HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

2023թ.ին Երևանում և Գյումրիում շարունակվելու է կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման անվճար ծրագիրը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հունվարի 31-ի հրամանով՝ 2023թ.ին նույնպես շարունակվելու է «Կոլոռեկտալ (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի) քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը»։

Այն անվճար է և նպատակ ունի բնակչության ռիսկային՝ 50-75 տարիքային խմբում վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղն ու կանխարգելել։

Հրամանով նախատեսվում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել։

2023թ.ին Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»-ի ծրագրի շահառուները (թեստի դրական արդյունքների դեպքում) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները (կոլոնոսկոպիկ և պաթոմորֆոլոգիական) և մասնագիտական խորհրդատվությունները (պրոկտոլոգի և ուռուցքաբանի) ստանալու են «Գյումրու բժշկական կենտրոն»-ում` պայմանագրային հիմունքներով:

Ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022թ հուլիսի 15-ին, անվճար է և իրականացվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկաներում:

2022թ. նոյեմբերի 30-ի դրությամբ` այս ծրագրի շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում հետազոտվել է 50-ից 75 տարեկան 1654 մարդ, որից 5%-ի կամ 86 հոգու մոտ հայտնաբերվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրանցից 9-ն ուղեգրվել է անվճար կոլոնոսկոպիկ հետազոտության:

Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում նախորդ տարի նոյեմբերին կատարվել էր 311 հետազոտություն, հայտնաբերվել էր կոլոռեկտալ քաղցկեղի 4 դեպք (1,3%-ի մոտ), որից 2-ն ուղեգրվել էին անվճար կոլոնոսկոպիայի:

ԱՀԿ-ի տվյալներով` կոլոռեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների մեջ իր տարածվածությամբ 3-4–րդ տեղն է զբաղեցնում։

2021թ տվյալներով՝ Հայաստանում  արձանագրվել է կոլոռեկտալ քաղցկեղի 756 և դրանից մահացության՝ 475 դեպք. հիվանդացության ցուցանիշը 25.5 է 100.000 բնակչի հաշվով, տարածվածությունը՝ 167.9։

Հիվանդության դեպքերի  83.6%-ն արձանագրվել է 60 և բարձր տարիքային խմբում։

Հատկապես բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը. մասնավորապես՝ 2021թ.ին կոլոռեկտալ քաղցկեղի 70.9%-ը հայտնաբերվել է հիվանդության 3–րդ և 4-րդ փուլում։

Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter