
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Յոթի գործից» անջատված մի մասի` Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:
Այսօրվա նիստում դատարանը հարցաքննել է վկաներ Զավեն Վարդանյանին եւ Տիգրան Հակոբյանին: Վերջիններս հայտնել են, որ Ա. Արզումանյանը եւ Ս. Սիրունյանը որեւէ անկարգություն չեն կազմակերպել, իրենք նման բան չեն տեսել, իսկ «եթե ինչ-որ բան եղել է, այսօր մեղադրվողները դրա հետ կապ չունեն»:
Այնուհետեւ մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակեց վկա Տիգրան Հակոբյանի նախաքննական ցուցմունքը: Ութ էջից բաղկացած այդ ցուցմունքում Ա. Արզումանյանի եւ Ս. Սիրունյանի մասին որեւէ հիշատակում չկար:
«Ի՞նչ կապ ունի այս ցուցմունքը մեր գործի հետ, երբ դրանում նույնիսկ մեր անուն-ազգանունները չկան»,- տարակուսեց Ա. Արզումանյանը: «Գուցե այստեղ այլ գործ է քննվում, եւ մենք տեղյակ չենք»,- նկատեց Ս. Սիրունյանը:
Վկաների հարցաքննությունից հետո դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել