
«Մենք չենք կարող լռել. անկախացումից հետո Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին իրավաբանական կարգավիճակ չունի: Խնդիրն այնքան հասունացավ, որ եկեղեցի փլուզվեց: Հուսով ենք, որ վրաց պետությունը պիտի անդրադառնա այս խնդրին և ավելի ճիշտ որոշում կայացնի»,- ասաց Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակից Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսային:

Ժենյա Դանիելյանը ևս եկել էր իր բողոքի ձայնը բարձրացնելու. «Բոլորս պետք է մեր ձայնը հասցնենք վրաց ժողովրդին, որ ուշքի գա, որ սրբապղծություն չանեն հայ եկեղեցիների նկատմամբ»,-ասաց նա: Այսօր առավոտյան Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանան իր հավատացյալներին տեղեկացրել է, որ ժամը 14:00-ին գնալու են Վրաստանի դեսպանատան մոտ` Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման պատճառով իրենց բողոքը ներկայացնելու: Միացել են նաև եկեղեցու հավատացյալները:
Քիչ առաջ ավարտվեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ երիտասարդական և հոգևորական միությունների բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր նոյեմբերի 19-ին Թբիլիսում փլուզված հայկական Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու առիթով: Երիտասարդները Մալաթիայի հայորդաց տան սաների թմբուկի զարկերի ներքո, բարձրախոսով պահանջում էին դադարեցնել սպիտակ եղեռնը, Վիրահայոց թեմին իրավաբանական կարգավիճակ տրամադրել և վերադարձնել հայկական 6 եկեղեցիները:
Դեսպանն ընդունեց ակցիայի մասնակից երիտասարդական կառույցների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչին, նրանք նամակը հանձնեցին դեսպանին: Նրանց փոխանցմամբ` դեսպանը խոստացել է մտահոգությունը հայտնել վրացական կողմին:
«Դեսպանը նշեց, որ իրենք ունեն պայմանավորվածություն Հայաստանի մշակույթի նախարարության հետ և հաջորդ տարի համատեղ ուժերով վերականգնելու են հայկական եկեղեցին»,-փոխանցեցին երիտասարդները:
Երիտասարդական միության ներկայացուցիչները վստահեցրին, որ այս ակցիան շարունակական կլինի, մինչև իրենց բարձրացրած խնդիրները լուծում չստանան: Մի քանի ուսանողներ նույնաբովանդակ նամակով ուղևորվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել