
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը` ԱԺ օրակարգում
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայարեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Նա հիշեցրեց, որ նախկինում նման հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը չընդունվեց մեծամասնության կողմից, ապա ասաց, որ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդից և փաստահավաք գործառույթ մեծ հաշվով չի իրականացնելու: «Այս հանձնաժողովի նպատակն է գնահատական տալ հետաքննության մարմիններին, նախաքննության մարմիններին, դատախազության կատարած գործողություններին և կայացրած որոշումներին այդ քրեական գործի շրջանակներում: Հիմո դուք ինչպե՞ս եք պատկերացնում` մենք ինչպե՞ս պետք է գնահատական տանք այդ գործողություններին կամ որոշումներին՝ առանց ծանոթանալու այդ որոշումներին»,- ասաց նա:
Ըստ նրա` անկախ կուսակցական պատկանելիությունից պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի մարտի 1-ի գործը տեղից շարժվի, ապա նշեց, որ ինքը չի ասում, թե այդ հանձնաժողովի ստեղծմամբ բոլոր գործերն են բացահայտվելու, բայց դրանցից գոնե մի քանիսը կբացահայտվեն:
Երբ նա ավարտել էր ելույթը, ԱԺ նախագահն արձագանքեց` ասելով, որ ուզում է 2 ճշգրտում անել: «Ես իմ ելույթում ասել եմ, որ հնարավորություն կստեղծվի «Նաիրիտի» հետ կապված խնդիրները քննարկելու: Երկրորդը` մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված դուք իրավաբաններով ընդհանուր հայտարարի չէիք եկել, քաղաքական որոշում մեր կոալիցիայի կողմից եղել էր, պարոն Հարությունյանի հետ քննարկեք»:
Գ. Ջհանգիրյանն էլ պատասխանեց, որ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում Դավիթ Հարությունյանի կողմից որևէ այդպիսի առաջարկ ու առարկություն չի հնչել, և եթե խմբագրական բովանդակային բնույթի հարցեր եղել են, իրենք համաձայնել են, իսկ տարաձայնություններն ի հայտ էին եկել լիագումար նիստին: «Կորյուն Նահապետյանն ո՞ւր է… Մեկը Կորյունը, որ ասում էր, դատախազներին ո՞նց կարող ենք կանչել, հիմա պարզվում է, որ կարող ենք»,- ավելացրեց նա:
Մեկնաբանել