HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ օրս պաշտոնական հիմնավորում չկա, թե ինչու Շիրակ Թորոսյանին թույլ չեն տվել հատել վրացական սահմանը

23_02-sh_torosyanԻսկ եթե խնդիրը չլուծվի, պատգամավորը պատրաստ է դիմել դատարան ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը դեռևս չի կարող հատել վրացական սահմանը: «Ես պարբերաբար խոսում եմ արտգործնախարարի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ես այդ հարցը բարձրացրեցի ԱԺ-ում, երբ բյուջետային քննարկումներն էր, և արտգործնախարարը եկել էր, նա ասաց, որ բանակցություններ վարում են այդ կապակցությամբ, բայց որևէ արդյունք այսօրվա վիճակով դեռ չկա»,-«Հետքին» ասաց Շիրակ Թորոսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հավաստեց, որ իրենք ևս որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել. «Հենց նոր բան եղավ, մենք կտեղեկացնենք»,-ասաց Տ. Բալայանը: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԱԺ պատգամավորին վրացի սահմանապահներն արգելել էին մուտք գործել Վրաստանի տարածք (Տես հոդվածը` Շիրակ Թորոսյանին թույլ չեն տվել հատել վրացական սահմանը ): Վրացական կողմի մեկնաբանությամբ, պատգամավորի մուտքն արգելելու պատճառը նրա գործունեությունն է, որով նա խաթարում է հայ-վրացական բարեկամությունը: «Այսինքն` իրենք ինչ ուզեն` անեն, մենք պիտի ձայն չբարձրացնե՞նք, որ բարեկամ մնանք,- ասում է պատգամավորը և շեշտում, որ պաշտոնապես որևէ պատասխան վրացական կողմը չի տվել,- ես սահմանը հատում էի որպես դիվանագիտական անձնագիր կրող` որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, որպես Հայաստանի խորհրդարանում ձևավորված հայ-վրացական բարեկամական խմբի անդամ, նաև որպես անձ, որին հրավիրել էր Եվրոպական կազմակերպությունը` Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրները քննարկելու»: «Եթե այնուամենայնիվ, արտաքին գերատեսչությունը չկարողանա լուծել հարցը, պատրաստվո՞ւմ է արդյոք Շիրակ Թորոսյանը որևէ քայլ նախաձեռնել»` հարցին, պատգամավորը պատասխանեց. «Մինչ այսօր մեր նախարարությունը վստահեցնում է, որ խնդիրը լուծման փուլում է և պիտի լուծեն: Անկեղծ ասած` ես առայժմ համբերության անսպառ պաշարներ եմ ամբարել և սպասում եմ խոստման կատարմանը: Եթե ողջամիտ ժամկետներում խնդիրը չլուծվի, ես կմտածեմ իմ հերթական քայլերի մասին: Տարբեր քայլեր կան, ու դրանցից մեկը դատական ճանապարհով խնդրի լուծմանը հասնելն է»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter