Կամարիսը աղքատության ոլորաններում
Մարիետա Խաչատրյան
Կամարիս գյուղում 400 ընտանիք է ապրում` 2450 բնակիչ: Գյուղացիք հիմնականում բանջարաբուծությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, փոքրիկ տնամերձ այգիներ ունեն: Գյուղի հողերի միայն 10-20 տոկոսն են օգտագործում, որովհետեւ դրանք անջրդի են, ոռոգման ջուր չկա: Ոռոգման ջրի ցանցը քայքայված է, բայց քանի որ ընտանիքների մեծ մասը ոռոգման ջրի դիմաց չի կարողանում վճարել` ցանցի նորոգումն էլ հարցականի տակ է: Անցած տարի գյուղի ոռոգման ջրի պարտքը գյուղապետարանի բյուջեի հաշվին է փակվել: Այս գյուղում ավելի քան 200 ընտանիք իրեն աղքատ է հայտարարել:
Կամարիսցի 6 երեխաների մայր, 35-ամյա Գայանեն վերջին երեք երեխաներին տանն է ծննդաբերել: Եվս 2 երեխա ծնվելուց մի քանի ամիս անց մահացել են: Ընտանեկան ծնունդ համարվող վերջին երեք երեխաներից ավագը 3,2 տարեկան է, կրտսերը՝ 3 ամսական: Նրանք ծննդյան վկայական չունեն: Այսինքն՝ 3 մարդ եւ կան, եւ չկան: Չկան ընտանեկան նպաստի ցուցակներում, ընտանիքի սոցիալական անձնագրում, քանի որ առանց ծննդյան վկայականի ոչ մի օրենք չի թույլատրում նրանց մարդ համարել եւ սնվելու իրավունք տալ: Երեխաները կան ընտանիքի բանավոր ցուցակում, որով ամեն օր 6 երեխա պիտի սնվի, մերկությունը ծածկի եւ պարզապես մեծանա: Տանը ծննդաբերելու գլխավոր պատճառ Գայանեն նշեց ընտանիքի անվճարունակությունը: Վերջին երեք երեխաներից մեկին սարում է ծննդաբերել, բայց որ գյուղում էլ լիներ, միեւնույնն է, փող չկար` ծննդատուն չէր գնալու:
Ծնվելուց մի քանի ամիս անց 3 տարեկանի համար փորձել է ծննդյան վկայական ստանալ: Գյուղապետարանի տեղեկանքով գնացել է Աբովյանի ծննդատուն, սակայն այստեղ, նրա ասելով, ծննդի վերաբերյալ փաստաթուղթը ձեւակերպելու համար 15 հազար դրամ են պահանջել: Դրանից հետո Գայանեն այլեւս չի դիմել` մտովի հաշվելով, որ 3 երեխայի համար ծննդատնից փաստաթուղթ վերցնելը կլորիկ գումար է նստելու: Բնականաբար` փաստաթուղթ չունեցող 3 երեխայի ծննդյան միանվագ նպաստն էլ չէին ստացել՝ յուրաքանչյուրին 5900 դրամ: Նույնիսկ մահացած երեխաներից մեկի համար, որը հիվանդանոցում էր ծնվել եւ ծննդական էր ունեցել, Գայանեն 96 թե 97 թվին երեխայի ծննդյան միանվագ նպաստը չէր ստացել: Ասել էին` հարկերը կմուծես՝ կտանք:
Հաշվառված երեք երեխայով եւ ընտանիքի մյուս երեք անդամով ծանրաբեռնված` նրանք ընդհանրապես որեւէ նպաստի ցուցակում չէին հայտնվել` բացառությամբ անցած տարվա ԱԸՆ-ի եռամսյա վճարումը: «Ոչ անասուն ունենք, ոչ ուրիշ ունեցվածք, ապրում ենք ամուսնուս եղբոր տանը: Էս տարի երրորդ երեխաս պիտի դպրոց գնար` շոր ու կոշիկ չհասցրի առնել, չգնաց»: Մեր այցելությունից մեկ-երկու օր առաջ արդեն տան ալյուրը վերջացել էր, եւ ընտանիքը միայն հաց ճարելու մասին էր մտածում (ամիսը պարկ ու կես ալյուր է անհրաժեշտ): Գայանեի տան ներսուդրսի աչք ծակող ծայր աղքատությունը պերճախոս էր, եւ տունն էլ մի կերպ կարելի էր կացարան անվանել: Գյուղացիներից շատերի նման` նրա ամուսինն էլ անգործ է, բայց մի երկու սեզոն, ուրիշների հետ, ունեւորների անասունն է սարում պահում: Այստեղ էլ ընտանիքի հոր բախտը չի բերել. գյուղում 3 տարի է` դաբաղ կա, եւ նրա պահած անասուններից վեցը սատկել են, իսկ մնացածով, տան քիչ թե շատ արժեք ունեցող իրերն էլ վաճառելով, հազիվ է տիրոջ «ջառմեն փակել»: Այս ձմռանը Գայանեի ամուսինն անգործ է եղել, մի կերպ անցկացրել են, հիմա էլ նորից սար է բարձրացել մեծ երկընտրանքով: Նոր պարտքի տակ ընկնելու հեռանկարը սարսափեցնում է:
Գայանեի ընտանիքը հող ունի, բայց վաղուց չի մշակել այն. սերմացու չի ունեցել (ցորեն), ջրի վարձը չի կարողացել տալ: Նրանց միակ հույսը փոքրիկ տնամերձն է, ուր պոմիդոր են աճեցնում, մեկ էլ` մի տասը հավ ունեն: «Ով երեխեքիս ծննդականները առանց գումարի հանել կտա` նրան էլ կտանք մեր ձայնը»,- պատգամավորության թեկնածուների հետ մտովի բանակցում էր Գայանեն: Հաջողվե՞ց նրան որեւէ թեկնածուից իր հարցի լուծման խոստում ստանալ` չգիտենք: Աբովյան քաղաքի ծննդատուն գնացինք նաեւ իմանալու, թե հիվանդանոցում չծննդաբերելու դեպքերը ի՞նչ տարածում ունեն Աբովյանում եւ հարակից գյուղերում:
- Այդպիսի բան չի եղել, որ անվճարունակ մարդուց փաստաթղթի համար դրամ ուզենք,- միանգամից կտրեց գլխավոր բժիշկը` միաժամանակ չհիշելով կոնկրետ այդ դեպքը:
Այսինքն ինչպե՞ս կարող է աղքատ մարդը ճիշտ ասել: Իսկ, հետաքրքիր է, ինչու՞ պիտի Գ. Ներսիսյանը ստեր: Լ. Հովհաննիսյանը 14 ծննդկանի ազգանուն ցույց տվեց, որոնց համար փաստաթուղթ է ձեւակերպվել-տրվել 2003թ. ընթացքում, բայց նրանք 2001-02 թվականներին տանն են ծննդաբերել: Անգամ 1997-ին ծննդաբերածներ կային, որոնք մինչեւ հիմա չէին ձեւակերպել ծննունդը, եւ նրանց երեխաները տարիներ ծննդյան վկայական չեն ունեցել: Հիմնական պատճառ Լ. Հովհաննիսյանը նշեց գյուղապետերի, գյուղի բուժքույրերի վատ աշխատանքը, որոնք ծննդաբերողներին չեն բացատրում իրենց եւ նորածնին սպառնացող վտանգների մասին: Եթե նրանք լավ տանեն բացատրական աշխատանքը ծնող մայրերի պատասխանատվությունը կբարձրանա: Անվճարունակությունը Լ. Հովհաննիսյանը պատճառ չի համարում: Ըստ նրա՝ «հիվանդանոցում անվճարունակից նույնիսկ դեղի փող չեն վերցնում»:
Գլխավորի ընդունարան մտնելուց առաջ զրուցեցի հենց կամարիսցի մի ծննդկանի հարազատների հետ (առանց լրագրող լինելս բացահայտելու), որոնք սպասում էին երեխայի մոր դուրս գրվելուն: «Եթե իրենց ուզածով տանք` ծննունդը մի 50 հազար դրամ նստում է, բայց մենք իրենց ասած գներից պակաս ենք տալիս»,- վճարների մասին իմ հարցին պատասխանեց սպասողներից տարեց կինը: Զուգահեռը ծնվում է ինքնին. անվճարունակ ծննդկաններից քչերը կուզենան այս գների պայմաններում հոգեկան նվաստացում կրել եւ երկրորդ կարգի մարդու կարգավիճակում հայտնվել, այդ պատճառով էլ ծննդաբերել են տանը: Գ. Ներսիսյանին էլ կարելի է հասկանալ:
Ես այդ դեպքն անընդհատ քննարկում էի միջին օղակի տարբեր պաշտոնյաների հետ ու ոչ մի կարեկցություն չէի նկատում ապրելու միջոցներից զուրկ եւ վեց երեխա մեծացնող ընտանիքի հանդեպ: Ընդհակառակը, անընդհատ լսում էի հարցը` եթե չեն կարող պահել, ինչու՞ են ունենում: Բայց ծնելիության անկման խնդիր ունեցող պետական պաշտոնյան, այսինքն` պետությունն ինքը, հարցն այդպես դիտարկելու իրավունք ո՞ւնի: Պետությունը 5-6 երեխա ունեցողների նեցուկը պետք է դառնա` ընտանիքի անապահովության ամեն տեսակ սահմանային մեծություններ հորինելուց անկախ, իսկ պաշտոնյան, սոցծառայության աշխատակիցը, տեղական ինքնակառավարման մարմինն ամեն ինչ պետք է անեն, նույնիսկ սողանցքներ փնտրեն օրենքում` այդպիսի ընտանիքներին օժանդակելու համար: Թե չէ ստացվում է, որ նպաստը, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ամենաաղքատ շերտին անհասանելի է:
Գ. Ներսիսյանի ընտանիքում չգիտեին` բողոքելու դեպքում կա՞րող են հույս ունենալ, որ կընդգրկվեն ընտանեկան նպաստի այս տարվա ցուցակներում, թե բավարարվեն եռամսյա նպաստին սպասելով: Գրանցված երեխաներով հենց այդ նպաստի քարտեզում էին տեղավորել նրանց: Ընդհանրապես նրանց մոտ բացակայում էր իրենց իրավունքների համար պայքարելու ցանկությունը: Չինովնիկական քաշքշուկը հաղթահարելն անհնար է, համոզված էին նրանք:
Կամարիսում բազմաթիվ մարդկանց հետ մեր զրույցները պարզում էին, որ շատերը կան, ովքեր երեխաների ծննդյան միանվագ նպաստը չէին ստացել: Նրանց մոտ այնքան խորն էր համոզվածությունը, թե հարկերը չեն մուծել, իրենց ոչ ոք այդ նպաստը չի վճարի: Հենց այդպես ասաց նաեւ Աբովյանի ծննդատանը մեզ հանդիպած կամարիսցի տղամարդը, ում առաջին երեխայի նպաստը երկու տարի առաջ չէին վճարել հարկերը չմուծելու պատճառով: Նա մոտ 100 դոլարի հասնող հարկերի պարտք էր կուտակել եւ հույս ուներ, որ 2 երեխայի ծննդյան նպաստը` մոտ 12 հազար դրամ, կկարողանար հանել այդ պարտքից: Մեկը մյուսի հետ կապ չունենալու մեր դիտարկումը նա միամիտ համարեց: Կամարիսցիներից շատերը երեխայի ծնվելուց հետո չէին գնում ծննդյան նպաստն ստանալու, որովհետեւ համոզված էին, որ պարտքի պատճառով նրանց չեն վճարի: Ըստ Կոտայքի մարզի Աբովյանի տարածքի կենսաթոշակների նշանակման բաժնի պետ Գ. Ղազարյանի` գուցե մի երկու տարի առաջ այդպես է եղել, ինքը չգիտե, բայց այժմ այդպիսի բան չկա. հարկերի վճարումը ոչ մի կապ չունի իրենց ծառայության հետ, այդ կարգի որեւէ հարց իրենք չեն տալիս դիմողներին: Եթե ամեն ինչ այդպես է, ուրեմն մարդիկ իրազեկման կարիք ունեն եւ պարզապես իրենց իրավունքները չգիտեն: Իրազեկման պարտավորությունը տեղական իշխանությանն է:
Տեղեկատվական շրջափակման մեջ էր գորիսցի երեք կանանցից կազմված փախստականների` Հասմիկ, Մանուշակ, Մարինե Խաչատրյանների ընտանիքը` մայրն ու դուստրերից մեկը հաշմանդամության կարգով: Նրանք ապրում էին ծայր աղքատության մեջ, միայն մի սենյակում, որը տանտիրոջից գնել էին ժամանակին: Հող չունեին, եկամտի միակ աղբյուրը հաշմանդամության թոշակն էր: Անցած տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր, հիվանդանոցում բուժվելու ընթացքում, հաշմանդամ աղջկա թոշակը չէին սացել: Չգիտեին` իրավունք ունե՞ն ստանալու, եւ, ի վերջո, կկարողանա՞ն ստանալ: Նրանց հոսանքն անջատված էր. իրենց ասելով, 500 կիլովատ պարտք կա իրենց վրա, որի համար վեճ է առաջացել գյուղի էլեկտրիկի եւ ընտանիքի միջեւ: Կանայք պնդում էին, որ իրենք մեկ ամսում շատ քիչ հոսանք են ծախսում, էլեկտրիկի ասելով խոսքն ավելի քան 7 ամսում կուտակված 27 հազար դրամ պարտքի մասին է, որի համար էլ անջատել է էլեկտրականությունը:
Սոցիալական նպաստի համակարգով 35-36 բալ հավաքած մի ընտանիք չէր ձգել մինչեւ բաղձալի 38 բալը մեկ կովի պատճառով. չորս երեխայով, կիսաշար պատը վաղուց այլեւս կանգնեցնելու հույս չունեցող, ցեմենտե տանն ապրող ընտանիքի հայրը նույնպես աշխատանք չունի: Թեկուզ մի երկու ամսով էլ աշխատանք լիներ` համաձայն էր, քանի որ զրկվել էին 10 հազար դրամ նպաստից: «Այ,որ գյուղապետը գրեր` կով չունենք»,- երազում էր ընտանիքի մայրը: Այսինքն, այդ մտայնությունը կար գյուղում, որ գյուղապետն է վճռում, ի վերջո, ունեցվածքի հայտարարագրերում լրացված տվյալների ճակատագիրը:
Գյուղի խանութի մատյանը պարտքի «դավթար» էր հիշեցնում: Պարտքի մի «դավթար» էլ էլեկտրիկն ուներ: «100 ընտանիք չի կարողանում վճարել հոսանքի համար` 15-20 հազար դրամի պարտք ունեն միջինը»,- տեղեկացրեց էլեկտրիկը, որը նոր, ապարդյուն փորձ էր անում Մանուկ Մինասյանից պարտքը վճարելու խոստում ստանալ: Կով չունեցող ընտանիք է երեք մանկահասակ երեխա ունեցող Արմեն Բաղդասարյանի ընտանիքը: Նրա մայրը համոզված է, որ «Փարոսի» ցուցակներում ընդգրկված են նաեւ անասուն, մեքենա ունեցող ընտանիքներ: «Տեր պիտի ունենաս, աղջիկ ջան»,-ասում է նա: «Գյուղապետարանու՞մ, թե՞ վերեւում»,- հարցնում եմ: «Տո` գյուղապետարանում էլ, վերեւում էլ»:
Բոլոր այս մարդիկ եւ տասնյակ ուրիշները, ում հետ զրուցեցինք Կամարիսում, լիարժեք պատկերացում չունեին ոչ ընտանեկան նպաստի հաշվարկման, ոչ ծննդյան միանվագ գումարի, ոչ հաշմանդամության ստացման կարգի մասին: Նրանց մեծ մասը համակերպվում էր տեղական իշխանության եւ տարածքային սոցծառայության կենտրոնի որոշումների հետ, անկախ այն բանից, արդար համարում է դրանք, թե՝ ոչ: Ընդհանրապես ոչ ոք չի հիշում, որ երբեւէ իրենց մանրամասն բացատրվեն մատուցվող սոցիալական ծառայությունների հետ կապված կարգը, հրապարակային եւ հասանելի դարձնեն դրանք:
Ընտանիքների մեծ մասն աղքատ են, բայց ընտանեկան նպաստի համար դիմած 200 ընտանիքից միայն 40-ն են ընդգրկվել նպաստների համակարգում. այդ է պետության հնարավորությունը: Արդյոք ընդգրկված են հենց նրա՞նք, ովքեր աղքատների մեջ առավել աղքատ են: Գյուղապետ Զարզանդ Եգորյանն ու նրա տեղակալը միաբերան պնդում են` այո: Իրենք այ այս խնդրում գործոն չեն, միայն տվյալներն են ներկայացնում սոցծառայության մարզային կառույց` «ով բալ է հավաքում», նա էլ ստանում է: Թոշակները մի քանի դրամով բարձրացնելու պատճառով շատերը դուրս մնացին նպաստի համակարգից, մինչեւ 2000 թվականը գյուղում 100-ից ավելի նպաստ ստացող կար: «Երեւակայի` լրիվ մաքուր, ճիշտ տալիս են»,- ասում է գյուղապետի տեղակալը: «Երեւակայեցինք»: Բայց ինչպես էլ «երեւակայում ենք», չենք պատկերացնում, թե 6 երեխա, 9 շունչ ունեցող Գ.Ներսիսյանի ընտանիքը ինչպես մինչեւ հիմա ընտանեկան նպաստի հասցեատերը չէ:
Ում էլ հարցնում էինք` մինչեւ վերջ չգիտեր աղքատության չափանիշները որոնք են: Գիտեին, որ կարեւորը անասուն չունենալն է եւ նեղանում էին գյուղապետից, համոզված, որ նրա ձեռքում է իրենց ունեցած 1 կովի մասին տեղեկանքում չնշելը: Չեն ասում` էդ մի կովը հաճախ կաթ չի տալիս, տա էլ` մի քանի լիտր կաթը չի կարող դառնալ կոշիկի ու դասագրքի փող, որ երեխա դպրոց ուղարկենք»,- դժգոհում էին մարդիկ` հիշելով, որ այսինչ կամ այնինչ հարեւանը կով ունի, բայց նպաստ է ստանում: Ստացողների ընդհանուր կազմի մասին եւս ոչ ոք պատկերացում չուներ` 40 նպաստառուի ցուցակը ոչ մի տեղ փակցված չէր եղել, որ մարդիկ իմանան` ովքեր են գյուղի առավել անապահովները: Ոչ գյուղապետը, ոչ գյուղացիները չհիշեցին, որ իրենց գյուղից Աբովյանի տարածքային սոցծառայությունում աշխատող կա` Վարդան Ենոքյանը. ով-ով` նա հո գիտի ով է անապահով, ով` ոչ:
Անապահով ընտանիքներ կան, որ հատկապես դուրս են մնում նպաստի քարտեզից տարօրինակ պատճառով. այնքան աղքատ են, որ սերմացու գնելու, ջրի վարձ տալու հնարավորություն չունեն, քանի որ հողամասը չեն մշակում:Նրանք հողը ստիպված վաճառում են, պարտքերը տալիս, իսկ մի երկու ամիս հետո հայտնվում են ծայր աղքատության մեջ: Սա առուծախ է, եկամուտ է արտացոլվում ընտանիքի սոցիալական անձնագրում, եւ վերջինս զրկվում է ընտանեկան նպաստից: Ըստ գյուղապետի` գյուղում 300 ընտանիք բառացիորեն մի կերպ օրվա հացի հոգսն են հոգում միայն: Գուցե մի հին գորգ կամ կարպետ ունեն` չեն վաճառում, դա էլ ունեցվածք է համարվում: 150 մարդ գյուղում մեքենա ունի, բայց դրանց միայն 30-ն է տեխզննում անցած-համարները փոխած, մնացածները, գյուղապետի խոսքով, «խլամ» կանգնած են: Գյուղի տղամարդկանց մեծ մասն առաջ խոպանչի է եղել` նորմալ եկամուտ է տուն բերել: Կամարիսցի սոցծառայության աշխատակիցն այն կարծիքին է, որ մեքենա ունեցող ընտանիքն աղքատ չէ, բա ինչու՞ չի վաճառում մեքենան: Իրականում այդ հին մեքենաները համարյա արժեք չունեն:
«Որեւէ մեկը դատարան դիմե՞լ է` աղքատության նպաստի համակարգում չընդգրկվելու որոշման դեմ բողոքարկելու համար»,- մեր այս հարցը ծիծաղ առաջացրեց գյուղում` դատարանի ծախս ո՞վ կարող է տալ: Ոչ ոք կարգին չգիտեր` ո՞ր դեպքում է նպաստառուն ընդգրկվում եռամսյա միանվագ նպաստի ծրագրում, ո՞ր դեպքում՝ աղքատության: Պատահում է` միամտորեն թաքցնում են առուծախը եւ զարմանում, երբ նպաստը կտրվում է, չիմանալով, որ զանազան գերատեսչություններ տեղեկություն են մատուցում սոցծառայությանը: Գյուղացիներից շատերը մերժումը բողոքարկելու կարգը չգիտեին եւ չէին լսել սոցիալական աջակցության խորհուրդների մասին: Այս դեպքում անկատար է մնում աղքատության ընտանեկան նպաստի նշանակման եւ վճարման կարգի մասին կառավարության թիվ 350 որոշումը` այդ կարգը ԶԼՄ-ներով լուսաբանելու, նպաստ ստացողների ցուցակների հրապարակայնությունն ապահովելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել