
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով` հոկտեմբերի 23-ի դրվագով այսօր հարցաքննվեց միայն մեկ վկա` ՊՊԾ ոստիկանության գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի դասակի հրամանատար Արթուր Մադաթյանը: Նա 2006թ-ից ճանաչում էր տուժողին՝ ոստիկան Վազգեն Դաբաղյանին, իսկ Նիկոլ Փաշինյանին` դեպքի օրվանից:
Արթուր Մադաթյանն այդ օրը ծառայություն իրականացնելիս նկատել է Մոսկովյան փողոցով շարժվող երթի մասնակիցներին, տեսել է նրանց թռուցիկներ բաժանելիս, «հասարակական կարգը էին խանգարում, խոչընդոտում տրանսպորտի երթևեկությունը»:
Վկայի պատմելով` երթի մասնակիցները հասել են Կորյունի փողոց` խախտելով հասարակական կարգը և խոչընդոտելով երթևեկություն, իսկ իրենք միայն զգուշացումներով են կարգի հրավիրել ցուցարարներին: Ըստ նրա` «Ուրարտու» խանութի մոտ ինքը տեսել է Փաշինյանին Ալեքսանդր Աֆյանի հետ զրուցելիս: Տեսել է նաև Պետրոս Մակեյանին և մի քանի այլ ոստիկաննների:
Այնուհետև, վկայի պատմելով, մայթում քաշքշուք է սկսել, և Ն. Փաշինյանը մոտեցել է տուժողին ու հարվածել նրան. «Փաշինյանը վրդովված առաջ եկավ և հարվածեց ոստիկանի ոտքին,- հայտարարեց վկան,- Ես տեսա Փաշինյանի ոտքն առաջ եկավ ու այդ պահին հարվածեց: Խփելու պահը տեսա, կպնելու պահն էլ տեսա, բայց, դե, որ ոտքով ու որ մասին է հարվածել, կոնկրետ տեղը չեմ կարող ասել»:
Նիկոլ Փաշինյանի պաշտպանները նրան հարցեր ուղղեցին նաև մարտի 1-ի դեպքերի շուրջ: Վկան պատմեց, որ մինչև փետրվարի 25-ը ինքը ծառայություն է իրականացրել քաղաքի կենտրոնում, իսկ դրանից հետո գործուղվել ՆԳ` փորձի փոխանակման համար: Մարտի 1-ին եղել է կառավարության շենքի մոտ` Մելիք Ադամյան փողոցի հատվածում: Իսկ պաշտպան Երվանդ Վարոսյանի հարցին, թե ինչ զենք է կրել այդ օրը, վկան միանշանակ պատասխանեց, որ ոչ մի զենք չի ունեցել, չնայած հաստատեց, որ գլխին սաղավարտ է եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել