HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բանակի անձեռնմխելիության առասպելի զոհերն ու դահիճները

Երբ այս տարվա մարտի վերջերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով այցելեց Ամասիայի Բանդիվան գյուղ` հունվարին մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն` իր ցավակցությունները եւ զորակցությունը նրա հարազատներին հայտնելու, մի պահ թվաց, թե բեկում է տեղի ունենալու, եւ պետությունն ու իշխանությունը վերջապես հայացքով շրջվելու են դեպի հայկական բանակը, շարքային զինվորն ու փորձելու են վերջապես թափանցել զորամասերի փակ դարպասներից այն կողմ տիրող բարքերի ու իրողությունների խորքերը:

Սակայն բեկումը տեղի չունեցավ: Եվ պարզ էր, որ զոհված զինվորի հարազատների առաջ եւ գլխահակ կանգնածը ոչ թե նախագահ, այլ մարդ Սերժ Սարգսյանն էր:

Բեկում լինելու համար, թերեւս, նախագահը պետք է հերթական խորհրդակցությունը հրավիրեր ու տեսախցիկների առաջ եւ ձեռքը սեղանին խփելով` պատասխանատու գերատեսչություններից պահանջեր բացել զորամասերի փակ դարպասները, գնալ, զրուցել զինվորների, սպաների հետ, գուցե նաեւ նրանց բացատրել հարաբերվելու կուլտուրան, ձեռքի հետ էլ «սպայակույտին» սովորեցնել, որ չի կարելի խաղալ զինվորի արժանապատվության հետ, կիսակենդան զինվորին չի կարելի հարվածել ու անօգնական թողնել մեռնելու, չի կարելի խոշտանգված դիակը ծնողներին ուղարկելուց հետո նրանց խելագարության հասցնել` համոզելով, թե զինվորը նման կերպ ինքնասպան է եղել:

Դրանից հետո, իհարկե, տրված հանձնարարականը պարտաճանաչ կատարելու համար կսկսվեր «դեպի բանակ» պաշտոնյաների մի նոր արշավանք: Ու հարցը դրանով էլ կփակվեր: Բայց ողջ խնդիրն այն է, որ իշխանությունը, պետությունն այս պարագայում անգամ նման ձեւական քայերի չի գնում:

Հասարակությունը դեռ չէր մարսել զինվորներ Աղասի Աբրահամյանի դաժան սպանությունն ու Հովհաննես Վարդանյանի` ծառայության ընթացքում խելագարվելու եւ այդ փաստը կոծկելու իրողությունները, երբ երեկ պաշտպանության նախարարությունը հասցրեց հերթական բոթը. սեպտեմբերի 7-ի առավոտյան հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Ասկերանի մարտական հենակետերում: Սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը:

Երեք շաբաթվա ընթացքում սա արդեն խաղաղ պայմաններում զինծառայողի զոհվելու երկրորդ դեպքն է: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` 2007-ից 2011 թթ. հայկական բանակում մահվան 228 դեպք է գրանցվել, որոնցից միայն 32-ն է արձանագրվել շփման գծում: Այսինքն` միջին հաշվով յուրաքանչյուր ամիս հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհվում է երեք զինծառայող: Պաշտոնապես այս տվյալների մասին տեղեկությունը չի հերքվել: Ինչը նշանակում է, որ այն համապատասխանում է իրականությանը: Եվ ասել, թե սա սարսափելի ցուցանիշ է, նշանակում է չասել ոչինչ: Եթե անգամ որեւէ հասարակական կազմակերպություն, քաղաքացի չահազանգեր այս պատկերի կապակցությամբ, ապա իր զինվորի արժեքը գիտակցող  եւ իր բանակի մարտունակության մասին մտածող ցանկացած պետություն ինքը պետք է պարզեր պատճառները եւ դրանք չեզոքացնելուն ուղղված քայլեր ձեռնարկեր:

Այս տեսակետից, սակայն, առ այսօր պետությունը  եւ մասնավորապես պաշտպանության նախարարությունը, բացի բանակում արձանագրվող դեպքերի հրապարակայնացումը, ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել: Իսկ վարագույրներն էլ մասնակիորեն բացել է թերեւս միայն այն պատճառով, որ հասկացել է` ավելի լավ է լինել առաջին ինֆորմացիայի հեղինակը, քան սկսել հերքել յուրաքանչյուր դեպքին հաջորդող, ինֆորմացիայի բացակայությունից ծնվող բամբասանքներն ու ապատեղեկատվությունը: Սա կիսաքայլ էր, որին նախարարությունը գնաց հասարակական ճնշման ազդեցությամբ: Ու չնայած չէր կարող չնկատել նման աշխատաոճի արդյունավետությունը, սակայն ավելին անելու, այսինքն` արձանագրվող սպանությունների, ինքնասպանությունների, բռնության բազմաթիվ դեպքերի բացահայտման եւ իրական մեղավորներին պատժի ենթարկելու ուղղությամբ սկզբունքայնություն հանդես բերելու քաջություն կամ ցանկություն չդրսեւորեց: Եվ այն, ինչ անում են հիմա նախարարությունը  եւ իրավապահ համակարգը, ոչ այնքան բխում է իսկապես ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու անկեղծ մտահոգությունից, այլ միայն հասարակական ընդվզմանն արձագանքելու, այլ կերպ ասած` բորբոքված կրքերը հանդարտեցնելու մղումով:

Պատահական չէր, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու իրավապահ մարմինների կողմից այնպիսի հետեւողականություն չէր դրսեւորվում նաեւ նախկինում կատարված բանակային սպանություններն ու ողբերգական միջադեպերը բացահայտելու ուղղությամբ, եւ դա հանդես է բերվում հատկապես Աղասի Աբրահամյանի սպանության պարագայում, պատասխանում է. «Որովհետեւ մենք հետեւում էինք եւ տեսնում էինք, որ մամուլում բավական լուրջ եւ հաճախ անհեթեթ մեկնաբանություններ եւ կարծիքներ էին լինում, եւ դա բերեց այն համոզման, որ հասարակության մեջ կա բավական լուրջ ինֆորմացիայի բացակայություն, ինչը ցանկացածի մոտ կարող է այլ մոտեցումներ առաջացնել: Եւ դրա համար մենք նպատակահարմար համարեցինք առավելագույնս տեղեկատվություն տանք, այլ մեկնաբանություններ, այլ կարծիքներ բացառելու նպատակով»:

Այսինքն` ստացվում է, որ բանակը եւ զինվորների անվտանգության խնդիրը դառնում է ոչ թե պետության, այլ հասարակության հոգածության առարկան: Եվ հասարակությունը` ի դեմս նրա ակտիվ, նախաձեռնող մասի, յուրաքանչյուր նման դեպքի ժամանակ պետք է այսպիսի հուժկու ալիք բարձրացնի, հարցը քաղաքականացնի, ինչպես զինդատախազն է բնորոշում` «անհեթեթ մեկնաբանություններ ու կաիծիքներ» տարածի, որպեսզի գործերը սկսեն իսկապես բացահայտվել:

Ուստի նաեւ հասարակության խնդիրն է դառնում սպաների մեծ մասի տարրական կրթության ու հոգեկան բավարար վիճակի ապահովման, բռնության դեպքերի կանխարգելման խնդիրը: Այս իրողության խոստովանությունը շատ ավելի ազնիվ կլիներ, քան շարունակել պսեւդոհայրենասիրության այն քարոզը, որի քողի ներքո որոշ շրջանակներ դեռեւս շարունակում են պաշտպանել բանակի ամենակուլ անձեռնմխելիության` ձեւավորված միֆը:

Մեկնաբանություններ (2)

Տաթևիկ
Ամեն անգամ նման լուր կամ պատմություն լսելիս ցանկւթյուն է առաջանում առանց մտածելու լքել Հայաստանը։ Ահավոր է էս ամենը։ Ո՞նց կարելի է հանգիստ ապրել, երբ շուրջդ նման բաներ են կատարվում։ Իմ եղբայրն էլ է ծառայել Ղարաբաղում, ամեն անգամ, երբ նամակ էր գրում, կամ էլ հազվադեպ խոսում էինք հեռախոսով (տարիներ առաջ բջջայիններն այսքան շատ չէին), միշտ ասում էր, որ շատ լավ է։ Ինձ էլ խնդրում էր, որ նամակում միայն լավ բաներ գրեմ, հարցեր չտամ, քանի որ մինչև իրան հասնելը բացում ու կարդում էին։ Ասում էր նաև, որ հրամանատարներից մեկն ամեն ինչ արել է՝ իրեն հունից հանելու համար, բայց միշտ ատամները սեղմած համբերել է։ Ասում է, որ դիտավորյալ հունից հանում էր իրեն, որ հենց ինքը պատասխաներ, կամ դաժան ծեծի ենթարկվեր, կամ էլ ավանդույթի համաձայն ինքն էլ չէր վերադառնա։ Վերադառնալուց հետո էլ ասաց՝ չեմ ցանկանա, որ իմ որևէ հարազատ մարդ ծառայի բանակում։ Էլ ի՞նչ ասես սրանց մասին, ահավոր են, ահավոր է էս սառն անտարբերությունը։
Գոհար, զինվորի մայր
Ցավակցում եմ մեր նահատակների հարազատներին ու սգում յուրաքանչյուր զոհի համար...Բավ է... էլ չենք դիմանում...ինչ դժվարությամբ մեծացրինք այս սերնդի երեխաներին ու ինչ անիմաստ կորցնում ենք նրանց...մի զինվորի էլ հոսպիտալացրել են եղնիկներից Ստեփանակերտ,իբր կռվի արդյունքում է...Միթե հնարավոր է այս աստիճանի բարոյալքում Հայոց բանակում? Մի անգամ ևս պիտի կրկնվեմ` բանակն ամբողջությամբ դարձրեք 30-35 տարեկան, 2 երեխա ունեցող հայաստանցի գործազուրկ, հավասարակշռված վարձկաններից, որ աշխատավարձը տուն կուղարկեն, ընտանիքները կապրեն, ծնունդը կշատանա, արտագաղթը կկանխվի, մարդու սերունդը չի վերանա, գործազրկությունը կպակասի, ծառայողն էլ կիմանա, որ ընտանիքն ապահով է,իսկ ինքն էլ մեռնելու իրավունք չունի, տաք-տաք անիմաստ վեճերի պատճառով անհամար զոհեր չենք տա...ինչ է նշանակում անցյալ տարի 42 զոհերից միայն 8 -էր զոհվել թշնամու գնդակից... Ասկերանի զորամասում ծառայող երիտասարդներ կան, որ նախընտրում են անվերջ դիրքերում կանգնել, քան իջնել կազարմա...Ինչ է կատարվում այնտեղ? կասեն միմիայն զորացրվելուց հետո, այն էլ ոչ լրիվ...Ամեն անքուն գիշերների սարսափս է` ասես այս պահին ում տան ճրագը մարեցին...Թշնամու գնդակից ընկածի ծնողներին կան մխիթարանքի խոսքեր, իսկ ինչպես մխիթարվեն Աղասու, Հայկի ու նրաց նմանների ծնողները?Իսրաելի բանակ զորակոչվածներից նախապես պարտադիր սերմնահեղուկ են վերցնում -պահեստավորում, որ դժբախտ դեպքի պարագայում նրանց սերունդը շարունակվելու հնարավորություն տրվի մահացածի ծնողներին...Դե, մենք միջոցներ պետք է խնայենք... որ դղյակներ կառուցվեն...Խաղաղ պայմաններում այքան զոհերը շատ-շատ են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter