Շանթ Հարությունյանին ազատ են արձակվել, քրեական գործը կարճվել է
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել «7-ի գործով» մեղադրվող Շանթ Հարությունյանը: Փորձագետների եզրակացությամբ` «հանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանը եղել է անմեղսունակ»: Շանթ Հարությունյանի` 225 հոդվածի առաջին մասով քրեական գործը (զանգվածային անկարգություններ կազմակերպել) կարճվել է:
Այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկի պետը կանչել է Շանթ Հարությունյանին և ասել, որ նրան ազատ են արձակում: «Դատարանի որոշումը կարդացի, քցեցի մի կողմ, ոչ էլ ազատականը ստորագրեցի»,-«Հետքին» պատմեց Շանթ Հարությունյանը:
«Բժշկական եզրակացությունում գրած է, որ մարտի 1-ին իմ գործողությունները իբր չեմ գիտակցել, բայց դա պայմանավորված է եղել ստեղծված իրավիճակով: Շատ լղոզված ու երկակի եզրակացություն են գրել, ինչքան հասկացա` իբր մարտի 1-ին իմ գործողությունների մեջ ես չեմ գիտակցել վտանգավորությունը, այդ պահով դառել եմ անմեղսունակ: Կոպիտ ասած` մարտի 1-ին գիժ եմ եղել, բայց դրանից առաջ էլ գիժ չէի և հիմա էլ գիժ չեմ: Աբսուրդ բան են գրել, դրա համար ոչ կարդացի շարունակությունը, ոչ էլ ստորագրեցի ազատ արձակելու մասին արձանագրությունը»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին «Յոթի գործ»-ով դատավարության ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, Շանթ Հարությունյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել էր մինչեւ նրա առողջական վիճակի բարելավումը: Մարտի 17-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեբուժարան` դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով: Ապրիլի 14-ին նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել