
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը:
Այսօրվա նիստում դատարանը հարցաքննեց վկաներ Յուրա Պողոսյանին եւ Սուսաննա Գալստյանին: Առաջին վկային ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին նրա եւ Ալեքսանդր Արզումանյանի միջեւ տեղի ունեցած եւ ԱԱԾ-ի կողմից գաղտնալսված հեռախոսազրույցին: Այդ խոսակցությունն ընթացել է հանրահավաքների ժամանակ Թատերական հրապարակում գազի վառարաններ տեղադրելու շուրջ:
Վկան հայտնեց, որ Ազատության հրապարակում գազի վառարաններ տեղադրելու նախաձեռնության հեղինակն ինքն է եղել, որպեսզի «ասֆալտը կրակի հետքերով չվնասավեր, իսկ նստացույցի մասնակիցները գիշերները տաքանային ցիվիլ ձեւով»:
Յ. Պողոսյանը նշեց, որ վառարանները պատկանել են իր ֆիրմային, եւ դրանք Օպերայի հրապարակից հետ են տարվել այն պատճառով, որ գործարկումը չի հաջողվել. «իտալական ապարատը հայկական գազ չընդունեց»:
Ինչպես նախորդ նիստում հարցաքննված երկու վկաները, Յուրա Պողոսյանը եւս վստահեցրեց, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Ալեքսանդր Արզումանյանին կամ Սուրեն Սիրունյանին չի տեսել, նույնիսկ չի էլ լսլ, որ նրանք կազմկերպել են որեւէ տեսակի անկարգություններ:
Բայց այսօր հարցաքննված երկրորդ վկան` Սուսաննա Գալստյանը, նշեց, թե «մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Ալեքսանդր Արզումանյանն անկարգություններ հրահրելու մասին ակնհայտ ցուցումներ էր տալիս Նիկոլ Փաշինյանին»:
Արզումանյանի հարցին` «Ձեր ականջով լսե՞լ եք նման ցուցումներ», վկան պատասխանեց. «Չէ, չեմ լսել. ես հեռու էի կանգնած, բայց տեսել եմ: Ենթադրում եմ, որ դա պետք է ասած լինեք»:
Վկա Ս. Գալստյանը դատարանին հայտնեց նաեւ, որ նախաքննական մարմինն իրեն «հարցաքննության է տարել 2008 թ. մարտի 3-ին»: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց. «Բայց նախաքննական մարմինը Ձեր հարցաքննությունը թվագրել է ապրիլի 29-ով: Հիմա ե՞րբ եք հարցաքննվել»:
«Գիտեմ, որ մարտի 1-ից հետո էր, թե կոնկրետ երբ` մարտի՞ն, թե՞ ապրիլին, չեմ հիշում»,- ասաց վկա Սուսաննա Գալստյանը:
Դատաական նիստն այս պահին շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել