HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում են երկու երկրների ԱԳՆ մամուլի ծառայությունները։

ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանի միջնորդական դերակատարության հարցում համապատասխան աշխատանքի կարևորությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական կողմի՝ երկու երկրների նախարաները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել այդ հարցերը շարունակել քննարկել Ադրբեջան Լավրովի առաջիկա այցի ընթացքում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Նախատեսվում են բանակցություններ արտաքին գործերի նախարարի և հանդիպում նախագահի հետ։ Կդիտարկվի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ համալիրը»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ հունիսի 9-10-ը Լավրովն այցելել էր Երևան, որտեղ հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել էր, որ ավարտական փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղու համաձայնեցման գործընթացը։ Լավրովի խոսքով՝ երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։ «Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է տրանսպորտային երթուղու և դրա ռեժիմի համաձայնեցումը։ Ապաշրջափակումը հիմնվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»,- նշել էր ռուսաստանցի քաղաքական գործիչը։

Արարատ Միրզոյանը ևս անդրադարձել էր, այսպես կոչված, «միջանցք» հասկացությանը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը։ Միրզոյանի խոսքով՝ միջանցքային տրամաբանություն չկա, և դա ընդհանուր ընկալում է։ Միրզոյանն ընդգծել էր, որ հայկական կողմը հույս ունի, որ ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ գերիների վերադարձի համար։ Նրա խոսքով` ռազմական գործողություններից 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ գերիներին ու պահվող մյուս անձանց։

Կոլաժը՝ ՌԴ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter