HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

106-րդ բանաձեւի սպառնալիքների հետքերով

Սկիզբը

Երբ առավոտյան արթնացա, Օսմանի ընտանիքն ամբողջ կազմով պատրաստ էր դիմավորել հարեւան երկրից ժամանած հյուրին: Նա ապրում էր մոր, հոր, քրոջ ու վերջինիս երկամյա որդու հետ: Հյուրասենյակում արդեն բացված էր սեղանը, բոլորն անհամբեր սպասում էին նախաճաշին:

Հիմա արդեն մեկ օր առաջ չափազանց թվացող հյուրասիրության դրսեւորումները սովորական էին դառնում, ու ինքնաբերաբար իմ մեջ կասկածներ էին առաջանում բոլորովին այլ հարցերի շուրջ. օրինակ` սրտաբացությունը, հյուրին «գլխի վրա» ընդունելը բնորոշ է նաեւ թուրքերի՞ն, գուցե մեզ հետ երկար շփվելուց հետո՞ են էդպիսին դարձել, թե՞, ամեն դեպքում, իր գործն է անում մտադրված կեղծավորությունը, որ, իբր, տեսեք, թե ինչպես ենք ընդունում մեր «թշնամուն»: Ավելի ուշ Օսմանի հետ ունեցած զրույցներից պարզեցի, որ ծնողներն ամենեւին դեմ չեն եղել մեկ գիշեր հյուրընկալել այլազգի մի երիտասարդի, որեւէ կերպ չեն արձագանքել նաեւ այն հանգամանքին, որ այլազգին հայ է, «հյուրը հյուր է` անկախ ազգային պատկանելությունից»: 

Թուրքական նախաճաշից հետո իսկապես հագեցած էի, բայցեւ մի տեսակ ճնշված էի զգում, քանի որ սեղանին տեսել ու նաեւ համտեսել էի ինձ հարազատ մի շարք ուտեստներ, որոնք առաջին անգամ ստիպված էի ընկալել որպես թուրքական: Օսմանի մայրը պատրաստել էր մեզանում շատ ընդունված, այսպես կոչված «սուտի տոլմա» ու բացատրում էր, որ ճաշի համար սովորաբար դա պատրաստում են ոչ թե բրնձով կամ այլ հատիկներով, այլ մսով: Հետո ինձ դոշաբ հյուրասիրեց` նույնպես նկարագրելով պատրաստման եղանակը, մի քանի տեսակի մուրաբաներ, մեղրամոմ եւ այլն: Քանի որ մահմեդական այդ կինը, ինչպես եւ ընտանիքի մյուս անդամները, անգլերեն չէր խոսում, շփվում էինք Օսմանի թարգմանությունների օգնությամբ: Վերջինս պատմեց, որ իր մայրը ծագումով Արեւելյան Թուրքիայի գյուղերից մեկից է, ինձ հյուրասիրեցին այսօր էլ այդ գյուղում ապրող իրենց տատիկի թխած հացը, որը մեր իմացած սովորական լավաշն էր, բայց այս անգամ այն ուտում էի որպես հատուկ թուրքական հաց: Օսմանը պատմում էր, որ լավաշ ամեն խանութում չես գտնի, հիմնականում այն օգտագործում են ռեստորաններում կամ սննդի այլ հաստատություններում:

Օսմանի զարմիկը մի հիանալի երեխա էր. քանի որ անգամ մայրենի թուրքերենին դեռ թոթովանքով էր տիրապետում, շփվում էինք միջազգային ամենաընդունելի լեզուներով` ժպիտով ու ժեստերով: Երեխային տեսնելուց առաջ, երբ դեռ նոր էի պարզել, որ Օսմանը փոքրիկ զարմիկ ունի, մտածում էի, որ ամեն դեպքում դժվար թե ջերմ ընդունեմ նրան, քանի որ Ստամբուլ ժամանել եմ բացասական նախապաշարմունքներով: Բայց փոքրիկն իսկապես այնքան գրավեց ինձ, որ մոռացա ոչ միայն նրա ազգությունը, այլ անգամ ափսոսում էի, որ որեւէ հայկական հուշանվեր չեմ բերել նրա համար, հույս էի փայփայում, որ մի օր գուցե իմ տղան ծանոթանա եւ ընկերանա նրա հետ: Փաստորեն, նախապաշարմունքներս իսպառ վերացել էին, գոնե թուրքական այդ ընտանիքի շրջանակներում:

Բաժանվելիս Օսմանի մայրը պահարանի վրայից վերցրեց մի հուշանվեր, որ ափսե էր` իր հայրենի գյուղի մզկիթներից մեկի պատկերով: Ափսեն այսօր կախված է իմ սենյակի պատին:

Օսմանի հետ պայմանավորվեցինք հանդիպել ավելի ուշ` սեմինարի մասնակիցների ընդհանուր հավաքատեղիում, իսկ ես շտապեցի քաղաքի կենտրոն` գոնե մի քանի ժամում տեսնելու երբեմնի Կոստանդնուպոլսի մերօրյա հմայքը:

15 միլիոնանոց Ստամբուլը զբոսաշրջիկին ցուցադրելու շատ բան ունի, քաղաք, որ իր մեջ ամփոփում է մարդկության պատմության երեք աչքի ընկնող կայսրությունների պատմությունը` հռոմեական, բյուզանդական եւ օսմանյան: Բոլոր այս մշակույթների հետքերն այսօր կարելի է տեսնել Ստամբուլում` երկրում իշխող մահմեդականության գերակայությամբ: Միաժամանակ երեք կայսրությունների մշակութային ժառանգության կրողն է, օրինակ, Սբ. Սոֆիայի տաճարը, որը, քրիստոնեական եկեղեցուց վերափոխվելով մզկիթի, այսօր զբոսաշրջիկի առջեւ բաց է որպես թանգարան: Ու թերեւս շատ քչերին է հայտնի, որ աշխարհահռչակ այդ տաճարի գմբեթը 10-րդ դարի վերջին վերակառուցվել է Անիի Մայր տաճարի հեղինակ ճարտարապետ Տրդատի կողմից:

Ի դեպ, առավելապես մահմեդականներով բնակեցված այս քաղաքը բավական հակասական տպավորություն թողեց ինձ վրա: Թեեւ օրվա մեջ 5 անգամ ամեն քայլափոխի տեղակայված մզկիթներից հնչող ահեղ ձայնը բոլորին աղոթքի էր կանչում, այդուհանդերձ, ստամբուլաբնակ թուրքերի եւ' արտաքին տեսքը, եւ' ապրելակերպը ոչ մի կերպ չէր համոզում, որ էստեղ ապրողներն իսկապես մոլի մահմեդականներ են: Ավելի ուշ իմ թուրք երիտասարդ ծանոթների հետ այս թեմայով զրուցելուց հետո հասկացա, որ կրթություն ստացած եւ ինչ-որ առումով «էլիտա» համարվող թուրքերի մեծամասնությունը գործնականում մահմեդական չէ, այսինքն` նրանք չեն աղոթում անգամ ուրբաթ օրերին, իրենց մահմեդական համարում են ավելի շուտ սովորույթի ուժով. քանի որ սա մահմեդական երկիր է, եւ իմ ծնողներն էլ ընդունում են այդ կրոնը, ուրեմն ես էլ մահմեդական եմ: Ինձ հանդիպած թուրքերից շատերն անգամ Ռամադանի ընթացքում մզկիթ չեն գնում ու երբեք գլխաշոր չեն կրում:

Ստամբուլի կենտրոնում զբոսաշրջիկների ամբոխի մեջ անգամ փորձում էի ամեն կերպ խուսափել հարցից, թե որտեղից եմ: Պատասխանի դեպքում էլ պատրաստ էի ստել, թե, ասենք, Իսպանիայից կամ որեւէ այլ երկրից եմ, միայն ոչ Հայաստանից. միլիոնավոր թուրքերի շրջապատում ես ինձ անապահով էի զգում: 

Ստամբուլից եւ ընդհանրապես Թուրքիայից ստացած իմ ամենամեծ տպավորությունը համատարած դրոշապատման հետ է կապված: Այն, որ թուրքերն այլ ազգերի համեմատ ավելի շատ են «նվիրված» իրենց դրոշին, ես գիտեի, բայց չէի սպասում, որ պետության դրոշն այդպիսի կուռք կարող է լինել: Քաղաքի բոլոր հատվածներում, ամենատարբեր հաստատությունների ճակատներին շատ մեծ չափերով բազմել էին կարմրի վրա առանձնացող թուրքական մահիկն ու աստղը: Ազգային դրոշը հառնել էր անգամ գեղեցկության սրահների, խանութների եւ ավտոլվացման կետերի վրա, այն ծածկում էր մի շարք սովորական քաղաքացիների պատուհանները: Երբ թուրք ծանոթներիս այս կապակցությամբ հարց ուղղեցի, նրանցից ոմանք բացատրեցին, որ դրոշների թիվն այդչափ մեծացել է գալիք տոնի` Հանրապետության օրվա առթիվ (հոկտեմբերի 29): Եվ միայն մի ավելի ազնիվ թուրք երիտասարդ զրույցներից մեկում բացատրեց, որ դրոշը` որպես ազգային ինքնագիտակցության դրսեւորում, ամեն անգամ օգնության է հասնում թուրք քաղաքացիներին, երբ պետությունն ինչ-որ առումով վտանգի մեջ է հայտնվում: Պարզելով պետության այդ խորհրդանիշը` քաղաքացիներն ուզում են ցույց տալ, որ միահամուռ կանգնած են կառավարության կողքին եւ պատրաստ են պայքարել հանուն իրենց ինքնության: Ասվածում ես համոզվեցի, երբ թուրքական փոքրիկ մի քաղաքում ներկա գտնվեցի Հանրապետության օրվա տոնակատարությանը:

Սեդա Պապոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter