
Շաքարավազի շուկայում իրոք խնդիր կա
Հայատանում վաճառվող շաքարավազի խնդիրն ավելի շատ տնտեսական բնույթի է, քան աղողջապահական: Այս կարծիքին է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Արմեն Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շուկայում վաճառվող շաքարավազն իր խոնավությամբ գերազանցում է բոլոր նորմերը, եւ սպառողն ավելի թանկ է վճարում: Չնայած, Արմեն Պողոսյանի կարծիքով, այսօր վաճառվող շաքարավազի գինն էլ է շատ բարձր, ինչը եւս կարգավորման կարիք ունի:
«Մեզ մոտ այդպիսի դեպքեր եղել են եւ լաբորատոր փորձաքննությամբ պարզել ենք շաքարայնությունն ու խոնավությունը: Փառք Աստծո, իմ պրակտիկայում չենք ունեցել դեպք, որ շաքարավազի մեջ վնասակար նյութեր հայտնաբերվի»,-ավելացրեց Ա. Պողոսյանը:
Նրա կարծիքով` այս խնդիրը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն է, որի լիազորությունների մեջ է մտնում սննդամթերքի որակի պատշաճ վերահսկողությունը:
«Առայժմ առողջությանը վնաս պատճառող շաքարավազ չենք հայտնաբերել, սակայն չի բացառվում, որ եղել է եւ ապագայում կլինի»,- հավելեց Արմեն Պողոսյանը:
Սպառողների միության նախագահի խոսքերով՝ այսօր օպերատիվ քայլեր են անհրաժեշտ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է համատեղ կարգավորեն, որ շաքարավազի խոնավությունը համապատասխանի նորմային եւ պատկերն արտացոլվի ճշգրիտ:
Հիշեցնենք՝ գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում վաճառվող շաքարավազը վնասակար է մարդկանց առողջության համար:
«Նման տագնապալի հայտարարություններն էլ իրենց հիմքերն ունեն, բայց ես իմ ձեռքի տակ չունեմ հիմնավորումներ, որ այն վտանգավոր է առողջության համար»,-ավելացրեց Ա. Պողոսյանը:
Մեկնաբանել