
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը հրաժարվեց մնացած` չհարցաքննված վկաների ցուցմունքներից: Ըստ մեղադրական կողմի` նրանց դատակոչելու և հարցաքննելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ դատակոչված և հարցաքննված վկաների ցուցմունքներն արդեն բավարար են և հիմնավորում են ամբաստանյալի մեղքը: Նա միջնորդեց անցնել դատաքննության հաջորդ փուլ` ամբաստանյալի հարցաքննությանը:
Պաշտպանական կողմը ըստ էության չառարկեց միջնորդությանը, քանի որ վկաները հիմնականում մեղադրող կողմն էր ներգրավել: Սակայն Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ հետագայում անհրաժեշտության դեպքում իրենք հնարավոր է միջնորդեն վկաներից որոշներին դատակոչել և հարցաքննել:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը:
Նիկոլ Փաշինյանը դատարանից ժամանակ և համակարգիչ խնդրեց իր ցուցմունքին նախապատրաստվելու համար և նշեց, որ ինքը չի կարող առանց համակարգչի նախապատրաստվել: «Մենք ունենք այնպիսի համակարգիչ, որի վրա չկա այնպիսի ծրագիր և սարքավորում, որը քրեակատարողական հիմնարկաների ներքին կանոնակարգով արգելված է, օրենքի իմաստով որևէ խնդիր գոյություն չունի»,-հիմնավորեց Նիկոլ Փաշինյանը:
Դատավորը նիստը հետաձգեց մինչև նոյեմբերի 27-ը: Սակայն համակարգչի հարցը այդպես էլ առկախ մնաց. Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ եթե քրեակատարողական հիմնարկի կանոններին դա հակառակ չէ, և դատարանի կարծիքը հարցնեն, ապա որևէ առարկություն չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել