HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ 4-րդ բաժնի պետի տեղակալը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Ըստ այդմ՝ դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն առ այն, որ Ա. Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ:

Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանը եւ Վ. Չիլինգարյանը նրանից պահանջել են նախ 5000, ապա 3000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախնական պայմանավորվածության համաձայն` 2010թ. ապրիլի 6-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին եւ ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 206 030 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մինչ հանդիպման վայր գնալը՝ Ռ. Լաիշյանը 2010 թվականի ապրիլի 6-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ապօրինի հեռախոսակապ իրականացնելու վերաբերյալ նյութերին ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանի և Վ.Չիլինգարյանի կողմից իրենից 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին:

Ռ.Լաիշյանը Ա.Տեր-Մինասյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է տվել՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից, մասնագետի մասնակցությամբ, հատուկ քիմիական փոշով մշակված 30 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամները: Բացի այդ՝  դատարանի որոշման հիման վրա ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ն  2010 թվականի ապրիլի 6-ին ձայնագրել է Ա.Տեր-Մինասյանի ու Ռ. Լաիշյանի, ինչպես նաև՝ Վ.Չիլինգարյանի ու Ռ.Լաիշյանի՝ կաշառքի գումարը փոխանցելու նպատակով հանդիպելու վերաբերյալ հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև գաղտնատեսաձայնագրառել՝ Ա.Տեր-Մինասյանի կողմից Ռ.Լաիշյանից կաշառք ստանալու վերաբերյալ  հանդիպման ընթացքում տեղի ունեցած խոսակցությունը: 

Ա. Տեր-Մինասյանը հանցավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատարանի 20.01.12թ. դատավճռով դատապարտվել 7 տարվա ազատազրկման:  

Վ. Չիլինգարյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter