
Հովիկ Աբրահամյանը հեռացավ
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթով ներկայացրեց ԱԺ նախագահի հրաժարականի դիմումը: Նա ասաց, որ շարունակելու է մնալ պատգամավոր, քանի որ ընտրվել է մեծամասնական կարգով:
Հ.Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, ինչից հետո մի քանի վայրկյան նստեց իր տեղում, այնուհետև հավաքեց սեղանի վրայի թղթերը ու հեռացավ դահլիճից: Հրաժարականի դիմումը պատգամավորներն ընդունեցին ծափողջույններով:
Իր այս որոշումը Հովիկ Աբրահամյանը բացատրեց նրանով, որ երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, որը կազմակերպելն ու անցկացնելը բոլորի և հատկապես իշխանությունների պատվի գործն է։
«Ես պատահաբար չեմ օգտագործում բոլորիս բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետևանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրի հեղինակությանը։ Իշխանությունները բազմիցս են ներկայացրել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կան անհրաժեշտ քաղաքական կամք և հաստատակամություն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Հ. Աբրահամյանը։
Նշենք, որ ՀՀԿ-ի համար կարևոր այս նիստին ներկա էին անգամ այնպիսի պատգամավորներ, որոնք ամիսներով ԱԺ չեն գալիս: Խորհրդարան էին եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և այլք:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել