Խոշտանգված 8 վկաներ դիմել են Հելսինկյան ասոցիացիային
Հելսինկյան ասոցիացիային դիմել են մարտի մեկի, մասնավորապես «Յոթի գործով» դատակոչված 8 վկաներ, որոնց նկատմամբ իրականցվում են ճնշումներ: Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ և դատական գործերով դատակոչված վկաների վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիան միջանկյալ զեկույց է պատրաստել, որն այսօր ներկայացրեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
«Իրոք կատարվում է ճնշում և շատ լուրջ: Եվ այդ ճնշումներն հասնում են մի այլ փուլ, երբ քեզ առաջարկում են հեռանալ Հայաստանից»,-ասաց Մ. Դանիելյանը:
Նման ճնշման մի դեպքը` Սասուն Միքայելյանի գործով դատակոչված Թաթուլ Կարապետյանն է, որն այժմ Հայաստանում չէ: Երկրորդը` Գրիգոր Ոսկերչյանի գործով վկա` Արիստակես Վարդանյանն է, ում առաջարկվել էր մեկնել Ռուսաստան:
Հելսինկյան ասոցիացիայի զեկույցում ընդգրկված են «անօրինական կերպով ոստիկանական բաժանմունքներ և դատախազություն տարված վկաները, որոնք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի»:
Միքայել Դանիելյանը նշեց, որ այս զեկույցը հիմնված է վկաների պատմածների վրա, որոնց ձայնագրությունն իրենք պահում են: Զեկույցում ներառվել են Մյասնիկ Մալխասյանի և Սուրեն Սիրունյանի դեմ ցուցմունք տվող Գագիկ Ավդալյանի, Սասուն Միքայելյանի և Մյասնիկ Մալխասյանի գործով վկա` Ռաֆայել Բալբաբյանը, Հակոբ Հակոբյանի գործով վկա` Գևորգ Մուրադյանը, Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի գործով վկա` Հմայակ Գալստյանը, Սասուն Միքայելյանի գործով վկա` Յաշա Մելքոնյանը, Գրիգոր Ոսկերչյանի գործով վկա` Արիստակես Վարդանյանը, ինչպես նաև «Չերյոմուխա 7-ից» վիրավորված Խաչիկ Դավթյանը:
«Գլխավոր դատախազության որոշումը չի բխում գործը բացահայտելուն: Մարդկանց ստիպում են հաստատել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, երբ 2-3 օրով նրանք խոշտանգվել են»,-նշեց ասոցիացիայի նախագահը:
«Մարտի 1-ի գործերը ծիծաղելի ձևով քանդվում է»,-բնութագրեց Միքայել Դանիելյանը` օրինակ բերելով Գրիգոր Ոսկերչյանի գործը: Գ.Ոսկերչյանին ձերբակալել են մարտի 8-ին, մեղադրանքն առաջադրել` մարտի 11-ին: Մեղադրանքը վկաների ցուցմունքների վրա է ստեղծված, իսկ առաջին վկային հարցաքննել են ապրիլի 22-ին:
Միքայել Դանիելյանը խոստովանում է, որ երբ տարին նոր է սկսվում, իրենք մտավախություն են ունենում, որ զեկույցում ներառելու փաստեր չեն ունենա, սակայն պարզվում է` միշտ էլ գրելու ինչ-որ բան լինում է: «Դա բխում է Հայաստանի իշխանությունների վարքագծից, մեկ էլ` անպատժելիության մթնոլորտից, որը տիրում է այսօր Հայաստանում»,-ասաց Միքայել Դանիելյանը:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահը չի հավատում համաներմանը: «Երկրի նախագահն իրավունք չունի նման բան ասելու, ոչ ոք չի դիմելու: Համաներում չի լինելու»,- երեկվա նախագահի հայտարարությանն այսպես արձագանցեց Միքայել Դանիելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել