
Տարոն Մարգարյանը առևտրի այլ տարածքներ է առաջարկել Իսահակյանի արձանի հարակից գետնանցումի գրավաճառներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող գետնանցումի գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ «Մալիբու» սրճարանի հարակից գետնանցումներում:
Տարոն Մարգարյանն առաջարկել է քննարկման ներկայացնել նաև հնարավոր այլ տարածքների տարբերակներ:
Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է:
Քաղաքապետարան կտրուկ մերժել է մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը:
Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել քաղաքապետին:
Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել