
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննությունը: Այսօրվա նիստում շարունակվում է գործում առկա փաստաթղթային ապացույցների հետազոտումը: Մասնավորապես ուսումնասիրվում են անցյալ տարվա մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած իրադարձություններն արտացոլող տեսաձայնագրային տարբեր երիզներ:
Դրանցից մեկում ֆիքսված էր, թե ինչպես էին ցուցարարները հանգիստ կանգնած մասնակցում խաղա ցույցին: Երկրորդում պատկերված էր հրապարակ մտցրված ռազմական տեխնիկան: Երրորդում հանրահավաքը վարողների կողմից հնչում էին հանգստություն պահպանելու հորդորներ: Մյուսում հարթակում կանգնածները ցուցարարներին խորհուրդ էին տալիս «ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար» ձեռքի տալ «ինչ-որ բան» ունենալ, եւ այլն:
Մինչ այդ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդեց երեկվա նիստում հրապարակված դեպքի վայրի տեղազննության վերաբերյալ որոշ փաստաթղթեր հանել ապացույցների շարքից: Քանի որ, ըստ փաստաբանի, դրանցում առկա են գործին չվերաբերող եւ անճշտություն պարունակող տվյալներ:
«Օրինակ` Ավագ Գասպարյան - Աշոտ Առաքելյան, Հայկ Ավետիսյան - Լեւոն Գրիգորյան, Հակոբ Բելիչկով - Ալինա Խոլյունց ընթերականները մեկ անգամից ավել մասնակցել են տեղազննություններին, ինչն օրենքով արգելված է: Ավելին` երկրորդ եւ երրորդ զույգը, ըստ քրեական գործի նյութերի, նույն ժամին տարբեր վայրերում մասնակցել են տեղազննության, ինչն ուղղակի անհնարին է»,- ասաց փաստաբան Լ. Սիմոնյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդության քննությունը հետաձգեց` մինչեւ ապացույցների հետազոտման ավարտը: Դատավարությունն ընդմիջվել է 10 րոպեով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել