Շա՞տ բան է պետք ղարաբաղցի կնոջը
Ավելի քան մեկ տարի առաջ ընկերուհիներիցս մեկն ինձ պատմեց Ստեփանակերտի ծննդատանը տեսած մի տխուր տեսարանի մասին։ Ջահել, պուճուրիկ կինը ծննդաբերելուց հետո պատուհանի մոտ ժամերով կանգնած սպասում էր իր երեխայի հորը։
Ո՞վ հանձն կառներ գուշակել, թե քանի՞ տարեկան էր մեծ աչքերով այդ կինը՝ դեռ բոլորովին երեխա։ Եւ ո՞ւմ էր այդպես կարոտով սպասում։ Այդ կնոջ ճակատագրում ինչ-որ ծանոթ բան կար (հետո իմացա, որ անունը Սիլվա է)՝ ետպատերազմյան շրջանի բազմաթիվ ղարաբաղցի կանանց ճակատագիրը միայնության զգացողություն է ծնում։ Բայց այս մեկը, պարզվեց, այնքան էլ սովորական դեպք չէր։
Թվում էր, թե երբեք Սիլվային տեսնելու առիթ չեմ ունենա։ Բայց ճակատագիրն այնպես արեց, որ հայտնվեցի նրա տանը։ Եւ միայն այդ ժամանակ, գյուղական խարխուլ տնակում ստիպված եղա մի անգամ էլ վերապրել այդ փխրուն կնոջ ճակատագիրը։ Ոչ միայն վերապրել, այլեւ ավելի լայն հայացքով նայել ետպատերազմյան Ղարաբաղի բազմաթիվ՝ անարդարությամբ տրորված եւ անպաշտպան կանանց ճակատագրին։ Եւ մինչեւ հիմա էլ չեմ կարողանում ազատվել ինձ հետապնդող մտքից. շա՞տ բան է պետք կնոջն այս աշխարհում։ Այդուհանդերձ, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ կարելի է ուրախանալ կյանքով, որը մարդուց խլել է այդքան շատ թանկ եւ անդառնալի բաներ։
Բայց, հավանաբար, հենց այդ է կյանքը։ Երբ Սիլվան առաջին անգամ սիրահարվեց, ութերորդ դասարանցի էր։ Այն ժամանակ նրան թվում էր, թե դա է երջանկությունը։ Բոլոր համադասարանցիները նախանձում էին։ Հանաք բան չէ՝ նա շրջանի ամենաաչքի ընկնող երիտասարդի ուշադրության առարկան էր, որը, բացի այդ, տարիքով նրանից շատ մեծ էր։ Ընկերուհիները ստիպված էին դասի գնալ, իսկ նա, իսկական հասուն աղջկա նման, վազում էր սիրած տղամարդու հետ հանդիպման։
Մայրը դեմ էր, բայց ոչինչ չէր կարող անել։ Նա աղջկան այդպիսի բախտ չէր ցանկանում։ Նա էլ էր սիրահարված եղել, բայց ստացվեց այնպես, որ մնաց մենակ, իսկ աղջիկը երբեք չտեսավ հորը։ Բայց աղջիկը համառ էր, չէր ուզում լսել ոչ մի խորհուրդ. սիրահարված է, ի՞նչ կարող ես անել։ Իսկ մի առավոտ ինքնակոչ փեսացուն պարզապես աղջկան նստեցրեց մեքենան ու տարավ։
Գյուղում ոչինչ չես կարող թաքցնել, եւ լուրը, որ Սիլվան փախել է, անմիջապես հասավ մորը։ Խեղճ կինը թողեց ամեն ինչ ու վազեց ճանապարհով։ Նրանց գտավ անտառում։ Վերցրեց աղջկան, եւ լուռ վերադարձան տուն։ Չկար մեկը, որից պաշտպանություն ակնկալեին. ամուսին չունի, հայր չունի, իսկ եղբայրը զոհվել է Ղարաբաղյան պատերազմում։ Ինը ամսից, ինչպես եւ պետք էր սպասել, ծնվեց Օկսաննան։ «Մի՞թե աղջիկը կրկնում է մոր ճակատագիրը»,- մտածեց մայրը։ Շուրջը ոչ բոլորն են հասկացող ու զգայուն. հաճախ չես լսի մի բարի խոսք, էլ չխոսելով քնքշանքի մասին։
Չանցավ մի տարի, եւ Սիլվան նորից սիրահարվեց։ Եւ դարձյալ մայրն անհանգիստ էր։ Էս ի՞նչ բան է, ինչու՞ են աղջկան այսպիսի երիտասարդներ պատահում։ Թեեւ երիտասարդ է եւ գեղեցիկ, Սիլվային էլ շատ է սիրում, բայց մեջը մի տեսակ մոլեգնություն կա ու նաեւ խանդոտ է։ Թույլ չի տալիս տնից դուրս գա, չի թողնում աշխատանքի գնա կամ սովորի։ Ճիշտ է, այս մեկը գոնե չլքեց Սիլվային, ինչպես առաջինը։ Եւ կարծես թե հոգ է տանում, գալիս է տուն, փող տալիս։ Նույնիսկ պահանջեց, որ Սիլվան նրա համար տղա բերի, ինչն անմիջապես ի կատար ածվեց։ Հավանաբար վախեցավ հակառակվել իր ճակատագրի նոր «տիրոջը»։
Բայց մայրն այսպիսի կյանք չէր երազել։ Իսկ ապրել պետք է։ Վաճառեցին քաղաքի բնակարանը եւ ամբողջովին տեղափոխվեցին գյուղ՝ ապրելու տատիկի հետ։ Սկսեցին հավ եւ ուրիշ ընտանի կենդանիներ պահել, մշակել տնամերձ հողամասը։ Մայրը քաղաքում աշխատանք գտավ։ Ճիշտ է, ստիպված է ամեն օր հասնել քաղաք, բայց գոնե ալյուրի փող ունեն։ Սովորեցին տնային պայմաններում հաց թխել։ Գումարած տատիկի չնչին թոշակը։
Երեք կին՝ միեւնույն ճակատագիրը։ Տատն ասում է, թե հիմա լավ երիտասարդներ չկան, բոլորը զոհվել են պատերազմում կամ հեռացել Ղարաբաղից, ուրեմն պետք է յոլա գնալ նրանով, ինչ կա։ Եւ ի՞նչ է ստացվում։ Աղջիկը՝ այդքան երիտասարդ, կարելի է ասել՝ երեխա, բայց տանը նստած երեխա է պահում, մինչդեռ նրա ընկերուհիները սովորում են, մասնագիտություն ձեռք բերում, հաջող ամուսնանում... Իսկ Սիլվան՝ այդքան գեղեցիկ, բարի, հեզ։ Ախր ինչո՞ւ ամեն ինչ այսպես ստացվեց։ Բայց դրանք մոր տագնապներն են, իսկ ինքը՝ Սիլվան, ասում է. «Ինձ ուրիշ ի՞նչ է պետք։ Ունեմ երեխաներ, մայր ու տատիկ։ Ես սիրում եմ եւ սիրված եմ։ Ինձ ուրիշ ոչինչ պետք չէ։ Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, հանգիստ եմ եւ երջանիկ»։
Մի՞թե հենց սա է երջանկությունը ետպատերազմյան Ղարաբաղում։ Գուցե, այո։
Ստեփանակերտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել