HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց 70%-ի մոտ հիվանդության նախադրյալներ չեն եղել

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան 1300 նոր դեպք է գրանցվում։ Ռիսկի գոտում 45-55 տարեկան կանայք են։

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, ո՞ր մարզերում, ո՞րն է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման «ոսկե ստանդարտն», ու ինչ հաճախականությամբ պետք է ստուգվել։

Այս և մի շարք այլ հարցերի մասին խոսել են Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը և կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը։

 

Հայաստանում կանանց մոտ կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը. հաստատված դեպքերի կեսից ավելին՝ 50%-ը, բաժին է հասնում հենց կրծքագեղձին։

2000-ական թվականներին կրծքագեղձի քաղցկեղի տարեկան արձանագրվող թիվը մոտ 600 էր։ Այժմ այն կրկնապատկվել է. 2022-ին գրանցվել է 1300 նոր դեպք, սակայն նման տենդենցն ամբողջ աշխարհում է։ Հայաստանում այն առավել հաճախ հանդիպում է 45-55 տարեկան կանանց մոտ, նաև՝ 65-ից բարձր տարիքում։

Քաղցկեղի հայտնաբերման տոկոսը բարձր է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, նաև՝ Երևանում, ինչը, թերևս, պայմանավորված է նրանով, որ այդտեղ գործում են սքրինինգային պիլոտային ծրագրեր (ներդրվել է 2021թ. հունվարից, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև Շիրակի մարզը, ծրագիրն անվճար է), որոնց շնորհիվ շատ դեպքեր են բացահայտվում։

Սքրինինգային հետազոտությունները, ինչպես նաև՝ ախտորոշման կասկածի դեպքում լրացուցիչ հետազոտություններն արվում են անվճար և միանգամից ուղարկվում Ուռուցքաբանության ազգային կենտրոն։

Սքրինինգը, կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, որևէ գանգատ չունեցող, առողջ կանանց մոտ համատարած մամոգրաֆիկ հետազոտություն է, որի արդյունքում հնարավոր է հայտնաբերել ուռուցքային գոյացություններ կամ նախաքաղցկեղային վիճակներ՝ ամենավաղ փուլերում, որոնց մասին կինն ինքնուրույն կարող էր իմանալ մի քանի տարի անց՝ արդեն բարդացած վիճակում, ինչը, բնականաբար, կփոխեր բուժման ամբողջ ընթացքն ու արդյունքը։

Սքրինինգ իրականացվում է նաև այլ հիվանդությունների դեպքում։


Մինչ օրս սքրինինգային ծրագրերով հետազոտվել է 15000 կին, որոնցից 1000-ը հրավիրվել են լրացուցիչ հետազոտությունների (կասկածելի օջախ է հայտնաբերվել), սակայն նրանցից միայն 700-ն է ներկայացել։ 700 հետազոտվածներից 162-ի մոտ հյուսվածքաբանորեն հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղը, և նրանք այժմ ստանում են մասնագիտական բուժում։ Այդ կանանց մեծ մասի՝ 80%-ից ավելիի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում։

«Ցավոք սրտի, երբեմն անգամ հայտնաբերում ենք վաղ փուլում, բայց կինը հրաժարվում է հետագա բուժումից. սա ամենադժվար կետն է մեր ամբողջ պատմության մեջ,- ասում է Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը։- Մենք զրուցում ենք նրանց հետ, փորձում ենք ամեն կերպ նրանց հրավիրել լրացուցիչ հետազոտությունների կամ բուժման»։

Սքրինինգային ծրագրին մասնակցությունը մարզերում դեռևս ցածր է. 50-69 ռիսկային տարիքային գոտում գտնվող կանանց ընդամենը 38% տոկոսն է անցել մամոգրաֆիական հետազոտություն։ 

 Քաղցկեղ. ըստ 2022-ի Տարեգրքի
Infogram

Այնինչ քաղցկեղի վաղ հայտնաբերումը թույլ կտա ավելի մեղմ, ավելի արդյունավետ բուժում նշանակել, երբեմն նաև՝ խուսափելով քիմիաթերապիայից կամ կրծքագեղձի հեռացումից։ «Կանանց մեծամասնությունը մի պատասխան է տալիս՝ ես վախենում եմ, որ ինչ-որ բան գտնեն։ Ես հակադարձում եմ՝ ասելով՝ բա որ ունեք ու չիմանա՞ք այդ մասին»,- ասում է Ա. Ավետիսյանը։ Շատ են լինում նաև բարձիթողի վիճակներ, երբ կանայք բացահայտ գոյացություն ունենալու պարագայում էլ ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկի։

«Քաղցկեղ հայտնաբերած կանանց շրջանում 70%-ի մոտ ընդհանրապես որևէ ռիսկի գործոն չկա, այսինքն՝ միշտ չէ, որ կարելի է բացատրություն տալ՝ ինչու է քաղցկեղ հայտնվել տվյալ կնոջ մոտ,- ասում է Արթուր Ավետիսյանը։- Այսօր պայքարի ամենահայտնի, ամենաարդյունավետ միջոցը վաղ հայտնաբերումն է, կրծքագեղձի քաղցկեղն այն քիչ քաղցկեղներից է, որը վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների մեջ»։

Գոյություն ունեն կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մի քանի մեթոդներ, որոնցից ամենաարդյունավետը «ոսկե ստանդարտ» համարվող ռենտգեն թվային մամոգրաֆիան է։ Ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանի խոսքով՝ իրենք առաջնորդվում են ամերիկյան ուղեցույցներով, ըստ որի՝ 40 տարեկանը լրացած կանայք պետք է կատարեն մամոգրաֆիական հետազոտություն։

«40-44 տարիքում ցանկալի է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն տարին մեկ կամ երկու անգամ, 45-54 տարեկանում կանայք պարտադիր տարին մեկ պետք է հետազոտվեն մամոգրաֆիկ մեթոդով, քանի որ այս տարիքում է ամենահաճախը հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը»,- ասում է Ս. Ջիլավյանը՝ նշելով, որ մամոգրաֆիան բացառիկ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս բացահայտել քաղցկեղը հենց սաղմնային փուլում և ճիշտ բուժում իրականացնել։

Ինչ վերաբերում է մամոգրաֆիայի ճառագայթմանն ու դրա վնասակարությանը, Ջիլավյանն ասում է, որ այն կարծիքը, թե մամոգրաֆիան կարող է վնասել օրգանիզմը կամ արդեն առկա գոյացությունները, միֆ է և իրականությանը չի համապատասխանում։

Շատերը խուսափում են նաև բիոպսիայից (կենսազննումիրականացվում է ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով)՝ ենթադրելով, թե այն կարող է ագրեսիվացնել ուռուցքը, սակայն, Ա. Ավետիսյանի խոսքով, ապացուցվել է, որ այն որևէ բացասական կողմ չունի. «Հակառակը, որոշ դեպքերում, բիոպսիա չանելու պարագայում հնարավոր է՝ սխալ բուժում նշանակվի»,- նշում է Արթուր Ավետիսյանը։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter