
Ոստիկանության ավագ տեսուչն ու տեսուչը դատապարտվել են ազատազրկման
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին և տեսուչին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:
Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն՝ Հ. Սիմոնյանն աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում՝ որպես ավագ տեսուչ, իսկ Դ. Աթոյանը՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում՝ որպես տեսուչ, որի ղեկավար-դաստիարակի պարտականություններն իրականացրել է ավագ տեսուչ Հ. Սիմոնյանը:
Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցները առ այն, որ 2008թ. նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հ. Վարդանյանի հաղորդման կապակցությամբ Դ. Աթոյանը նյութեր է նախապատրաստել:
Այդ ընթացքում Հ. Սիմոնյանը դեպքի մասնակիցներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ, որի հիման վրա հետաքննիչ Դ. Աթոյանի անունից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Կեղծ տեղեկություններ մտցնելով արձանագրության մեջ՝ Դ. Աթոյանը բաժնի պատասխանատու հերթապահի ստորագրմանն է ներկայացրել հանցագործության վերաբերյալ կեղծ տվյալներով ամփոփագիր՝ իբրև հանցագործության կատարման ընթացքում դանակ չի գործածվել:
Դ. Աթոյանն իր ստորագրությամբ վավերացրել և բաժնի պետի հաստատմանն է ներկայացրել Հ. Սիմոնյանի կազմած, իրենց ցանկալի բովանդակությամբ, փաստական աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Դ. Աթոյանը և Հ. Սիմոնյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Դ. Աթոյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ. Սիմոնյանին՝ 309-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ յուրաքանչյուրին 2 տարի 6 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանել