Ովքեր են կազմակերպել զանգվածային անկարգությունները. վկաներ, որոնք ոչնիչ չգիտեն
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը:
Այսօրվա նիստին վկաներից ներկայացել էր միայն Էմմա Բեգլարյանը: Վերջինս պատմեց, որ ինքը պատահաբար անցնելիս է եղել Մյասնիկյանի արձանին հարող տարածքով, քանի որ ուզում էր գնալ Սուրբ Սարգիս եկեղեցի մոմ վառելու:
Ըստ վկայի` ինքը խնդրել է ոստիկաններին թույլ տալ անցնել, որպեսզի հասնի եկեղեցի: Սակայն տեսել է, որ մարդիկ են հավաքված եւ հետաքրքրությունից դրդված ինքն էլ 1-1.5 ժամ մնացել է տարածքում: Էմմա Բեգլարյանը պատմեց, որ արտակարգ ոչինչ չի տեսել, ընդամենը տեսել է Նիկոլ Փաշինյանին, որը ժողովրդին կոչ է արել «պայքարել, պայքարել մինչեւ վերջ եւ չվախենալ», բայց որեւէ անկարգության ականատես չի եղել. չի տեսել, որ ժողովուրդը քարեր նետի ոստիկանների ուղղությամբ կամ էլ, որ ոստիկանները բռնություն գործադրեն ժողովրդի նկատմամբ:
Մեղադրող կողմի հարցին, թե ինչ էին ասում, ինչի համար էր պետք պայքարել, եւ ինչի համար քարեր վերցնել, վկան պատսխանեց, որ ասում էին` պաշտպանվելու համար, այլ ոչ թե հարձակվելու:
Էմմա Բեգլարյանը նշեց, որ Ալ. Արզումանյանին ինքը չի ճանաչում, Սիրուն Սիրունյանին էլ ճանաչում է, քանի որ Մյասնիկյանի արձանի մոտ, տեսնելով, թե ինչպես է վերջինս խոսում մարդկանց հետ, ցուցումներ տալիս, կողքի կանգնածին հարցրել է, թե ով եւ ստացել պատասխան. «Վանոյի ճուտն է»: Այս արտահայտությամբ էլ Սուրեն Սիրունյանը տպավորվել է:
Վկան նկարագրեց Ս.Սիրունյանի հագուստը եւ այն գլխարկը, որը այդ օրը կրում էր վերջինս: Սակայն վկան չի լսել, թե ինչ ցուցումներ է տվել եւ ինչի մասին է խոսել Սիրունյանը մարդկանց հետ:
Բեգլարյանը նշեց նաեւ, որ իր ցուցմունքը ոչ թե ինքն է գրել, այլ հարցաքննության ժամանակ ինքը պատմել է, իսկ համակարգչի մոտ նստած անձնավորությունը` գրել: Վկան, սակայն, անձամբ կարդացել եւ ստորագրել է իր ցուցմունքի տակ:
Սուրեն Սիրունյանի հարցին, թե ինչ պայմաններում է Բեգլարյանը իրեն տեսել, վկան պատասխանեց, որ մերթ հարթակին, մերթ հարթակից իջնելուց եւ ցուցումներ տալու ժամանակ: Սիրունյանի մյուս հարցին էլ, թե երբեւէ մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ կազմակերպված ցույցերին, վկան պատասխանեց, որ մասնակցել է, իսկ թե ինչու, պատասխանեց, որ իր հարեւանները ասել են, թե թաղման են գնում եւ առաջարկել են իրեն էլ մասնակցել: Ինքն էլ գնացել է, սակայն պարզվել է, որ ոչ թե թաղում է, այլ ցույց ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի:
Մնացական Մարտիրոսյանը 40 րոպե ընդմիջում հայտարարեց չներկայացած վկաների ներկայությունը ապահովելու կամ էլ չներկայանլու պատճառները պարզելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել