Հայաստանին տրամադրվող ԵՄ օգնությունը կրկնապատկվել է
Եվրամիության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար պրն. Շտեֆան Ֆյուլեն այսօր այցելեց Հայաստան:
Հանձնակատարը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում հանձնակատարը քննարկեց ներքին քաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, միջուկային անվտանգությունը և Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցումը: Նա նաև ողջունեց վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան հարաբերությունների զգալի ակտիվացումը` Արևելյան գործընկերության թե երկկողմ և թե բազմակողմ հարթություններում: Հանձնակատարը կոչ արեց իշխանություններին հավելյալ ջանքեր գործադրել լրատվամիջոցների բազմակարծության և ընտրությունների անցկացման ուղղությամբ:
Շտեֆան Ֆյուլեն շեշտեց բոլոր մակարդակներում շփումների կարևորության մասին` այդ համատեքստում ողջունելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին այցը Բրյուսել: Դրականորեն արձագանքելով Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ առկա առաջընթացը, որն արդյունք է հայկական կողմից պատրաստակամության և գործնական դիրքորոշման դրսևորման, հանձնակատարը նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մասնավորապես Ազատ և համապարփակ առևտրի վերաբերյալ ապագա բանակցություններին պատրաստվելու և Ասոցացման համաձայնագրի կնքվելուց հետո, դրա իրականացման ուղղությամբ:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ տարեկան օգնությունը զգալիորեն աճել է (կրկնապատկվել) 2011թ. դրությամբ (151 մլն. եվրո 2011-2013 թթ.), և այժմ ավելի է համապատասխանում երկրի կարիքներին: Այս կապակցությամբ նա հատկապես ողջունեց ԵՄ Խորհրդատվական խմբի նոր փուլի մեկնարկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել