Տուժողի ապրելու հավանականությունը կասկածի տակ է
Այսօր կեսօրին Ոսկու շուկայի հարեւանությամբ հրազենային վնասվածք ստացած 40-ամյա Մասիս Նիկոյանի որովայնից վիրահատական միջամտությամբ հեռացվել է մի քանի օրգան: Վիրահատող բժիշկ, պրոֆեսոր Պյոտր Անանիկյանը «Հետքին» հայտնեց, որ տուժողի վիճակը շատ ծանր է, ունեցել է արյան մեծ կորուստ` 2.5-3 լիտր, եւ նրա ապրելու հավանականությունը կասկածի տակ է. «հիվանդի կյանքին դեռ վտանգ է սպառնում»:
Պրոֆեսոր Անանիկյանի խոսքերով` տուժողը ստացել է 3-ից ավել հրազենային վնասվածք, թե կոնկրետ ինչքա՞ն, բժիշկը չմանրամասնեց:
«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել ինչ-որ կնոջ պատճառով: Իրավապահները դեռեւս հանցագործության կատարողի եւ դրդապատճառների մասին ոչինչ չեն հայտնում:
Քիչ առաջ ոստիկանության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում միայն նշված է, որ այսօր` «ժամը 12.20-ին, թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով Մ. Խորենացու փողոցից իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Մասիս Նիկոյանը, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ հաղորդում տալու:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 6.35 մմ տրամաչափի փամփուշտի չորս պարկուճ և մեկ գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել