Ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն որևէ ուժի հետ չի միանալու
Քաղաքապետի ընտրություններում որևէ քաղաքական ուժի հետ միավորումը Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արծվիկ Մինասյանը բացառում է: «Չի լինելու այնպես, որ մենք որևէ ուժի միանալու համար հանենք մեր թեկնածությունը, մենք գնում ենք մինչև ընտրություններ մեր առանձին թիմով` վստահությամբ, որ հասարակությունն իր անհրաժեշտ քվեն կտրամադրի մեզ»,-այսօր «Իրավունք de facto» ակումբում լրարգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է այլ ուժերի, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանը, Արծվիկ Մինասյանը նշեց, որ ազգային գաղափարական հարթության մեջ իրենք համագործակցության եզր չեն տեսնում: Սակայն ՀԱԿ-ի կամ քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցություն, ովքեր մասնակցում են ավագանու ընտրություններին, բանախոսը տեսնում է համագործակցություն արդար ընտրությունների կազմակերպման գործում:
«Հետընտրական շրջանում եթե մեզ հաջողվի ունենալ անհրաժեշտ վստահության քվեն և քաղաքապետական իշխանությունը ձևավորել մեր կամքին համապատասխան, ես հայտարարելու եմ, և տեր եմ այդ հայտարարությանը, որ կադրային բանկում մենք առաջնորդվելու ենք պրոֆեսիոնալիզմի և բարոյականության չափանիշներով` անկախ կուսակցական պատկանելությունից»,-խոստացավ Արծվիկ Մինասյանը:
Հաղթանակի դեպքում, ըստ պատգամավորի, քաղաքապետական իշխանության և բյուջեի նկատմամբ վերահսկողությունը վերապահվելու է Դաշնակցությանն ընդդիմադիր համարվող ուժերին` թե կոալիցիայի ներսից, թե դրսից:
«Արդյունավետ տարբերակը, ծախսումները և ծրագրի արդյունավետ իրականացումը կարող է տեղի ունենալ միայն ընդդիմախոսի և դիմախոսի երկխոսությամբ և փոխադարձ վերահսկողության ներքո»,-հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով Ռուբեն Թորոսյանի` Դաշնակցության համամասնական ցանկի առաջին համարի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով հայցին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ինքը հակված չէր լինի սա բնութագրել քաղաքական ակցիա` ուղղված Դաշնակցության դեմ, եթե նաև տարբեր ահազանգեր չգար, որ բնակարաններ են այցելում մարդիկ և հարցնում, թե ում են ընտրելու, և եթե ստանում են պատասխան` Արծվիկ Մինասյանին, հնչում է արձագանք`այդպիսի բան մի արեք, Արծվիկ Մինասյանը հանել է իր թեկնածությունը և դուք պետք է ձեր ձայնը տաք Լևոն Տեր-Պետրոսյանին:
Արծվիկ Մինասյանը կոչ արեց զերծ մնալ նման տեխնոլոգիաների կիրառումից, հատկապես, երբ խոսքը գնում է երկու ընդդիմադիր ուժերի մասին:
Նա նաև ասաց, որ Դաշնակցությունը ստացել է ահազանգեր «100 տոկոսանոց» ցուցակների, նաև փողերի բաժանման մասին, սակայն կոնկրետ անուն-ազգանուններ չկան: «Խոսակցական մակարդակով ներկայացվում է 5-15 հազար դրամի ընտրկաշառք: Ես չեմ ուզում հնչեցնել անուններ, համանայնդեպս, դրանք ընդդիմության ներկայացուցիչներ չեն», ասաց Ա.Մինասյանը: Հանձնաժողովի անդամների կաշառքի «ստավկաների» մասին Արծվիկ Մինասյանը նույնպես տեղյակ չէր, սակայն կատակով խորհուրդ տվեց առնվազն մեկ բնակարան վերցնել, գոնե իրենց սոցիալական, ընտանեկան պայմանները բարելավելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել