
Շիրակի մարզը ներառվել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրում
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Շիրակի մարզը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրում ներառելու համաձայնագրի ստորագրման առաջարկը։
Դեռևս 2018թ․ ապրիլի 3-ին Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել էր «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիր։
Այն ուղղված է եղել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև՝ կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում:
Ծրագրի շրջանակում 1 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ էր տրամադրվել սահմանամերձ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ իրականացնելու համար, լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվել են անվճար` «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» աջակցությամբ:
Ծրագիրը մեկնարկել էր 2021թ․ հունվարի 19-ին՝ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել էր Տավուշի մարզում։ Ներկայում ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզում:
Մասնավորապես, ծրագրի մեկնարկից ի վեր՝ մինչ 2022թ.-ի դեկտեմբերի 1-ը, իրականացվել է 16 457 մամոգրաֆիկ հետազոտություն, որից 61,4,%-ը Լոռու մարզում (10110 կին), 31,65%-ը Տավուշի (5209 կին) և 7%-ը Սյունիքի (1138 կին) մարզերում։
Ախտորոշումը հստակեցնելու նպատակով՝ ծրագրի մասնակիցներից 1199 կին (7,4%) ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների, որից 770-ը կամ 64%-ն անցել են լրացուցիչ հետազոտություններ (մյուսները չեն այցելել), 172 կնոջ (1.1%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է, և նրանցից 168-ին տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ այդ ծրագրով իրականացված հետազոտությունների արդյունքները փաստում են, որ այն ունի «սոցիալական նշանակություն»։
Այդ պատճառով, հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը և 3 մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքում տնտեսված գումարը, Շիրակի մարզը ներառվել է դրամաշնորհային ծրագրում։
Նշենք, որ Հայաստանում տարիներ շարունակ կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը եղել և մնում է կրծքագեղձի քաղցկեղը. տարեկան գրանցվում է 1300-ից ավելի նոր դեպք։
Կանանց մոտ կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ նույնպես առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը. հաստատված դեպքերի կեսից ավելին՝ 50%-ը, բաժին է հասնում հենց կրծքագեղձին։
Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020-2021թթ.-ին չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ հասնելով 54519 դեպքի։
Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ամենաքիչը՝ Սյունիքում։ 2021թ․ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4628 դեպք (ինչը 100 000 բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 000 բնակչի հաշվով` 1391.2 դեպք)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռու մարզին հաջորդում է Երևանը, ապա՝ Շիրակը և Կոտայքը։
Տես նաև՝
-
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց 70%-ի մոտ հիվանդության նախադրյալներ չեն եղել
-
«Քաղցկեղ ունեցող մարդկանց կեսից ավելին բուժվում է». հարցեր ուռուցքաբանին
-
2023թ.ին Երևանում և Գյումրիում շարունակվելու է կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման անվճար ծրագիրը
-
Անհրաժեշտ, բայց չգրանցված դեղեր. ինչպե՞ս է պետությունը բավարարելու հիվանդների կարիքները
Մեկնաբանել