Վկան մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է Լ.Տեր-Պետրոսյանին
Ալ. Արզումանյանի և Ս.Սիրունյանի գործով դատաքննության ընդմիջումից հետո հարցաքննվեց երրորդ վկան` Սամվել Գասպարյանը: Նա ներկայացավ որպես «բժշկականի մոտ կրպակում աշխատող», որը մարտի մեկին, տեսնելով ժողովրդի հոսքը, ինքը ևս հետևել է մարդկանց, տեսնելու` թե «ինչ է լինելու սրա վերջը»: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե ինչու էր իր աշխատանքը թողել ու գնացել մասնակցելու ցույցին և արդյոք ինքը համախոհ էր այդ շարժմանը, վկան պատասխանեց` «որ տենում ես իշխանությունը սենց ա անում, ես էլ հետը մասնակցում էի»:
Վկայի կցկտուր պատմածով` ինքն ուզեցել է ժողովրդի հետ լինել, այդ պատճառով ժամը 19:00-ի սահմաններում իջել է Ազատության հրապարակ, հետո` ժողովրդի հետ Մյասնիկյանի արձանի մոտ:
«Տեսել եմ, լսել եմ, Նիկոլը, բան գոռում էին, պիտի էս ղարաբաղցիքին լարենք, ժողովուրդ, գնանք, հեղաշրջում անենք, էս իշխանությունը տապալենք»,-պատմում էր Սամվել Գասպարյանը:
Սամվել Գասպարյանը հաստատեց, որ ինքը Մյասնիկյանի արձանի մոտ անձամբ տեսել և լսել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Իսկ Ալ. Արզումանյանին տեսել է երեկոյան 9-ի 10-ի կողմերը: Պաշտպանի հարցին, թե երբ է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանին, վկան պատասխանեց. «Իրար հետ էին, ես ինչ իմանայի` որ ժամն էր, ես ի՞նչ իմանայի»:
Լևոն ՏերՊետրոսյանը, ըստ վկայի, մնացել է Մյասնիկյանի արձանի մերձակայքում մոտ 30 րոպեի սահմաններում:
Պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին, թե երբ և ինչպես է տեսել իր պաշտպանյալ Ալեքսանդր Արզումանյանին, վկան պատասխանեց. «Տեսել եմ, բեմի վրա, Լևոնի հետ էր»:
Լիպարիտ Սիմոնյանի մյուս հարցին, թե ինչպես կբացատրի այն հանգամնքը որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել, Սամվել Գասպարյանը անակնկալի եկավ. «Դե չգիտեմ, տեսել եմ, Արզումանյանին եմ տեսել, Նիկոլի, բանի հետ էր: Տեսել եմ, որ խոսում էին, հեղաշրջում անենք, մեր կյանքը կերան, հերիք էլավ, բոլ էլավ»:
Հովիկ Արսենյանի ևս մեկ անգամ հնչող հստակեցնող հարցերին, թե ինչպես, երբ, որտեղ և ինչ պայմաններում է տեսել Արզումանյանին` շփոթեցրեց վկային. «Ուզում է շշկռցնի»,-ասաց Սամվել Գասպարյանը:
Պաշտպանների հաջորդ հարցին, թե ինչ էր անում կամ ասում Ալ. Արզումանյանը, վկան պատասխանեց` «ասում էր հերիք էլավ, բոլ ելավ»: Հովիկ Արսենյանը հարցրեց նաև այլ դեպքերի ժամանակ Սամվել Գասպարյանի ներկայության փաստերի մասին, որը մեղադրող կողմից կասկածելի թվաց, իսկ Հովիկ Արսենյանը բացատրեց իր այդ հարցերը տալու իմաստը` վկայի «գործակալ աշխատելու» հանգամանքով: Վկան «շշկռվեց»` «գործակալ... բա չաշխատե՞ի»:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք Սամվել Գասպարյանն ունի առողջական խնդիրներ կամ որևէ հիվանդություն, վկան սկզբից ասաց` այո, սակայն հետևած մյուս հարցին, թե ինչ հիվանդությամբ է տառապում, հերքեց նաև այդ պատասխանը` «չէ, չունեմ հիվանդություն»:
Վկայություն տվող Սամվել Գասպարյանը միևնույն ժամանակ հաստատեց, որ Սուրեն Սիրունյանին չի տեսել ընդհանրապես:
Սուրեն Սիրունյանը վկային հարցրեց, թե արդոք որևէ կուսակցության պատկանում է, որի հետևած բացասական պատասխանից հետո, Սուրեն Սիրունյանը նկատեց, որ ներքին գործերի նախարարությունում իր աշխատած տարիներին անձամբ Սամվել Գասպարյանի մոտ տեսել է նրա Հանրապետական կուսակցության գրքույկը:
Ալ. Արզումանյանը հետաքրքրվեց, թե իր ցուցմունքում բազմաթիվ անգամ նշած` «հորդորել» բառը`, որ «իրենք իբր հորդորում էին ժողովրդին կատարել ինչ-որ քայլեր», ինչ է նշանակում, և արդյոք Սամվել Գասպարյանին այս ցուցմունքերը չեն թելադրել որոշ անձիք, Սամվել Գասպարյանն ասաց, որ ինքը դա հասկանում է որպես` «ոգևորել» և իր ձեռքով էլ գրել է նախաքննության ժամանակ տված ցուցմունքը:
Սամվել Գասպարյանի հարցաքննումը մեծ խանդավառություն էր առաջացնում դահլիճում նստած ամբաստանյալների հարազատների և ներկաների մոտ, իսկ վկայի այն պնդումը, որ ինքը հաստատապես տեսել է Լևոն Տեր-Պետրոսյանին Մյասնիկյանի անվան հրապարակում` արժանանում էր ծափերի:
Մյուս վկաները չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել