմ Մուշեղի վիճակը համեմատաբար կայուն է։ 

Անժելան նաև դուստր ունի։ Դստեր ընտանիքը տեղահանվել է Շուշիից, հիմա Անժելայի թոռներն ու ծոռներն ապրում են Երևանի տարբեր վարչական շրջաններում՝ վարձակալած բնակարաններում։ Անժելան ու Մուշեղը նրանց մոտ տեղափոխվել չեն կարող, քանի որ բնակարանները փոքր են։ Բացի այդ, Անժելան չի ուզում անհարմարություն պատճառել։ 

Երիտասարդ տարիներին Անժելան աշխատել է որպես հաշվապահ, զուգահեռաբար նաև հավաքարարություն է արել, որպեսզի թոռներին օգնի կրթություն ստանալ։

Աժմ աշխատել չի կարող։ Վերջին տարիներին Արցախում ապրել են իր և Մուշեղի թոշակով։ Անժելայի ամուսինը 5 տարի առաջ է մահացել։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Անժելային ասել են, որ շուտով պետք է ազատեն ուսումնական բազայի իրենց սենյակը։ Նա չգիտի, թե ուր են գնալու։ Տուն վարձելու հնարավորություն չունեն։

Ուսումնական բազայի բնակիչներին հիմնականում տեղափոխում են Հայաստանի տարեցների խնամքի տարբեր կենտրոններ կամ հոգեբուժարաններ։ Եթե Անժելային տեղափոխեն ծերանոց, որդին՝ Մուշեղը, մենակ կմնա։ Անժելան չի ուզում նաև, որ Մուշեղին հոգեբուժարան տեղափոխեն, քանի որ միշտ իր խնամքի տակ է եղել։ Նրանք անելանելի վիճակում են, դեռևս չեն ստացել թոշակը։ Անժելան ստացել է միայն 100 000 դրամ միանվագ և 50 000 դրամ դրամական աջակցությունը։ Մուշեղը դեռ դրանք էլ չի ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter