
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման ընթացքը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի շրջանում իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Բացի այդ, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի աճի ուղղությամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Կասպյան հնգյակում փոխգործակցության խորացման վերաբերյալ։
Կոլաժը՝ ՌԴ ԱԳՆ-ի
Մեկնաբանել