
Մովսես Հակոբյան. «2015 թվականի ամառային զորակոչին զորակոչվել են 7269 մարդ՝ ՊՆ կողմից հաստատված 7000 պլան աշխատանքի փոխարեն»
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրել է Նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները թեմայով խորհրդարանական լսումներ:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ հանձնաժողովը հանդիպել է մայրաքաղաքի մի շարք դպրոցների զինվորական ղեկավարների հետ և նրանց հետ քննարկել այս ոլորտի բազմաթիվ խնդիրներ, ՆԶՊ-ի մեթոդաբանության կատարելագործման հետ կապված հարցեր:
Կորյուն Նահապետյանը նաև նշեց, որ զորակոչի կազմակերպման աշխատանքների նկատմամբ կատարվում են մի շարք քայլեր, և կա առաջընթաց կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և այն ավելի վերհսկելի դարձնելու համար:
Լսումներին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, ով նշեց, որ ամառային զորակոչի պլան աշխատանքը կատարվել է ամբողջությամբ. «Զորամասերը համալրելու ՊՆ կողմից հաստատված 7000 պլան աշխատանքի փոխարեն 2015 թվականի ամառային զորակոչին զորակոչվել են 7269 մարդ կամ պլանային առաջադրանքի 103,8 տոկոսը»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Նա նաև ասաց, որ կատարման բարձր ցուցանիշները պայմանավորված են զորակոչի պատրաստման և իրականացման բարձր աշխատանքերով: Հակոբյանի խոսքերով՝ զորակոչի կազմակերպման ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ զորակոչիկների բժշկական ստուգման աշխատանքները:
«Այստեղ մեծ դերակատարություն ունի ինչպես բժշկական կենտրոնական հանձնաժողովը, այնպես էլ բուժհաստատում իրականացնող տարածքային զինվորական կոմիսարիատները և այս առումով հսկայական գումար է հատկացվում զորակոչիկի բուժզննման աշխատանքների համար, 2015 թվականի ամառային զորակոչի ընթացքում 10 129 զորակոչիկներ ճանաչվել են պիտանի զինվորական պարտադիր ծառայության համար»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Մեկնաբանել