HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմավառություն` ի հիշատակ հակառակորդի գնդակից զոհված Արթուր Օհանջանյանի

Աննա Ավետիսյան

Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում խոր կսկիծով ընդունեցին իրենց համագյուղացի, 1994թ. ծնված Արթուր Օհանջանյանի զոհվելու մասին լուրը: Արթուրը Օհանջանյանների ընտանիքի կրտսերն էր: Ավագ եղբայրները` Սևակն ու Նարեկը, նույնպես ծառայել են ԼՂՀ-ում: Արթուրի ծառայությանն ընդամենը 7 ամիս էր մնացել, դեկտեմբերին պետք է զորացրվեր... Սակայն... Մայիսի 21-ին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Արթուրի` մայիսի 20-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին:

«Մեծ ողբերգություն է ամբողջ գյուղի համար, ամբողջ դպրոցի համար: Ցավում ենք, շատ ենք ցավում, թող այլևս չկրկնվեն այսպիսի բաներ,- ասում է Բռնակոթի դպրոցի փոխտնօրեն Դոնարա Ասրյանը, ով նաև Արթուրի ուսուցչուհին է եղել:- Բռնակոթցուն վայել հայրենասիրություն ուներ, բավականին մեծ պատվախնդրություն: Ընկերասեր էր, չափազանց շփվող, պատրաստակամ ցանկացած գործի, ուր ուղարկեիր` կգնար, դասարանում բոլորը նրան սիրում էին, ու հիմա ողջ դպրոցն է սգում»:

«Շատ խելացի էր, լսող, մեծին հարգող, բարի,- լրացնում է քիմիայի ուսուցչուհի Իրա Հակոբջանյանը: - Հայրենասիրությունը բարձր մակարդակի վրա էր իրենց դասարանում, բոլորն էլ պատրաստ էին ծառայել հայրենիքին, ոչնչից չէին երկնչում»:

Գյուղում բոլորն են գորովանքով հիշում Արթուրին: Ասում են` մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր, հարևանին, գյուղացուն հասնող, օգնող: «Շատ խելոք երեխա էր, իմ երեխու դասընկերն ա եղել... Խելոք էլ ծառայող ա եղել, պատվոգրեր ունի, շնորհակալական նամակներ ա եկել, սերժանտ էր, շուտով ավագ սերժանտ պիտի դառնար»,- ասում է հարևանուհին` Էմմա Ավետիսյանը:

Թեև Բռնակոթում արդեն տեղեկացել են, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, սակայն ցավը դրանից չի մեղմվում։

Բռնակոթցի երիտասարդները Արթուրի հիշատակին մոմավառություն էին կազմակերպել: Բոլորի աչքերում արցունքներ էին, սրտերում` թախիծ: Մոմերն իրենց հանգրվանը գտան Խորհրդային Միության հերոսներ Լիպարիտ Իսրայելյանի և Սամսոն Մկրտումյանի կիսանդրիների մոտ, ովքեր Հայրենական մեծ պատերազմում են բարձր պահել բռնակոթցու պատիվը: Երիտասարդները նշում էին, որ այսօրվա սերունդն էլ պակաս պատվախնդիր ու հայրենասեր չէ` պատրաստ անխախտ պահելու հայրենի սահմանները:

Մոմավառություն էր կազմակերպվել նաև Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Այստեղ վառվող մոմերը ոչ միայն ի հիշատակ Արթուրի էին, այլև ընդամենը մի քանի ամիս առաջ դարձյալ մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհված սիսիանցի զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանի` նրա ծննդյան 20-ամյակի առիթով: Իսկ Արթուրը 20 տարեկան կդառնար սեպտեմբերին:

Սահմանապահ զինվոր Արթուրի հուղարկավորութունը կկայանա հարազատ գյուղի պանթեոնում: Ի դեպ, Բռնակոթը Արցախյան ազատամարտում 8 զոհ է տվել, նրանցից 3-ը թաղված են գյուղի, 4-ը` Սիսիանի պանթեոնում, 1-ը` Եռաբլուրում:

Մեկնաբանություններ (1)

Anahit Tangyan
Հազար ափսոս Արոուր յան. ցավակցում եմ հարազատներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter