
Գազի սուբսիդավորման հարցը դեռևս քննարկվում է. Արմեն Մովսիսյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչև ռուսական կողմի հետ բանակցությունների ավարտը Հայաստան գազը կառաքվի 180 դոլարով: Լրագրողների այն դիտարկմանը, որ ՊԵԿ-ը 240 դոլար է նշում, նախարար Մովսիսյանը պատասխանեց. «Մենք պայմանավորվածություն ունեինք ռուսական կողմի հետ, որ մինչև բանակցությունների ավարտը գազը Հայաստանում իրացվելու է 180 դոլարին համարժեք: Այդպես էլ շարունակվում է մինչև բանակցությունների վերջնական ավարտը, մինչև այդ ամենը կամփոփվի, գազի գինը մեզ համար կլինի 180 դոլար»:
«Ինչու՞ Հայաստանը այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ չի ստեղծել, որ այժմ ռուսական կողմից կախման մեջ է հայտնվել»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Իսկ տարածաշրջանում այլ տեղից կա՞ նման հնարավորություն»,- հարցին հարցով պատասխանեց նախարար Մովսիսյանը: Լրագրողների դիտարկմանը, թե Իրանը կարող էր այլընտրանք լինել, Արմեն Մովսիսյանն ասաց, որ Իրանի առաջարկած գինն ավելի բարձր է, քան Ռուսաստանի առաջարկածը, հետևաբար դա այլընտրանքային տարբերակ չի դիտարկվում:
Թե ինչո՞ւ է Վրաստանում ռուսական գազն ավելի էժան, ըստ նախարարի, որովհետև Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, որի համար նրանք որպես տրանզիտ բավականին մեծ գումարներ են գանձում և էժան գազ են վաճառում:
Թե որտեղի՞ց է սուբսիդավորվելու գազի գնի բարձրացումը, դեռևս հայտնի չէ: Արմեն Մովսիսյանը նշեց, որ սուբսիդավորման հարցը քննարկվում է. «Բանակցությունները դեռևս շարունակվում են և՛ ռուսական կողմի հետ, և՛ մեր կառավարությունում են համապատասխան քննարկումներ գնում: Այս ամենն ամփոփելուց հետո նոր կասենք, թե ինչ ձևով են այդ խնդիրները լուծվելու»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել