HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ի գործով դատապարտվածը վկայություն տվեց Նիկոլ Փաշինյանի գործով

03_11-PashinyanՄարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով հարցաքննվեցին ևս 3 վկաներ: Մանրածախ առևտրով զբաղվող Լաուրա Մելքոնյանը մասնակցել է հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ` հենց հարթակի դիմաց: Այնտեղ տեսել է Շանթ Հարությունյանին, Ստեփան Դեմիրճյանին,  Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին, Արարատ Զուրաբյանին, Լևոն Զուրաբյանին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին` կոչեր անելիս: «Ասում էր` որ «լավ է լինելու, որ ոչ մի տեղ չգնանք,  որ հաղթելու ենք»: Ուզում էինք գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի տուն` նրան բերելու, բայց ասացին, որ ոչ մի տեղ չգնանք, որ առավոտյան կգնանք, մեր նախագահին (նկատի ունի` Լևոն Տեր-Պետրոսյանին-հեղ.) կբերենք նախագահի նստավայր»,-պատմեց վկան: Մեղադրող Կորյուն Փիլոյանի հարցին, թե ինչպես էին սնվում հանրահավաքների ժամանակ, վկան անկեղծացավ. «Ով ոնց կարող էր, բուտերբրոդներ էլ էին բաժանում, երկու անգամ էլ տուն եմ տարել երեխեքիս համար»: Հաջորդ վկան` քաղաքացի Կարեն Կոստանյանը մարտի 1-ին, ժամը 15:100-16:00-ի սահմաններում պատահաբար է հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ: Երեխաների համար Կրկեսից տոմսեր էր վերցրել ու պետք է  գնար` երեխաներին կրկես բերելու: Քանի որ «սաղ իրար էին ջարդում, ինքն էլ հետաքրքրությունից դրդված մոտեցել է: Մի պահ կանգնել է նաև այրվող «Վիլիսի» վրա: Նիկոլ Փաշինյանին, որևէ գործողություն անելիս, չի տեսել, միայն հարթակում բարձրախոսով «պատրաստվելու» կոչեր է լսել: Թե ինչին պետք է պատրաստվեին, վկան չգիտեր: Վկայություն տվեց նաև մարտի 1-ին` որպես զանգվածային անկարգությունների մասնակից (ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով)  դատապարտված Լավրենտի Գասպարյանը: Նրան դատարանը մոտ 4 տարի ազատազրկման է դատապարտել, բայց կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել: Լավրենտի Գասպարյանի պնդմամբ` իրեն չեն ազատազրկել, քանի որ կինը հղի է եղել, իսկ մայրը` հիվանդ: Նա այդ ամենը հաստատող փաստաթղթեր է ներկայացրել դատարանին և ազատ արձակվել: Դատարանը վկայի հասցրած վնասը հաշվարկել է 28 հազար դրամ, և ինքը գումարը վճարել է: Վկայի պատմելով` ինքն աշխատում է Մալաթիայի գյուղմթերքի շուկայում: Ընկերներից մեկն եկել և ասել է, որ Հակոբը (Հակոբ Հակոբյանը) բոլորին կանչում է իր տան մոտ, որ գնան Մյասնիկյանի արձանի մոտ: «Ասին` կռիվ-մռիվ է եղել ոստիկանների հետ, պետք է գնալ»: Վկան խոստովանեց, որ ժողովրդի հետ միասին քարեր է նետել ոստիկանների վրա, ներկա է եղել նաև քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած բախմանը: Տեսել է ժողովրդին զինված` քարերով, փայտերով: Պատմեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բարձրախոսով զինվել, պատրաստվելու և պաշտպանվելու կոչ է արել: Մյուս վկաների չներկայանալու պատճառով դատական նիստն ընդմիջվեց մինչև նոյեմբերի 19-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter