ՀԱՊԿ-ը դիտարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցն ակտիվորեն քննարկվում է ՀԱՊԿ-ում։ Այդ մասին գրում է «Спутник» գործակալության բելառուսական ծառայությունը։
«Ակտիվորեն քննարկվում է այդ տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման թեման»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ստանիսլավ Զասը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են նաև ՀԱՊԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում ընթացող գործողությունները։
Ավելի վաղ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրել է Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զինյալների տեղափոխում, սակայն դեռևս դժվար է գնահատել այդ գործընթացի մասշտաբները։
«Հիմա ինձ համար դժվար է դատել դեպի ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասշտաբների և կազմակերպման մասին: Ամենայն հավանականությամբ, այն կա, այնտեղ զինյալներ, վարձկաններ են հայտնվում: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է ներկայացնում կազմակերպության համար»,- Զասի խոսքերը մեջբերել էր «TACC»-ը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Լուսանկարը՝ digital.report-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել