Անդամակցությունը ՀԱՊԿ-ին որոշարկում է Հայաստանի զինուժի մարտունակությունը
Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ
Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական եւ ռազմավարական գործընկերությունների, դրանք ուղղորդող պայմանագրերի մասին են ներկայացվող հարցազրույցները:
Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Հարցազրույց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սերգեյ Սարգսյանի հետ
Հայաստանն ունի՞ սեփական ռազմական դոկտրին։ Ո՞րն է նրա նշանակությունը։
Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատվել է 2007 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այն պաշտոնական հայեցակարգային տեսակետների ամբողջություն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմավարական, ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական հիմքերը: Դոկտրինը որոշում է պաշտպանական ռազմավարությունը եւ կոորդինացնում պետական մարմինների գործունեությունը պետության ռազմական անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ ՀՀ զինուժերի բարեփոխման եւ արդիականացման ուղղությունները: Փաստաթուղթը նաեւ զարգացնում եւ որոշակիացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության այն դրույթները, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Դոկտրինն ունի պաշտպանական բնույթ։ Այն ուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետեւողական պաշտպանությանը, ռազմական անվտանգության ապահովմանը Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների եւ փոխհամատեղելիության ընդլայնման միջոցով, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։
Համաձայն նրա դրույթների` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն է եւ ապահովում է ԼՂՀ ժողովրդի եւ նրա ընտրած զարգացման ճանապարհի անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը բաց եւ բոլորին մատչելի փաստաթուղթ է եւ մասնավորապես տեղադրված է ՀՀ պաշտպանության նախարարության կայքում (www.mil.am)։
Ո՞վ է Հայաստանի ռազմական-ռազմավարական գործընկերը, եւ որքանո՞վ կարող է մեր երկիրը հույս դնել իր գործընկերոջ աջակցության վրա։
«Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագրի եւ «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի ստորագրումից հետո, երկու երկրների միջեւ հաստատվեց ռազմավարական գործընկերություն։ Նշված պայմանագրերը եւ երկու երկրների սերտ համագործակցությունը պաշտպանության ոլորտում, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, ընկած են Հայաստանի անվտանգության համակարգի հիմքում։
ՀՀ Ռազմական դոկտրինի Y գլխում (II բաժին) ««Միջազգային ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն» հստակ նկարագրված են միջազգային ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության գերակա ուղղությունները, այդ թվում` ռազմավարական համագործակցությունը ՌԴ հետ. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ստեղծում է մշտապես գործող համատեղ ուժեր, ինչպիսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն է»։
Ռազմավարական դաշնակցային հարաբերությունների համատեքստում էլ պետք դիտել նաեւ այն փոփոխությունները, որ անցյալ տարի մտցվեցին դեռեւս 1995 թվականին ստորագրված ռուս-հայկական պայմանագրում Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին։ Դրանք վերաբերում են ոչ միայն եւ ոչ այնքան պայմանագրի գործողության երկարաձգմանը մինչեւ 2044 թվականը, որքան ռուսական ռազմաբազայի առջեւ դրված խնդիրների ընդլայնմանը. «Ռուսական ռազմաբազան, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթի իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ միասին ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։
Միեւնույն ժամանակ, առանձին տարածաշրջանային եւ ռազմաքաղաքական հարցերում, ինչպես Ղարաբաղյան հակամարտության լուծումը եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների նորմալացումը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացի միջոցով, Հայաստանի շահերը համընկնում են բազմաթիվ ուրիշ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային պետությունների եւ դերակատարների, մասնավորապես` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի եւ ուրիշների ռազմավարական շահերի հետ։ Ուստի` պետք է ակնկալել, որ նրանք եւս այդ հարցերում ռազմավարական գործընկերներ են, որոնք պատրաստ են գործադրել առավելագույն ջանքեր ընդհանուր ռազմավարական նպատակներին հասնելու համար։
Որքանո՞վ է ռազմական բլոկներին Հայաստանի մասնակցել-չմասնակցելը ազդում ռազմական ոլորտում երկրի քաղաքականության վրա։
Ցանկացած երկրի մասնակցությունը ռազմաքաղաքական բլոկներին թույլ է տալիս հասնել սեփական նպատակներին ներքին, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային քաղաքականության տիրույթում, ավելի արդյունավետորեն ապահովել ազգային անվտանգությունը։ Դրա հետ միասին, այն մասնակից երկրի վրա դնում է որոշակի պարտավորություններ։ Հնարավորությունների եւ պարտավորությունների հարաբերակցությունն էլ որոշում է պետության մասնակցությունը եւ մասնակցության աստիճանը այս կամ այն ռազմաքաղաքական բլոկին։
Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, եւ ըստ այդմ` նրա ռազմական քաղաքականությունը իրականացվում է ինչպես ՀԱՊԿ-ի` որպես միջազգային կազմակերպության առջեւ կանգնած նպատակների եւ խնդրների, այնպես էլ նրա մեջ մտնող բոլոր պետությունների շահերի հետ հաշվի նստելով։ Բայց ըստ ՀԱՊԿ-ի հայտարարված նպատակների ու խնդիրների, ինչպես կարդում ենք Պայմանագրի Հոդված 1-ում, մասնակից պետությունները հաստատում են իրենց պարտավորությունը` միջպետական հարաբերություններում զերծ մնալ ուժի կիրառությունից կամ ուժի սպառնալիքից։ Նրանք նաեւ պարտավորվում են իրար միջեւ եւ ուրիշ պետությունների հետ տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Սրանք լիովին համընկնում են Հայաստանի Հանրապետության Ռազմական դոկտրինի դրույթների հետ, եւ նրա մասնակցությունն այդ ռազմաքաղաքական բլոկին ոչ մի բացասական ազդեցություն չի թողնում Երեւանի կողմից սեփական ռազմական քաղաքականույթան իրականացման վրա։
Ավելին, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ՀՀ պաշտպանունակությունը, մեր զինված ուժերի մարտական պատրաստությունը եւ մարտունակությունը որոշող հիմնական գործոններից մեկն է։ Առայժմ` առավելապես ռազմատեխնիկական, զենքի եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման եւ յուրացման հարցերով։ Բայց այն խոստանում է նաեւ լավ հեռանկար ինչպես այս կազմակերպության մեջ, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում Հայաստանի ռազմաքաղաքական կշռի մեծացման իմաստով։
Պայմանագրի նույն Հոդված 1-ում ընդգծվում է, որ մասնակից պետությունները չեն մտնի ռազմական դաշինքների մեջ, չեն մասնակցի պետությունների ինչ-որ խմբավորումների, ինչպես նաեւ ուրիշ մասնակից պետության դեմ ուղղված գործողությունների։ Սրանով որոշվում է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի հետ կազմակերպության հարաբերությունների մակարդակը։
Ներկա պահին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ընթանում է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ Գործընկերության շրջանակում ակտիվ մասնակցությունը կարեւոր է ոչ միայն ՆԱՏՕ-ի` եվրոպական անվտանգությունն ապահովող գլխավոր կազմակերպության հետ հարաբերությունները անհրաժեշտ մակարդակի վրա պահելու, այլեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության տեսանկյունից։
Այս պահին ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ծավալի եւ մակարդակի առումով չկան չլուծված հակասություններ։ Հետագայում նման իրադրության առաջացման դեպքում կոնկրետ որոշման ընտրությունը կբխի Հայաստանի ռազմական, քաղաքական եւ տնտեսական անվտանգության ապահովման անվերապահ անհրաժեշտությունից։
Ի՞նչ միջազգային կազմակերպություններ եւ ըստ ի՞նչ համաձայնագրերի են իրականացնում վերահսկողություն Հայաստանի սպառազինության եւ ռազմական գործունեության նկատմամբ։ Ի՞նչ նպատակով է դա կատարվում։
1991 թվականին անկախություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետությունը սպառազինության եւ ռազմական գործունեության նկատմամբ վերահսկողության ոլորտում դարձել է մի ամբողջ շարք պայմանագրերի անդամ, այդ թվում.
• Պայմանագիր միջուկային զենքի չտարածման մասին, որը հավանության է արժանացել ՄԱԿ ԳԱ-ի կողմից 1968-ի հունիսի 12-ին։ Հայաստանի` որպես ոչ միջուկային երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ստուգումն իրականացնում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը։
• Պայմանագիր միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին (24 հունիսի, 1996թ.)։ Պայմանագիրը ստորագրած պետությունների պարտավորությունների կատարման ստուգումը իրականացվում է մշտապես գործող Մոնիտորինգի միջազգային համակարգի (սեյսմոլոգիական, ռադիոնուկլիդային, հիդրոակուստիկական, ինֆրաձայնային մոնիտորինգ) եւ Տեսչական խմբի կողմից։
• Պայմանագիր Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (19 սեպտեմբերի, 1990թ.)։ Պայմանագրի ադապտացման մասին Համաձայնագիրը մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովում։ Պարտավորությունների կատարման ստուգումը իրականացվում է հինգ տարբեր տեսչությունների կողմից։ Մասնավորապես` 2010 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության Տեսչական խումբը այցելեց Թուրքիա` ստուգելու համար Բայազետ քաղաքում տեղակայված զինվորական ստորաբաժանման ռազմական տեխնիկայի եւ զենքի` պայմանագրով նախատեսված քանակական սահմանափակումները։
• Վստահության եւ կայունության ամրապնդման բանակցությունների Վիենայի փաստաթուղթը (16 նոյեմբերի, 1999թ.)։ Ստուգման ձեւերը ներառում են ամենալայն պրոֆիլի տեղեկատվության փոխանակում, փոխայցելություններ ավիաբազաներ, ռազմական շփումների եւ համագործակցության ծրագրեր, նախնական իրազեկում ռազմական գործունեության որոշակի տեսակների մասին եւ դրանց դիտում, մյուս բոլոր մասնակից պետությունների համար զենքի եւ տեխնիկայի հիմնական համակարգերի նոր տիպերի ցուցադրություն եւ այլն։ Օրինակ` Վիենայի փաստաթղթի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը 2010 թվականին այցելեց Թուրքիայի ԶՈՒ-ի մի շարք զինվորական մասեր Սարիղամիշի, Ղարսի, Արդահանի եւ Իգդիրի շրջանում։
• Կոնվենցիա մանրէաբանական (կենսաբանական) եւ տոկսինային (թունավոր) զենքի մշակման, արտադրման եւ պաշարների կուտակման արգելման եւ ոչնչացման մասին (10 ապրիլի 1972թ.)։ Միկրոկենսաբանական կամ այլ կենսաբանական ագենտների եւ տոկսինների մշակման, արտադրության, ձեռքբերման, կուտակման կամ որեւէ մեկին փոխանցման, ինչպես նաեւ թշնամական նպատակներով դրանց կիրառության նկատմամբ արգելքը վերահսկվում է այցելությունների ու տեսչությունների եւ հատուկ հետաքննությունների ընթացքում։
• Կոնվենցիա քիմիական զենքի մշակման, արտադրման, կուտակման եւ կիրառության, ինչպես նաեւ ոչնչացման մասին (13 հունվարի 1993թ.)։ Կոնվենցիայի դրույթների կատարման ստուգումն իրականացվում է տեղերում գործող, միջազգային կազմ ունեցող փորձագիտական խմբերի տեսչությունների միջոցով։
Այս ամենն արվում է փոխադարձ վստահության մեծացման համար, ռազմական հակամարտություններից խուսափելու, միջուկային եւ սովորական պատերազմի սպառնալիքի նվազեցման, ինչպես նաեւ՝ միջուկային նյութերի, քիմիական եւ մանրէաբանական զենքերի կամ դրանց տարրերի` ահաբեկիչների ձեռքն ընկնելը կանխելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել