
Օպերային երգչուհին պատահաբար հայտնվեց տուրիզմի ոլորտում. արդյունքը «Անտրակտն» է
«Անտրակտ» գործակալությունը մարտի 11-ին «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց հայ երաժշտության գրեթե բոլոր ժանրերը՝ դասական, հոգևոր, ժողովրդական, գուսանական, էստրադային, ջազային և այլն:
Ելույթ ունեցան դափնեկիրներից կազմված «Վարդանյան» լարային քառյակը, օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Գարազյանը, ժողովրդական երգիչ Էդգար Խաչատրյանը, «Արեգ» ժողգործիքների համույթը, «Լուսնակ» վոկալ համույթը, «Դուդուկներ» համույթը և այլն:
«Անտրակտը» տուրիստական գործակալությունների միջոցով Հայաստան եկած զբոսաշրջիկների համար մշակում է մշակութային և ինտերակտիվ ծրագիր՝ ներկայացնելով հայ լավագույն դասական, հոգևոր, ժողովրդական և էստրադային երաժշտությունը, ազգային տոները, ծեսերն ու ավանդույթները, ինտերակտիվ խաղերի միջոցով փոխանցում է գիտելիքներ՝ հայ ժողովրդի պատմության այս կամ այն իրադարձության մասին:
Գործակալությունն ունի պրոֆեսիոնալ երաժիշտներից, պարողներից և դերասաններից բաղկացած ամբողջական կազմ, համագործակցում է նաև պատմաբաննների և ազգագարագետների հետ:
Գործակալությունը հիմնել է օպերային երգչուհի, խմբավար, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանը: Նա, պատահաբար հայտնվելով տուրիզմի ոլորտում, նկատել է, որ հայ մշակույթը պատշաճ կերպով ներկայացված չէ, և ուսումնասիրելով հանրապետության գրեթե ողջ երաժշտական դաշտը՝ փորձել է գտնել պրոֆեսիոնալներին:
Համերգի վերջում արտիստները հանդիսատեսի օգնությամբ բեմադրեցին հայ ավանդական հարսանիքը՝ համապատասխան երգ ու պարով, ծիսական արարողակարգով: Այս մասին հայտնում է «Նարեկացի» արվեստի միությունը:
Մեկնաբանել