HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի մեղվապահն ուզում է նորից սիրած գործով զբաղվել

Արարատի մարզի Նոյակերտ գյուղի նախկին բուժամբուլատորիայի բակում կանգնած «ՈՒՐԱԼ»-ը միանգամից ուշադրություն է գրավում։ Հրահատ Մոսյանն այդ մեքենայով Արցախից Հայաստան է տեղափոխել գյուղի կանանց ու երեխաներին։

Երկար տարիներ չշահագործվող բուժամբուլատորիայի շենքն այժմ բռնի տեղահանված արցախցիներով է բնակեցված։ 

Հրահատը եղբոր՝ Անդրանիկ Մոսյանի ընտանիքի հետ մինչեւ 44-օրյա պատերազմն ապրել է Արցախի՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Տումիից տեղահանվելուց հետո նրանք 3 տարի ապրել են Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։ 

Արցախում նրանք մեղվաբուծությամբ են զբաղվել։ 

Տումիից դուրս գալիս ոչինչ չեն հասցրել վերցնել։ Խնածախում նորից փեթակներ են գնել։ Սկսել են 40 մեղվափեթակից եւ երկու տարվա ընթացքում դրանց թիվը հասցրել 100-ի։ Արցախի դեմ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ նորից ստիպված են եղել թողնել ամեն ինչ ու դուրս գալ Արցախից։ Հրահատը նախընտրել է «ՈՒՐԱԼ»-ով ոչ թե փեթակները, այլ գյուղացիներին տեղափոխել։ 

«Ես կարայի 50-60 փեթակ հանեի, բայց ո՞նց կլիներ՝ մարդկանց թողես, մեղուներին բերես, դա ճի՞շտ կլիներ»,-ասում է Հրահատը։

Երկրորդ մեքենան էլ՝ «ՈՒԱԶ»-ը, կապել են  «ՈՒՐԱԼ»-ին, քանի որ բենզին չի եղել։ Հասել են մինչև Հակարի կամուրջ, հետո լիցքավորել ու շարունակել ճանապարհը։

Գորիսում գրանցվելուց հետո Մոսյանները եկել են Արարատի մարզ, սկզբում բարեկամի տանն են ապրել,  ապա տեղավորվել Նոյակերտի ամբուլատորիայի նախկին շենքում։ Հրահատը, եղբոր ու քույրերի ընտանիքները, եղբոր աներն ու զոքանչը, բոլորով ապրել են ամբուլատորիայում։ Ժամանակի ընթացքում քույրերի ընտանիքները տուն են վարձել ու տեղափոխվել, այժմ ամբուլատորիայի շենքում Հրահատն է՝ եղբոր ընտանիքի ու նրա աներոջ եւ զոքանչի հետ։

Ցանկանում են տուն վարձել ու տեղափոխվել, բայց դեռ հարմար տարբերակ չեն գտել։ Հրահատն ու եղբայրը՝ Անդրանիկը, նորից ուզում են մեղվաբուծությամբ զբաղվել, բայց առանց աջակցության չեն կարող։ 

«Արցախում տարիների ընթացքում ամեն ինչ ստեղծել էինք, տուն-տեղ դրել, երկու անգամ կորցրինք, հիմա չգիտեմ՝ ոնց պիտի ոտքի կանգնենք ու նորից ստեղծենք։ Նորից կուզենք մեղվաբուծությամբ զբաղվել, բայց կա՛մ պիտի վարկ վերցնենք, կա՛մ պիտի պետությունն օգնի»,-ասում է Հրահատը։

Մանրամասները տեսանյութում՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter